Արմեն Աշոտյանին լռեցնելու հերթական փորձը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Հիշեցնենք՝ դեռևս հունիսի 6-ին մամուլը գրել էր Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին:
Ավելի ուշ՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահն ասաց՝ լսել է այդ մասին, բայց եթե իրեն մեկուսացնելով՝ մտածում են, որ կարող են իրեն լռեցնել, ապա նման բան հնարավոր չէ:
«Ես գիտեմ, որ իմ դեմ ինչ-որ գործողություններ են անում, ինչ-որ մարդկանց վրա ճնշումներ, խոստումներ, ի՞նչ նոր կուտ են գցել դաշտ՝ գործուն զղջո՞ւմ… ութ ամիս տևում է գործը, ութ ամիս ես մեղադրյալ եմ, որևէ քննչական գործողության, բացի առաջին օրվանից, ես չեմ մասնակցել: Ակնհայտ է, որ ինչ-որ բան են փորձում եփել. տարբեր մարդկանց վրա ճնշումներ, նստեցնել և այլն, որ կարողանան հաջորդ փուլին հասցնել: Եթե դրա նպատակն ինձ լռեցնելն է՝ և առաջ, և հետո, ես ոչ լռել եմ, ոչ էլ լռելու եմ: Եթե դրա նպատակը մնացածին վախեցնելն է, լիքը մարդ կա Հայաստանում, որ իրենցից չի վախենում: Խոսքը միայն քաղաքական դաշտի մասին չէ: Իսկ ես, որտեղ էլ լինեմ՝ քաղաքական աքսորում, թե քաղաքական կալանքում, ես իմ պայքարը շարունակելու եմ»,- ասել էր ՀՀԿ փոխնախագահը:
Վերջինս նշել էր՝ ակնհայտ քաղաքական աստառով հերթական գործն են ուզում «կարել» իր վրա:
Հիշեցնենք՝ 168.am-ը դեռևս 2022թ. նոյեմբերի 22-ին էր գրել Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին: Այդ օրերին ձերբակալել էին ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին, և Արմեն Աշոտյանին նույն գործի շրջանակներում էլ փորձում էին մեկուսացնել՝ մեղադրելով, այդ թվում՝ նաև փողերի լվացման մեջ:
Այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահին, այնուամենայնիվ, որևէ կերպ չէր հաջողվել 100-ից ավելի անձանց հարցաքննելուց հետո անգամ ցանկալի ցուցմունքը ստանալ Արմեն Աշոտյանի դեմ:
Մեր հրապարակումից օրեր անց արգելափակեցին Արմեն Աշոտյանի ՍԵԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ), և վերջինս չկարողացավ մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին:
Ավելի ուշ Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրեցին ու խափանման միջոց ընտրեցին բացակայելու արգելքը:
«Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- Radar.am-ին հայտնել էին ՔԿ-ից՝ հավելելով, որ ավելի ուշ իրենք հաղորդագրություն կտարածեն՝ ներկայացնելով գործի մանրամասները։
168.am-ի նկարահանող խումբն այս պահին Քննչական կոմիտեի մոտից իրականացնում է ուղիղ հեռարձակում:
Մանրամասները՝ տեսանյութում: