«Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտնել է, որ OceanGate-ին նախազգուշացրել էին վտանգի մասին
«Տիտանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը, որը բազմիցս բաթիսկաֆով սուզվել է մեծ խորության վրա, BBC-ին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ «Տիտան» սուզանավի անհետացումից անմիջապես հետո մտածել է վատագույն սցենարի մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը:
Քեմերոնը նաև հայտնել է, որ սուզանավը գործարկող OpenGate ընկերությանը նախազգուշացրել էին վտանգների մասին:
Քեմերոնը, որ 33 անգամ սուզվել է դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը, նշում է, որ իրադարձությունների պատկերն իրեն հայտնի է դարձել հենց սկզբից:
«Ես հոգուս խորքում զգում էի, թե ինչ է տեղի ունեցել: Եթե սուզանավի էլեկտրոնիկան խափանվել է, շարքից դուրս է եկել կապի համակարգը և միաժամանակ՝ տեղորոշման հաղորդիչը, ապա սուզանավը կորած է», – ասում է Քեմերոնը:
Սուզանավն իրեն ուղեկցող նավի հետ կապը կորցրել էր հունիսի 18-ին՝ սուզվելուց 1 ժամ 45 րոպե անց:
Քեմերոնի միանգամից մտածել է, որ սուզանավը ճզմվել է ջրի մեծ ճնշման պատճառով:
Ըստ Քեմերոնի՝ «սարսափելի հեգնանք» կա «Տիտան» սուզանավի կործանման մեջ, որն իջել էր «Տիտանիկի» ողբերգությունը տեսնելու։ Մինչ այս ռեժիսորը հեռուստատեսային հարցազրույցներում ասել էր, որ «Տիտանիկի» նավապետին բազմիցս զգուշացրել էին այսբերգների վտանգի մասին, սակայն նա անտեսել էր այդ նախազգուշացումները։
Այժմ, ինչպես պնդում է ռեժիսորը, պատմությունը կրկնվել է, քանի որ OceanGate-ին, որին պատկանում էր «Տիտանը», զգուշացրել էին, որ սուզանավը «գնում է դեպի աղետ»:
«Այժմ մենք ևս մեկ վթար ունենք, ցավոք, նախազգուշացումներն անտեսելու նույն սխալի պատճառով», – ասել է Քեմերոնը:
Հոլիվուդյան ռեժիսորն առաջինը չէ, ով մտահոգություն է հայտնում OceanGate-ի ստորջրյա արշավների անվտանգության առնչությամբ։ Մասնավորապես, New York Times-ի տրամադրության տակ է հայտնվել Ծովային տեխնոլոգիաների միության (MTS) կողմից OceanGate-ին գրված նամակ, որտեղ ասվում է, որ «ընկերության փորձերը կարող են հանգեցնել բացասական հետևանքների»։
Սուզանավում գտնվող 5 անձինք էին բրիտանացի գործարար և հետազոտող 58-ամյա Հեմիշ Հարդինգը, Պակիստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ 48-ամյա Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդի Սուլեյման Դավուդը, սուզանավը գործարկող OpenGate ընկերության տնօրեն, 61-ամյա Ստոքթոն Ռաշը և ֆրանսիացի ծովային փորձագետ, 77-ամյա Փոլ-Անրի Նարժոլեն, որը մինչ այս 35 անգամ սուզվել էր դեպի «Տիտանիկի» խորտակման վայրը: