Պապիկյանի հերթական այցը Ֆրանսիա․կփոխարինի՞ Փարիզը Մոսկվային
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ից աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։ Մինչ այս պահը տարածված պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, ինչպես նաև նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: Նույն օրը Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ ու քննարկել պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի մասին հավելյալ տեղեկատվություն հայտնի կդառնա բնականաբար դրա ավարտից և ողջ օրակարգի հայտնի դառնալուց հետո։
Հարկ է, սակայն, նշել, որ սա Պապիկյանի առաջին այցը չէ Փարիզ․ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության ակտիվացման մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան անցյալ տարի Ադրբեջանի սեպտեմբերյան ողբերգական ագրեսիայից հետո, երբ Պապիկյանը մեկնեց Փարիզ և բանակցություններ վարեց ֆրանսիացի պաշտոնակից Սեբաստիեն Լըկորնյուի հետ։ Պապիկյանի փարիզյան այցին արդեն հոկտեմբեր ամսին հաջորդեց Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակության այցը Երևան, քննարկվել էին ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Սակայն Պապիկյանի այս այցը Ֆրանսիա հավելյալ ուշադրության է արժանի ռեգիոնալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի, ինչպես նաև այդ զարգացումներով պայմանավորված վերջին ամիսներին տարածվող այն տեղեկությունների ֆոնին, թե մոտ ապագայում Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումներ են մեկնարկելու։
Այս մասին պաշտոնական շրջանակները լռում են, սակայն վերջին ամիսներին արևմտյան և ռեգիոնալ որոշ ԶԼՄ-ներ կոնկրետ տեղեկություններ են տարածում, որոնք ամեն դեպքում դեռ չեն հերքվել։
Մարտ ամսին Միջազգային անվտանգության ամերիկյան վերլուծական ռեսուրս Global Security Review-ն գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայանպաստ հռետորաբանությունը կարող է հանգեցնել հակաօդային պաշտպանության մասին համաձայնագրի, և այդ աղբյուրում նշվում էր Հայաստանին ֆրանսիական «Միստրալ» զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու հնարավորության մասին։
Intelligence Online պորտալը, որը նույնականացվում է Ֆրանսիայի հետախուզական ծառայությունների խոսափողի հետ, ապրիլի վերջին գրել էր, որ Փարիզը շուտով կարող է պաշտպանական կցորդ նշանակել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը։
Պարբերականը Փարիզի այդ որոշումը որակել էր՝ որպես «Հայաստանի հետ սեփական ռազմական կապ հաստատելու Ֆրանսիայի ցանկության արտահայտություն՝ դրանով վերջակետ դնելով ՀՀ-ի ռազմական բացառիկ հարաբերություններին Մոսկվայի հետ՝ և´ վստահության, և´ զենքի ձեռք բերման առումով»:
Իրանական «Յազեկո» լրատվական գործակալությունը ևս անդրադարձել էր տվյալ թեմային, նշելով, որ նոր ռազմական կցորդը կվերահսկի ֆրանսիական զենքի մատակարարումը Հայաստան, և, որ Հայաստան զենքի առաքման վերաբերյալ Փարիզի ռազմաքաղաքական որոշման հիմնական աջակցությունն անձամբ ցուցաբերել է նախագահ Էմանուել Մակրոնը:
Այստեղ կարևոր է նաև հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի ապրիլյան աշխատանքային այցը Երևան, որի ընթացքում նա հաստատեց, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելություն է հիմնվում, ռազմական կցորդ է նշանակվում, որը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։ Օրերս էլ՝ մասնավորապես հունիսի 14-ին Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ կմատակարարի՝ զուգահեռաբար կանխատեսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացում։ Դյուպյուիի խոսքով` հիշատակված մեքենաներից բացի, քննարկվում է նաև Հայաստանի կողմից ֆրանսիական Arquus ընկերության արտադրության Bastion և Sherpa զրահամեքենաների ձեռքբերման հնարավորությունը։ Կենտրոնի ղեկավարը հավելել էր, որ պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կակտիվանա Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կից ռազմական կցորդի առաջիկա նշանակմամբ։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային և այն համադրելով Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության վերջիյն շրջանի ինտենսիվ խնդիրների, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ը լքելու մտադրության ու այն տեղեկությունների հետ իբրև թե ՌԴ-ից սպառազինություններ ՀՀ չեն հասնում, ասաց, որ, բնականաբար, ասել, թե փակ բանակցությունների ընթացքում սպառազինության ինչ մատակարարումներ են քննարկվում՝ հնարավոր չէ։
Սակայն, ըստ նրա, կա այդ ոլորտում ակտիվացած հայ-ֆրանսիական բանակցային գործընթաց, որը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների և մասնավորապես Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի թուլացման, Հարավային Կովկասից ՌԴ տոտալ դուրսմղման արևմտյան պլանների տիրույթում։
Ֆելգենգաուերն ասաց, որ ամեն բան շատ պարզ է թվում, ՀՀ իշխանության ներկայացուցիչները օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություններ ունեն ՀԱՊԿ-ից, որոնք ոչ թե քննարկում են, այլ հրապարակային քննարկման առարկա դարձնում, բարդացնելով հնարավոր լուծումները ՀԱՊԿ-ի հետ, զուգահեռաբար հայտարարում են, որ չեն բացառում ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարը, մերժում են ՀԱՊԿ-ի առտաջարկները, վստահեցնում, որ վճարել են և ՌԴ-ից սպառազինություն չեն ստացել և գտնվում են անվտանգության երաշխավորի փնտրելու գործընթացում։
«Ամենայն հավանականությամբ, փորձում են դա անել Արևմուտքի միջոցով, եղան այցեր նաև անցյալ տարի, եթե չեմ սխալվում Միացյալ Նահանգներ։ Այսինքն՝ տրամաբանական մի շղթա է ուրվագծվում, որ գուցե եթե ՌԴ-ն այլևս չկարողանա դիմադրել Հարավային Կովկասում Արևմուտքին և «դուրս գա» ռեգիոնից, այդ անվտանգության երաշխավորի դերակատարությունը ինչ որ իմաստով ստանձնի Փարիզը, որը դրանով Հարավային Կովկասում ինչ որ ներկայություն կստանա, ինչը չի կարողանում ապահովել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում, քանի որ Ադրբեջանի կողմից դիտարկվում է, որպես հայամետ միջնորդ։ Ուստի գոնե այդ դերը լիովին կբավարարի Փարիզին։ Ինչպես տեսնում եք, հավաքական Արևմուտքը՝ մասնավորապես Միացյալ Նահանգները, ԵՄ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, բոլոր առանցքային դերակատարները փորձում են ինչ որ դեր ստանձնել Հարավային Կովկասում, դրանով և հավաքական գործն են հեշտացնում, և ավելի մեծ ռեսուրսով պայքարում ՌԴ-ի դեմ։ Պարզապես հարց է առաջանում, եթե Արևմուտքը պատրաստ էր նմանատիպ համագործակցության, ապա ինչո՞ւ պատերազմից միայն տարիներ անց է սկսվում այս համագործակցությունը, չէ՞ որ պատերազմից հետո ևս Հայաստանը առերեսվել է անվտանգային խնդիրների իր սահմաններին։ Ես այն համոզմունքն ունեմ, որ եթե նույնիսկ այս գործընթացը հարթ ընթանա, մեծ ռեսուրսներ չեն ներդրվելու, սակայն դեռ կխուսափեմ հստակ կանխատեսումներից»,-ասաց նա։
Իր հերթին եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն արձանագրեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում ռազմական կցորդի առաջիկա նշանակումը ցույց է տալիս, որ հայ-ֆրանսիական պաշտպանական ոլորտի բանակցություններն ընդլայնվել են և տեղում ֆրանսիական կողմից հավելյալ աշխատող կցորդի կարիք կա։
«Հատկապես ներկայումս Արևմուտքի համար կարևոր է, թե երկրներն ինչ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ-ի անդամակցությունը բնականաբար Արևմուտքում դրական չի ընկալվում։ Չեմ պատկերացնում, որ ՀԱՊԿ անդամ երկրին Արևմուտքը լուրջ զինտեխնիկա մատակարարի, բանակցություններ կարող են լինել, քանի որ եվրոպացի չինովնիկներն արձանագրում են, որ Երևան-Մոսկվա հարաբերություններում խնդիրներ կան, այդ թվում այդ ոլորտում։ Վերջին նմանատիպ արձանագրումներից էր Բորելի հայտարարությունները Եվրոպական խորհրդարանում, սակայն կարծում եմ՝ վերջնական որոշումները Երևանի կողմից այս մասով առանցքային են։ Ուստի այս այցերը և բանակցություններն ունեն նախապատրաստական, անցումային բնույթ»,- նկատեց նա։