«Տեր եմ այդ ամենին, երաշխավորում եմ ձեզ, որ այդ մարդկանց անունների մեջ որևէ ՔՊ-ականի անուն, այսինքն՝ դասալիք, չի լինելու». Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։

«Ինձ ասացին, որ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նաև հարց է հնչել իմ համեստ անձի վերաբերյալ, և ինչ-որ արձագանք է եղել այդ մարդու կողմից։ Առաջինը, որ ուզում եմ արձանագրել՝ թերևս վտանգի, վախի զգացում ունեն, որ փորձել են փարատել։ Երկրորդը՝ սովորական ՔՊ-ական վարքագիծ է՝ գործ տալու վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ երբեք այդ գործ տվողի բնավորություն չեմ ունեցել, այլապես շատ բաներ այլ կերպ կլինեին։ Կարծում եմ՝ ես իմ հարցազրույցում ասել եմ, որ, բնականաբար, տեր եմ այդ ամենին, երաշխավորում եմ ձեզ, որ այդ մարդկանց անունների մեջ որևէ ՔՊ-ականի անուն չի լինելու, այսինքն՝ դասալիքներ, բնականաբար, չեն լինելու»,- նշեց Աղվան Վարդանյանը։

Նա նշեց՝ եթե խոսում է իր հարցազրույցի մասին, ապա հստակ ասել է, որ իր նշած 100 մարդիկ պետք է լինեն պատրաստ ու վճռական, անձնազոհությամբ մինչև վերջ գնալու, որպեսզի չարիքից երկիրն ազատեն։

«Թվարկել եմ, որ այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ քաղաքական գործիչներ, գործարարներ, հոգևորականներ, մշակույթի գործիչներ, ռազմական գործի մասնագետներ և այլք»,- շեշտեց Աղվան Վարդանյանը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը՝ իր հայտարարությունն իշխանական պատգամավորները համեմատել են հոկտեմբերի 27-ի հետ, Աղվան Վարդանյանը նկատեց.

«Ես դրա համար ասացի, որ անհանգստությունը երևի մարդկանց մեջ է, և դա լավ է։ Ժամանակը կգա, և հոկտեմբերի 27-ի մասին գուցե ավելի շատ բաներ կբացահայտվեն։ Ամեն անգամ մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը օրինակ բերելով՝ նրանք բացարձակապես անհիմն, զրո հիմնավորմամբ են այդ բաներն ասում։

Ես մի անգամ ասել եմ, այստեղ պատգամավորներ կան, կարծեմ նրանցից մեկը երեկ ինչ-որ բաներ է խոսել, որոնք ասում էին, որ եղել է պետական հեղաշրջում 1998 թվականին։ Ես իրենց ասել եմ, որ 22 տարի անց համարձակություն ձեռք բերելը տղամարդկության նշան չէ։ Տղամարդ էիք, այն ժամանակ այդ մտքերն արտահայտեիք։ Կուչ եկած, վախեցած, միայն Վազգեն Սարգսյանի ստվերից, մի անգամ այլ առիթով ասել եմ, թե մեկն ինչպես էր թրջել»,- ընդգծեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցի վերաբերյալ։

Պատգամավորը, մասնավորապես, ասել էր. «Այդ հարցազրույցն ինձ շատ անհանգստացրեց, նա ասում է, որ՝ ձեր պաշտոնավարումը դադարեցնելու համար անհրաժեշտ են 100 մահապարտներ, որոնք կկանգնեն մինչև վերջ, որպեսզի երկիրն ազատեն այս չարիքից։ Պարոն վարչապետ, սա ոչ միայն հայտարարություն է, այլև գործողություն, որովհետև պարոն Վարդանյանն այդ մահապարտներից արդեն անուններ ունի, որոշակի հանդիպումներ է իրականացնում։ Նախ, ցանկանում եմ մեր ուժային կառույցներին հորդորել՝ զգոն լինեն այս թեմայի հետ կապված և ուսումնասիրեն հարցազրույցում հնչող հայտարարությունները»։

Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հարցն իրեն ուղղված չէ, այդ հարցով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմին է։

«Ինչ վերաբերում է ձեր նշած մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել, այսինքն՝ ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կանեն։

Մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա, դա մեր նախընտրական թեզն է, ընդ որում, ուզում եմ ասել հետևյալը՝ բոլոր նրանք, ովքեր կհատեն օրենքի գիծը, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղն այս կյանքում»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս