«Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախը հայաթափվի. քանի դեռ մենք դա չենք ուզում ու պայքարում ենք, չի լինելու նման բան». Փառուխի գյուղապետ

Արդեն 184-րդ օր  է՝ Արցախի Հանրապետությունը 120 հազար խաղաղ բնակչությամբ ադրբեջանական շրջափակման մեջ է։ Ավելի քան 6 ամիս արցախահայությունը զրկված է ազատ տեղաշարժի իր իրավունքից, Ադրբեջանը մշտապես խափանում է էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը, հազարավոր երեխաներ զրկված են ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններից։ Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության, մարդու իրավունքների պաշտպանության ջատագով քաղաքակիրթ աշխարհի  աչքի առջև։

168.amի հետ զրույցում Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ղեկավար Վարդան Միքայելյանն ասաց, որ այն, ինչ այսօր անում է Ադրբեջանն Արցախում՝ դրանով ծաղրում է ամբողջ աշխարհին։

«Ադրբեջանի այս գործողությունների դեմն առնելու միակ ճանապարհը դիմադրելն է, պիտի պայքարենք, որպեսզի Արցախը չկորցնենք։ Ադրբեջանն ամեն սադրանքի գնում է, ամեն ինչ անում է, որպեսզի մենք դուրս գանք Արցախից, բայց դուրս չենք գալու, կրկնում եմ՝ միակ ճանապարհը դիմադրելն է։ Բոլորի համար էլ պարզ է, չէ՞, որ Ադրբեջանը ցանկանում է, որ Արցախը հայաթափվի, ու քանի դեռ մենք դա չենք ուզում ու պայքարում ենք, չի լինելու նման բան»,- նշեց Վարդան Միքայելյանը։

Նրա խոսքով՝ այսօր անհասկանալի իրավիճակում է  գտնվում հասարակությունը, մինչդեռ 1988 թվականին, երբ Արցախը կրկին կանգնած էր վտանգի առաջ, համախմբվածությունն ավելի շատ էր։

Կարդացեք նաև

«Չգիտեմ՝ ինչ է կատարվում, այսօր մարդիկ տարբեր բաների մասին են մտածում, դրա համար չեն կարողանում համախմբվել։ Չգիտեմ՝ ինչն է փոխվել, բայց 1990-ականներին ու հիմա լրիվ ուրիշ բաներ են կատարվում Արցախի շուրջ»,- շեշտեց Փառուխի գյուղապետը։

Հետևելով տեղի ունեցող իրադարձություններին՝ մեր զրուցակիցը չբացառեց նաև, որ նույն բանն էլ Ադրբեջանը Հայաստանի հետ է անելու, շրջափակելու է, գրավելու ու հայաթափելու։

«Ադրբեջանն ամեն օր դիմում է սադրանքների հենց Հայաստանի սահմանների ուղղությամբ, սա ինչի՞ մասին է վկայում, սա որևէ բան չի՞ ասում, իհարկե ասում է։ Ինչպես ասել է Մոնթե Մելքոնյանը. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։ Սա հենց այնպես չի ասել, ճիշտ ու տեղին է ասել»,- եզրափակեց Վարդան Միքայելյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հարձակվեց Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերի ուղղությամբ՝ հսկողության տակ վերցնելով Քարագլուխ կոչվող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը։ Անվտանգությունից ելնելով՝ մինչև օրս Փառուխի բնակիչները չեն վերադարձել իրենց տները, զրկված են սեփական տանն ապրելու իրավունքից։

Ապրիլի 23-ից էլ ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել ու հսկիչ անցակետեր է տեղադրել։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերն առ այսօր գտնվում են տոտալ շրջափակման մեջ և կապ չունեն ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի հետ։

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական նշանակություն ունեցող իրավունքները: Սակայն Հակարիի կամրջի մոտ անցակետը տեղադրելուց հետո, այսպես կոչված, բնապահպանները ժամանակավորապես դադարեցրին ակցիան: 

Տեսանյութեր

Լրահոս