«Արցախի վիճակը շատ վատ է. ազգը պետք է ցույց տա, որ չի ցանկանում, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում». Մեծ Շենի գյուղապետ

Արցախում վիճակն օրըստօրե ավելի աղետալի է դառնում, 9 ամիս ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում այլևս որևէ մեկի հետ հույս չեն կապում՝ հույսը դրել են սեփական ուժերի վրա՝ որքան կկարողանան, այնքան էլ կպայքարեն։ Այսպես են մտածում՝ ինչպես Արցախի տարբեր գյուղերի բնակիչներ, այնպես էլ՝ Մեծ Շենի բնակիչները։

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը նշեց՝ լավատեսական որևէ բան չի կարող ասել, քանի որ ամեն շրջափակված օր իր հետ նոր դժվարություններ է բերում։

«Գյուղերում դե ոչինչ, յոլա գնում ենք, սեզոնային մթերքը մշակում, ապրում ենք, քաղաքներում վիճակն իսկական աղետալի է։ Ընդհանուր առմամբ Արցախի վիճակը շատ վատ է, նույնիսկ մի լավ բան չկա, որ ասեմ՝ այս մեկը լավ է։ Մարդկանց վիճակը վատ է։ Կհավատա՞ք, 20 լիտր բենզինը 120 հազար դրամով է վաճառվում։ Նեղն ընկած մարդիկ, որ ստիպված են իրենց հիվանդին հասցնել հիվանդանոց կամ այլ վայր, այդքան գումար տալիս առնում են, պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է։ Մեկ լիտր ձեթն արդեն 20 հազար դրամ է, չկա։ Մարդիկ այնպիսի վիճակում են, որ իրենց երեխային սոված չթողնելու համար վերջին բանը ծախում են, որ առնեն»,- նշեց Դավիթ Դավթյանը։

Ինչ վերաբերում է Ակնայի ճանապարհով Ստեփանակերտ հասած Ռուսաստանի Կարմիր խաչի տրամադրած հումանիտար օգնությանը, Դավիթ Դավթյանն ասաց, որ այդ օգնությունից ամբողջ Արցախին չի տրամադրվելու։

Կարդացեք նաև

«Այդ բեռը քաղաքի 10 տոկոսին էլ չի բավարարի, դե, 20 տոննա է։

Ես չեմ հիշում, որ Ադրբեջանը խոստացած լինի, որ Բերձորի միջանցքը կբացի։ Բայց ասել է, որ իր տրամադրած օգնությունը հենց մտնի Արցախ, Բերձորի միջանցքը կբացի։ Ադրբեջանը ոչ թե ուզում է օգնություն ցուցաբերել մեզ, որին գցել է մահվան ճիրանների մեջ, այլ ուզում է այդ քայլով աշխարհին ցույց տա, թե՝ տեսեք, օգնում եմ արցախցիներին՝ ցուցադրական քայլ է, էլի։ Նույնիսկ, եթե այդ օգնությունը մտնի Ստեփանակերտ, Ադրբեջանը այդ ճանապարհը չի բացելու, այսինքն՝ կբացի մի երկու օրով, նորից կփակի ու իր պայմանները կդնի։

Չեմ հասկանում, ինչո՞ւ ենք հույսեր փայփայում, որ Ադրբեջանը ճանապարհը կբացի։ Հիմա եթե Հայաստանը հրաժարվել է Արցախից, ինչո՞ւ է մտածում, որ այդ ճանապարհը կբացվի։ Հայ ազգը հիմա պետք է ցույց տա, որ չի ցանկանում, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ես դեռ սա չեմ տեսնում։ Ալիևը հայտարարում է, որ սա իր հողն է, ինչ ուզի՝ կանի, հայ ազգը պետք է հակառակն ապացուցի։

Հիմա Երևանում ավագանի են ընտրում, թող երևանցին գնա ու իր քայլով ցույց տա, որ չի ցանկանում Նիկոլի իշխանությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նկատեց՝ նախկինում ՀՀ սահմանին այնքան զոհեր չէին լինում, որքան այսօր են լինում, մինչդեռ այն ժամանակ Հայաստանից մարդիկ ասում էին, թե իրենց որդիները գնում Արցախում են ծառայում։

«Հիմա Արցախին ու Արցախում չեն ծառայում, բա ինչո՞ւ ենք այդքան զոհեր ունենում։ Մարդիկ չեն գիտակցում, դրա համար էլ այս վիճակում ենք։ Մինչև գիտակցեն, հավատացեք, շատ ուշ է լինելու»,- ընդգծեց նա։

Գյուղապետը նաև ասաց, որ մինչև այսօր գյուղի այն բնակիչները, որոնք Ստեփանակերտում բարեկամներ ունեն, իրենց բոստաններից բերք են հավաքում ու տանում նրանց, մի մասն էլ տանում է իր ունեցած ապրանքն է վաճառում։

«Այստեղից կարտոֆիլը տանում, 300 դրամ են վաճառում, իսկ վերավաճառողները 2 հազար դրամով են վաճառում մարդկանց։ Իրականում չէի մտածում, որ մեր ազգի մեջ կարող են նման երևույթներ լինել»,- եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս