Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը պատմության մեջ կմնան՝ որպես հաղթող, զարգացնող, անվտանգ Հայաստան ու Արցախ պահող ղեկավարներ. Նիկոլ, դո՞ւ որպես ինչ կմնաս. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

• Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և, ցավոք, ոչ միակը:

Կարդացեք նաև

Բնականաբար,ընդդիմությունը չի լռելու՝ լինելու են ակցիաներ, այս խնդրի վրա հրավիրվելու է միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը։ Խոսելու ենք նաև հասարակության հետ, հուսով ենք, մեր հասարակությունը կհասկանա, որ չի կարող այսպես շարունակվել:
• Քաղաքական ընդդիմությանը հետապնդել՝ նշանակում է լռեցնել այն աղբյուրները, որոնք հակակշռում են պետությունը դեպի կործանում տանող քաղաքականությանը:
• Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանի երեկ ընթերցած տեքստի հեղինակը: Վստահաբար կարող եմ ասել, որ տեքստը պատրաստել էին ԱԳՆ-ն, ՊՆ-ն և ԱԽ-ը: Երեկ կազմակերպած շոուով Փաշինյանն ուներ մեկ նպատակ՝ նա փորձում է մաքրվել մեղքերից, ձախողումներից, իրականացրած տգետ քաղաքականությունից, որոնք որդեգրել էր մինչև պատերազմը, դա քաղաքական այն ծուղակներն էին, որոնց մեջ հայտնվել է կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, դրանք հետագայում կպարզվեն։ Երեկվա իր մեկնաբանությունները վկայում են, որ փորձում է չեզոքացնել, զրոյացնել այն, ինչ տեղի է ունեցել։ Սա չի անցնելու, որովհետև մենք խոսում ենքմեր քրտինքով և արյամբ ձեռք բերված պետականության փլուզման, ձախողումների, հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի մասին, հազարավորների շոկային վիճակների մասին:
• Այն, ինչ տեղի է ունեցել այս 5 տարիների ընթացքում՝ ջնջել հնարավոր չէ, որովհետև պատմության մեջ ոչինչ չի մոռացվում: Քաղաքականության վերլուծություն, մարդկային հիշողություն գոյություն ունի։
• Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում բազմաթիվ հակասություններ, քաղաքական անհեռատեսություններ, թուլամորթության նշաններ ու քաղաքական տգիտություններ կային։
• Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նախօրոք պատրաստված տեքստը կարդալով՝ իրեն ազատեց բոլոր տեսակի պատասխանատվություններից, էդպես չի։ Նիկոլ Փաշինյանն այս 5 տարվա ընթացքում 2 անգամ ընտրվել է, հասարակությունն ակնկալիքներ է ունեցել, իսկ ինքը դրանք ամբողջությամբ ձախողել է։ Սուտ ու կեղծիք է ասել, այնպիսի բաների մասին էր երեկ կարդում, որոնք չեն եղել իրական կյանքում:


• Այս 5 տարիների ընթացքում քաղաքական կառավարումը ձախողվել է ի սկզբանե։
• Սպառազինության միջազգային ուսումնասիրություններն ու հայտնի տվյալները վկայում են, որ Հայաստանի նախկին իշխանությունների խնդիրն է եղել ապահովել ռազմական հավասարակշռություն, և դա երկար ժամանակ Ալիևին հնարավորություն չի տվել պատերազմ սկսելու:
• 2020 թվականի մայիսին ռազմական բալանսը փոխվեց, երբ Ադրբեջանի մոտ հայտնվեցին բայրաքթարներ։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը զբաղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սահմանադրական փոփոխություն անցկացնելու հանրաքվեի քարոզարշավով:
• Բայց նույնիսկ այդ ժամանակ մենք ունեինք ռազմական արդիականացման ծրագիր: Ինչո՞ւ այս իշխանությունները փոխեցին պլանները, կարևորագույն էլեմենտները փոխեցին, ո՞ւմ էին պետք այն ինքնաթիռները, որոնց մասին այսօր արդեն խուսափում են խոսել:
• Այդ քննիչ հանձնաժողովը, որ պետք է գնահատական տա, ոչ կոմպետենտ հանձնաժողով է։ Արտաքին քաղաքականության առումով ոչ մի եզրակացության գալ չի կարող, կառավարման փորձ չունեն, համապատասխան մասնագիտական գիտելիքներ չունեն ռազմական իմաստով էլ, կցկտուր տեսական գիտելիքներ ունեցող մարդիկ. միայն ռազմական հարցեր չեն քննարկվում, նաև արտաքին քաղաքականության մասին գիտելիքներ ունեցողներ են պետք, որովհետև ռազմական դաշտում արտահայտվում են նաև արտաքին քաղաքականության, դիվանագիտության հարցերը:
• Հոկտեմբեր 19-ին ադրբեջանական զորքը հոգնած, շնչահեղձ վիճակում էր, Շուշիից 40-50 կիլոմետր հեռու էր գտնվում, այսինքն՝միայն 18-20 օր հետո է թշնամին՝ Ադրբեջանը, հնարավորություն ունեցել հասնել Շուշի։
• Հոկտեմբերի 19-ին քաղաքական լուրջ գործընթացներ են տեղի ունեցել, մեր դաշնակից պետության ղեկավարն էլ է դա հասկացել:
• Հոկտեմբերի 4-ի դրությամբ իրադրության տերը հայկական զինուժն էր, ես չգիտեմ՝ ով ինչ տգետ որոշումներով էր ռեզերվներն ամբողջությամբ հարվածի տակ դրել: Ինչո՞ւ չեն օգտվել թեկուզ կարճատև հրադադարներից: Սրանք հարցեր են, որոնք պետք է մասնագիտական տիրույթում քննարկվեն:
• Չի կարելի խաբել ժողովրդին, իսկ դու այսօր ժողովրդին խաբում ես։ Այն, թե ինչ է արել նախկին իշխանությունը, պարզ է՝ ապահովել է անվտանգություն, պաշտպանված պետություն: Նախկինների օրոք ժողովուրդը գիտեր, որ անվտանգության ապահովման հարցերում խնդիր չունի:


• Երեկ ասաց, որ պատերազմի ժամանակ եղել է նաև միջանցքի հարց, սա նորություն էր:
• Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ, որ «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում այդ հարցով, որովհետև գիտի, որ ոչ մի հայ չի կարող վերադառնալ ոչ Հադրութ, ոչ Շուշի և անվտանգ զգալ:
Էս մարդիկ չեն հասկանում, որ քաղաքական որոշումն ամենածանր բանն է կառավարման գործընթացում: Կառավարումը սկսվում և շարունակվում է քաղաքական որոշումներով: Նիկոլը եկել և որոշում է կայացրել, որի արդյունքում, այսօր 192-րդ օրն է՝ շրջափակման մեջ է Արցախը: Սա Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշման հետևանքն է, ո՞վ է նրան նման խորհուրդներ տվել՝ Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը: Ի՛ր քաղաքական որոշումների հետևանքներն են:
• Ասում էր, թե 44 օրվա ընթացքում 60 անգամ խոսել է Պուտինի հետ. նման հնարավորությունն ունենալով՝ ինչո՞ւ է ամենավատ լուծումը ստացել:
• Պատերազմի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր հարցազրույցներ տալով, ֆեյսբուքյան ստատուսներ էր գրում, իրականության հետ որևէ առնչություն չունեցող, հարցեր չլուծող խնդիրների մասին էր խոսում: Մինչդեռ կարող էր թաքնված դիվանագիտական մեխանիզմներ կիրառելով՝ հարցերը լուծել: Արդյունքում՝ եղած հնարավորություններից չօգտվելով՝ ստացել են վատագույն արդյունք, հետևանքները շարունակվում են՝ թշնամին հասել է Հայաստան՝ Երասխ: Սա խայտառակություն է, այս ամենից հետո ինքն իրեն հարգող երկրի ղեկավարը ոչ մի տեսախցիկի առջև դուրս չէր գա: Պարզապես սովորել է, որ ցանկացած իրավիճակում կասի բաներ, իսկ նախկինում ասածները մոռացած կլինեն մարդիկ:
• Պատերազմի ընթացքում ինքը չէր տեսնում՝ գոնե 5-րդ օրն ինչ էր կատարվում, 44 օր չի՞ տեսել: Փաստերը վկայում են, որ Փաշինյանը սպասել է, որ Շուշի՛ն գրավեն՝ հետո ստորագրի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Իսկ Ադրբեջանի կողմից Շուշիի գրավումը ֆանտաստիկայի ժանրից էր: Նրանց երազանքն էր Շուշին:


• Առաջին պատերազմի ժամանակ Շուշին ռազմական թիրախ էր, 44-օրյա պատերազմի դեպքում ադրբեջանցիների համար նույնիսկ ռազմական թիրախ չի եղել: Ադրբեջանցիները կարողացել են հանգիստ մտնել Շուշի: Այս իշխանությունները պատերազմից առաջ և ընթացքում՝ վախեցրել ու պախարակել էին բոլոր զինվորականներին, ապականել էր բարոյահոգեբանական, տեղեկատվական մթնոլորտը: Նիկոլ Փաշինյանը պատերազմի կառավարումը վերածել էր քաոսի և չգիտեր, թե ում լսի:

• Մենք այս իրավիճակը կանխատեսել ու զգուշացրել էինք դեռ 2018 թվականին՝ Ազգային ժողովում: Մենք ասել էինք, որ կասկածում ենք, որ Փաշինյանը ոչ միայն չի կարող գերագույն գլխավոր հրամանատար լինել, այլև ընդհանրապես բանակցող: Եվ կյանքն ապացուցեց այն, ինչ մենք պնդում ու կանխատեսում էինք:
• Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ պատասխանատվությունը միշտ իրենն է լինելու, դրա համար որոշեց հրապարակային խոսել ու պատասխանատվության իր մեղքը գցել նախկինների վրա,ու հասնել մինչև 1996 թվական…
• Ի՞նչ կապ ունի 1996 թվականի եղած պրոբլեմը 44-օրյա պատերազմի հետ:


• Դու պատերազմից ես վախենում, իսկ մենք ոչ թե պատերազմից, այլ քեզանից ենք վախենում, որովհետև դու չես կարողանալու բարդ իրավիճակում երկիր կառավարել, հետևաբար՝ մի արա այնպիսի գործողություններ, որ կարող են հանգեցնել պատերազմի:
• 2018 թվականին Սերժ Սարգսյանի՝ հանրապետության վարչապետ առաջադրվելու, իսկ ապա՝ հրաժարական տալու մասին. ՀՀ երրորդ նախագահին վարչապետի կարգավիճակը պետք էր, որպեսզի բանակցությունները շարունակվեն, և պատերազմից խուսափենք, անվտանգությունն ապահովենք:
• Սերժ Սարգսյանն առաջադրվելով վարչապետի պաշտոնին՝ ուզում էր Արցախը պահել, Հայաստանի և Արցախի անվտանգությունն անսասան պահել, երկրի արտաքին իմիջը պահպանել ինստիտուցիոնալ առումով:
Նա կարող էր հանգիստ հեռանալ և իշխանությունը փոխանցել, եթե,ինչպես որոշ շրջանակներն են ասում՝ ինչ-որ մեկի գրպանը գցելու մտադրություն ունենար: Բայց Սերժ Սարգսյանն այդ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ ցույց տվեց, որ չի խուսափում արցախյան խնդրից: Իսկ հետո երկրի ներսում ցնցումներից խուսափելու համար կայացրեց ժամանակի պահանջին համապատասխան որոշում՝ հեռացավ:Սերժ Սարգսյանի հեռանալու պահին Նիկոլն անգամ չէր ասել իր հայտնի արտահայտությունը հանրահավաքում՝ «կամ էս երկիրը վարչապետ չի ունենա, կամ ես կդառնամ վարչապետ»։ Ժողովուրդն էլ այդ ժամանակ չէր պատկերացնում ու չգիտեր, որ Նիկոլը վարչապետ է դառնալու:
• ԼևոնՏեր-Պետրոսյանը պատմության մեջ մնալու է՝ որպես պետության առաջին նախագահ և արցախյան հաղթանակների թիվ մեկ վաստակ ունեցող անձ:
• Ռոբերտ Քոչարյանը պատմության մեջ մնալու է՝ որպես պետականաշինությանը, տնտեսության զարգացմանը, պետական ինստիտուտների կայացմանը նպաստող ղեկավար:
• Սերժ Սարգսյանը պատմության մեջ մնալու է՝որպես արցախյան բանակցությունների ընթացքում Կազանյան փաստաթուղթ բերող, ներքին և արտաքին հավասարակշռված քաղաքականություն, անվտանգություն ապահովող ղեկավար:


• Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է մնալու պատմության մեջ, այս 5 տարվա ընթացքում կատարածո՞վ, արդյո՞ք սա էր հեղափոխության ձեռքբերումը, ներքին թշնամություն, խաբեություն, սուտ, կեղծիք, տարածքների հանձնում, հազարավոր զոհեր ու խեղված ճակատագրեր…

• Ժողովուրդն էլ է արդեն հոգնել, որովհետև մեկը կա, որ անընդհատ սուտ է խոսում, հասարակության մեջ թշնամանք է սերմանում, մենք ստիպված ենք անընդհատ ճիշտն ու սուտն իրարից զատել ու հանրությանը ներկայացնել: Ժողովուրդն էլ, 5 տարի է՝ ընկած է կեղծիքի, խաբեության ու թշնամանքի տեղատարափի մեջ:
Ինչո՞ւՆիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ միայն Ռուսաստանի հետ բանակցություններին: Ինչո՞ւհոկտեմբերի 10-ինՌԴ-ի ջանքերով ձեռքբերված հրադադարն ընդամենը մեկ րոպե տևեց, ո՞վ էր մեղավոր։
• Ինչո՞ւ հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռքբերված հրադադարը մի քանի վայրկյան տևեց:
• Հոկտեմբերի 24-ին, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին էր, որևէ քաղաքական պատասխանատվություն այդ երկրից ակնկալել պետք չէր, բայց միջնորդեց հրադադար հայտարարելուն: Այդ ժամանակ հրադադարը մի քանի վայրկյան էլ չտևեց, ինչո՞ւ: Իսկ այդ ժամանակ Թուրքիան և Ադրբեջանը տեսնում և արձանագրում էին մեր սխալները և օգտվում դրանցից, այնպես, ինչպես մենք 90-ականներին օգտվում էինք Էլչիբեյի սխալներից: Էդ դասերն ո՞ւմ համար էին:
• Պետությունը ձախողել են, քաղաքական հասարակությունը մասնատված և արժեզրկված է, ոչնչացրել են բոլոր հեղինակություններին… հենց այստեղից էլ գալիս են մեր խնդիրները:
Քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ում ռազմական դրություն չհայտարարվեց, բայց պետությունը բոլոր ռեսուրսները հասարակության հետ միասին ուղղորդեց դեպի ինքնապաշտպանություն: 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրություն հայտարարեցին, բայց այդ պայմաններում տրորեցին ամեն ինչ:Ի՞նչ էր նշանակում այդ օրերին Փաշինյանի հայտարարությունը, թե՝հավաքվեք,գյուղով գնացեք զորամաս… դա տեսնում ու լսում էր նաև հակառակորդը։Նիկոլն օդուջրի պես պետք է թշնամուն՝որպես անհրաժեշտ ղեկավար:


• Մենք բոլորս՝ամբողջ հասարակությունը, մեղավոր է, որ մեզ համար սրբազան պատերազմը վստահել ենք Նիկոլին։
• 2018-ին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ ամենաբարձր լեգիտիմությամբ, բայց դա պետք եկավ թշնամուն:
• Քաղաքական հարցին պետք է քաղաքական լուծում տրվի, հեծանիվ պետք չէ հորինել, բայց ինչպե՞ս անել, որ Նիկոլի նման ավանտյուրիստները, Նիկոլ 2-ը չգա:
• Ամենասարսափելին Նիկոլ 2-ն է, այն ուժերը, որ սարքեցին այս բալագանը, կարող են երկրորդ բալագանը ստեղծել մեր երկրում:
• Ընդդիմությունը հիմա շատ ավելի ծանր վիճակում է գտնվում, որովհետև երկիրն էլ է ծանր վիճակում, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվենք, միակ տարբերակը համախմբվելն է, մեկ ուժ չի կարող դուրս բերել երկիրն այս վիճակից: Համախմբվել, ստեղծել հակակշիռ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս