«Տեղ համայնքում ադրբեջանական կողմը պուշկայով, ծանր հրետանիով է կրակել. պատճառը դրոշն է եղել». Արգամ Հովսեփյան
ՀՀ ԱԱԾ-ն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ ժամը 08:40-ի սահմաններում Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել նաև Տեղ համայնքի հատվածում, կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ այս պահին կրակոցները դադարել են, իրավիճակը նորմալ է։
«Այս պահին դեռ իրավիճակը նորմալ է։ Ադրբեջանական կողմը պուշկայով, ծանր հրետանիով, որ կրակել է Տեղ համայնքի ներքևի հատվածում, պատճառը Կոռնիձորի հատվածում՝ Հակարիի կամրջից այս կողմ դրոշ դնելն է եղել։ Իրենք ուզեցել են առաջ գան ու դրոշ դնեն, բայց կասեցվել է առաջխաղացումը։
Այս պահին կուտակումներ չենք նկատում, կրակոցներն էլ տևել են մոտավորապես 30 րոպե»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը Տեղ համայնքի հատվածում առաջ է եկել մարտի 30-ին և դիրքավորվել, իսկ ապրիլի 11-ին կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 6 վիրավոր։ Այս պահին էլ ադրբեջանական Զու ներկայացուցիչները շարունակում են մնալ իրենց կողմից օկուպացված հատվածներում՝ թիրախում պահելով նաև խաղաղ հայ բնակչությանը։