Իրավիճակի լարվածության պատճառով որոշում ենք կայացրել, որ բուժառուներին չենք տեղափոխելու Հայաստան, և հետ ենք վերադարձել. Էթերի Մուսայելյան

Արցախի տեղեկատվական շտաբից առավոտյան արդեն տեղեկացրել են, որ այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:

«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկվել է հումանիտար հրատապ կարիքներից ելնելով այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների  կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը»,- նշված էր Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասաց, որ այս ամենի վերաբերյալ կարող է միայն մեկ մեկնաբանություն տալ։

«Այսօր մենք պլանավորում էինք մեր բուժառուներին Լաչինի միջանցքով տեղափոխել Հայաստան, սակայն, երբ կային տեղեկություններ, որ իրավիճակը լարված է, որոշում ենք կայացրել, որ չենք տեղափոխելու, ու հետ ենք վերադարձել։ Քանի որ մենք պարտավորություններ ունենք այդ բուժառուների և մեր անձնակազմի հանդեպ, որոշել ենք, որ ավելի լավ է հետ վերադառնանք։ Ինչ վերաբերում է  հումանիտար օգնությանը, ապա մեր այսօրվա նպատակը բուժառուներին տեղափոխելն էր, գուցե հումանիտար օգնությունը պետք է ռուս խաղաղապահները բերեին, տեղեկություններ չունեմ»,- նշեց Էթերի Մուսայելյանը և ընդգծեց, որ հետևում են իրավիճակին, որոշում կայացնողների հետ քննարկումների մեջ են, երբ իրավիճակը թույլ տա, հույս ունեն, որ կկարողանան հետագայում ևս շարունակել իրենց գործունեությունը։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ադրբեջանական կողմը փակել է նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից՝ շրջափակման մեջ պահելով 120 հազար արցախահայերի, որոնք զրկված են ապրելու տարրական պայմաններից։ Ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը, կրկին ապօրինի, անցակետ է տեղադրել Հակարիի կամրջի վրա, իսկ այսօր փորձել է այդ կամրջով անցնել ու Տեղ համայնքի հատվածում բարձրացնել ադրբեջանական դրոշը, ինչը կանխվել է, եղել են կրակոցներ, որի հետևանքով ՀՀ ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։

Տեսանյութեր

Լրահոս