Գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի. Փաշինյանը՝ 168 TV-ում Աղվան Վարդանյանի հարցազրույցի մասին

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցազրույցի վերաբերյալ։

Պատգամավորը, մասնավորապես, ասաց. «Այդ հարցազրույցը ինձ շատ անհանգստացրեց, նա ասում է, որ ձեր պաշտոնավարումը դադարեցնելու համար անհրաժեշտ են 100 մահապարտներ, որոնք կկանգնեն մինչև վերջ, որպեսզի երկիրն ազատեն այս չարիքից։ Պարոն վարչապետ, սա ոչ միայն հայտարարություն է, այլև գործողություն, որովհետև պարոն Վարդանյանն այդ մահապարտներից արդեն անուններ ունի, որոշակի հանդիպումներ է իրականացնում։ Նախ, ցանկանում եմ մեր ուժային կառույցներին հորդորել՝ զգոն լինեն այս թեմայի հետ կապված և ուսումնասիրեն հարցազրույցում հնչող հայտարարությունները»։

Պատասխանելով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցն իրեն ուղղված չէ, այդ հարցով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը, որն իրավասու մարմին է։

«Ինչ վերաբերում է  ձեր նշած մահապարտներին, պետք է հույս հայտնել, որ այդ ցուցակում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել, այսինքն՝ ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կանեն։

Կարդացեք նաև

Մեր քաղաքական ուղեգիծը հետևյալն է՝ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա, դա մեր նախընտրական թեզն է, ընդ որում, ուզում եմ ասել հետևյալը՝ բոլոր նրանք, ովքեր կհատեն օրենքի գիծը, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղն այս կյանքում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս