Կրակոցները հեռահար են, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել. Արման Սարգսյանը՝ Երասխում տիրող իրավիճակի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով Երասխում տիրող իրավիճակի մասին՝ ասաց, որ մոտավորապես 30 րոպե առաջ և այս պահին էլ իրավիճակն այնտեղ հարաբերականորեն կայուն է։

«Այս պահին որևէ զինատեսակից կրակոցներ չկան։ Թիրախավորել են օտարերկրյա այդ քաղաքացիների՞ն, այդ գործարա՞նը, թե՞ այլ տեխնիկա, որի արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները՝ կպարզենք հետագայում, որի մասին, կարծում եմ՝ լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգանք։

Վիրավորում ստացած քաղաքացիների առողջական վիճակի մասին, կարծում եմ՝ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն կտրամադրի, որովհետև երկու քաղաքացիներն էլ գտնվում են քաղաքացիական հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է այդ քաղաքացիներին, Արարատի մարզպետը ճեպազրույցում ասել էր, որ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։

Սահմանային իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն, որոշակի լարվածության միտում նկատվում է։ Վերջին օրերին ադրբեջանական մամուլը և առհասարակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, և, որպես կանոն, դրան հաջորդում են որոշակի քայլեր։ Մենք հնարավորինս օպերատիվ տեղեկատվություն տրամադրում ենք»,- նշեց Արման Սարգսյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ միտումներ տեսնո՞ւմ է, որ այս գործողությունները կարող են վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների, Պաշտպանության փոխնախարարը պատասխանեց, որ չի կարող ասել՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերածվելո՞ւ է, թե՞ ոչ, կամ լրացուցիչ էսկալացիայի ուղղված քայլեր են իրականացվելու, սակայն այս ամենը չի նպաստում բանակցային գործընթացին։

«Որպես կանոն, նմանատիպ դեպքերում էսկալացիայի հող նախապատրաստելուց հետո ձեռագիրը կարծես թե նույնն է, և նորից շարունակում են լոկալ փոքր-փոքր խնդիրներ ստեղծել»,- շեշտեց նա։

Լրագրողները նաև Արման Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ադրբեջանցիներն առաջ գալու միտում ունեցե՞լ են, նա պատասխանեց, որ ԱԺ-ում է եղել, մանրամասներին չի տիրապետում, սակայն իր ունեցած տեղեկություններով՝ կրակոցները հեռահար են, և առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։

«Ամեն դեպքում որևէ խուճապի կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, և կարծես թե սովորել ենք անընդհատ այս լարված իրավիճակում ապրել։ Պետք է լինենք զգոն, ամեն դեպքում՝ վստահ, որ մեր Զինված ուժերը և յուրային ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել, նման քայլեր ձեռնարկել։ Մենք հույս ունենք, որ այս ապակառուցողական մոտեցումն Ադրբեջանի Զու-ի և այդ շրջանակների կողմից վերջ կունենա»,- ընդգծեց Ա. Սարգսյանը։

Միաժամանակ նա ասաց, որ Ադրբեջանի նպատակն այս գործողություններով լարվածություն ստեղծելն է։

«Ամեն դեպքում բանակը պատրաստ է և պարտավոր է արձագանքել յուրաքանչյուր այսպիսի քայլի»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս