Ի՞նչ գիտեք, որ Բաքուն ակտիվ գործողությունների է գնում. Փոխնախարար
Այսօր խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե Տավուշի մարզում տեղադրված փշալարերը որքանո՞վ են պաշտպանում անվտանգությունը, սակայն հարցին պատասխանելու փոխարեն՝ Արման Սարգսյանն ասաց, որ կրկնելու է նույն նախադասությունը, որը լրագրողների համար լինելու է կրկնություն, ինչը գուցե ժպիտ առաջացնի։
«Պաշտպանության նախարարությունը, ինչը վերաբերում է ծառայությանն ու ՊՆ-ին, շատ օպերատիվ արձագանքում են, յուրաքանչյուր տեղեկատվություն տրամադրում է։ Եթե նախկինում ինչ-որ չափով դժգոհություն կար արագության հետ կապված, վերջին ժամանակներում այդ խնդիրը կարծես թե չկա։
Ես չեմ ցանկանա պատասխանել հարցերի, որոնց անընդհատ պատասխանում ենք»,- նշեց Արման Սարգսյանը։
Ըստ նրա, Պաշտպանության նախարարությունը համարժեք արձագանքում է Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկությունների, ըստ որի՝ իբրև հայկական կողմից տեղի է ունենում սահմանային իրավիճակի լարում։
Լրագրողի դիտարկմանը, որ հակառակորդն ակտիվացել է, զինծառայողների ծնողներն անհանգստանում են, Արման Սարգսյանը նկատեց.
«Դուք ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվացել է, տեղեկատվական իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարություններով։
Եթե որևէ խնդիր է ծագում, մենք անընդհատ ամեն տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկատվություն, որպեսզի որևէ խնդիր չծագի։
ՊՆ-ին վերաբերող բոլոր հարցերի՝ թե՛ սահմանային իրավիճակի, թե՛ անկայուն ու կայուն վիճակի վերաբերյալ, մեր լրատվականը տրամադրում է տեղեկատվություն»,- եզրափակեց Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում