Ի՞նչ պայման է խախտել Աշոտյանը, հայտնի չէ. իրավական հանգուցալուծում չի լինելու. Վարդան Պողոսյան
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի համար ակնհայտ է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդման գործընթացի մի բաղադրատարր է:
«Իրավական փաթեթավորումները կարող են տարբեր լինել, և իրավականը վաղուց արդեն մեր երկրում որևէ դեր չի խաղում: Դեռ հայտնի էլ չէ, թե ինչ պայման է խախտվել: Այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման հնարավորություն, որ խափանման միջոցի պարագայում եթե տեղի է ունենում որևէ պայմանի խախտում, ապա իրավունք կա անձին ձերբակալել և միաժամանակ դիմել դատարան, որպեսզի կալանավորման որոշում կայացվի, բայց մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե որն է այդ հիմքը, այսինքն՝ ինչ պայման է խախտել Արմեն Աշոտյանը, որը առիթ է տվել Քննչական կոմիտեին՝ այս գործողությունը ձեռնարկելու համար»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետը:
«Արմեն Աշոտյանի գործունեությունը, հատկապես՝ վերջին ժամանակներում բոլոր այն բացահայտումները, վերլուծությունները, որոնք անում էր, մասնավորապես, կապված Փաշինյանի դավաճանական գործողությունների հետ, Հայաստանի շահերի ոտնահարման, Արցախի հանձնման հետ կապված, բնականաբար, ես համոզված եմ, որ դա քաղաքական հետապնդման հերթական փուլն է՝ լռեցնելու Աշոտյանին»,- ասաց նա՝ շեշտելով, որ մեր երկրում սահմանադրական կարգը վաղուց խարխլված է և ո՛չ այս, ո՛չ այլ գործերով իրավական հանգուցալուծում չի ակնկալում:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում