Հունիսի 15-ից հետո ոչ մի տեղափոխում չի կատարվել, խորը շրջափակման մեջ ենք. Արցախի Մեծ Շենի գյուղապետ

Արդեն 192-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից, իսկ հունիսի 15-ից սկսած՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի Արցախի Հանրապետությունից բուժառուներին Կարմիր Խաչը տեղափոխի Երևան՝ բուժվելու նպատակով, խոչընդոտում է նաև ռուս խաղաղապահներին՝ շրջափակման մեջ գտնվող գյուղերին հումանիտար օգնություն հասցնելու համար։

168.am-ի հետ զրույցում տոտալ շրջափակման մեջ գտնվող Մեծ Շեն գյուղի ղեկավար Դավիթ Դավթյանն ասաց, որ դեռ շարունակում են դիմակայել առաջ եկող դժվարություններին։

«Փառք Աստծո, մենք դեռ ողջ ենք, բայց չեմ կարող ասել, թե ինչ կլինի, մեր ձեռքին դեռ բան չկա, որ ինչ-որ քայլեր անենք։ Հուսանք՝ ճանապարհները կապաշրջափակվեն»,- նշեց Դավիթ Դավթյանը։

Նրա խոսքով՝ որոշում կայացնողները «վերևներում» են նստած, սովորական քաղաքացիների հետ ո՞վ է խոսում։

Կարդացեք նաև

Հարցին՝ սովորական քաղաքացիները չէի՞ն, որ 1988 թվականին ազատագրեցին Արցախը։

«Հիմա Հայաստանի դիրքորոշումն այլ է, այն ժամանակ Հայաստանն ու Արցախը միասին էին, հիմա անջատ է կարծես թե։ Հիմա քաղաքական որոշումը կայացնում են այնպիսի մարդիկ, որոնց ժողովրդի մի մասը քվե է տվել, տպավորություն եմ ստանում, որ Հայաստանում բնակվողների մեծ մասն անտարբեր է այստեղ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ 1988 թվականին, երբ Արցախը ոտքի կանգնեց, Հայաստանից օգնում էին, հիմա այդտեղից օգնություն չենք տեսնում, կարծես թե անտարբեր են, գուցե ես սխալվում եմ։ Ամեն դեպքում չենք զգում, որ մեր կողքին կանգնած են։ Մարդկանց մտածելակերպը փոխվել է, մարդիկ այն ժամանակ այսպես չէին, օգուտի ու շահի չէին սպասում, հայրենիք, արժեք, ազգ կարծես թե մոռացության են տվել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է շրջափակված գյուղում սննդի ու դեղորայքի հետ կապված խնդիրներին, Դավիթ Դավթյանն ասաց, որ այնպիսի սեզոն է, որ մարդիկ կարողանում են իրենց այգուց ու հողից հավաքած բերքով ապրել։

«Դեղորայք առայժմ ունենք, բայց եթե ճանապարհը շարունակեն փակ պահել, խնդիրներ կառաջանան։ Առաջացող խնդիրներն Արցախի իշխանությունը լուծում էր՝ դեղորայքի, սննդի, բայց ամսի 15-ից հետո ամեն ինչ դժվարացել է։ Երևի 10-15 օրից կհասկանանք, էլի, ինչ է սպասվելու։ Հունիսի 15-ից հետո ոչ մի տեղափոխում չի կատարվել, գրեթե մեկ շաբաթ խորը շրջափակման մեջ ենք, ոչ մի ձևի ո՛չ խաղաղապահները, ո՛չ Կարմիր խաչը չեն կարողանում մեզ օգնել։ Այդուհանդերձ դեռ ծայրահեղ վիճակում չենք, դեռ դիմակայում ենք»,- եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու ազատ տեղաշարժվելու իրավունքը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս