Բաժիններ՝

Վերցրո՛ւ և կարդա՛

Ինչպես դարեր ու հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր, Տերը պատգամում է մեզ՝ վերցրու և կարդա այն Գիրքը, որը Սուրբ է՝ գրված Իր շնչով (Բ Տիմոթեոս 3:16): Գրքերի այս գիրքը իր մեջ պարունակում է Աստծու խոսքը (Ա Թեսաղոնիկեցիներ 2:13) և որը նախ և առաջ «Աստծո զորություն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմեացիներ 1:16):

Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհնար է, որ որևէ մեկը կարողանա փրկվել առանց Սբ. Գրքի ընթերցանության: Իսկ նրանք, ովքեր արդարանում են, թե իրենք վանական չեն, կին ունեն, երեխաներ, տան հոգսերն են քաշում, Սուրբը պատասխանում է նրանց. «Ահա թե ինչն է ամեն բան վարակում և կործանում. դուք կարծում եք, թե միայն վանականնե՞րն են պարտավոր կարդալ Աստվածաշունչը: Ընդհակառակը, դուք նրանցից առավե՛լ դրա կարիքն ունեք: Հատկապես ձեզ՝ աշխարհականներիդ է հարկավոր այս բժշկությունը, քանզի ապրում եք աշխարհում և ամեն օր հարվածներ ստանում. մեկ կինդ է քեզ զայրացնում, մեկ՝ տղադ վրդովեցնում ու ցասումդ առաջ բերում, մեկ՝ հետապնդում է հակառակորդդ, մեկ՝ նախանձում ընկերդ…»:

Ուստի այդ Սուրբ Գրքով է, որ աճում ենք, զորանում Նրա ոգով՝ այն արդյունավորելով մեր կյանքում, ինչպես որ «Հիսուս մանուկը զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց» (Ղուկաս 2:52): Մեր հոգին չի կարող ապրել առանց Սբ. Գրքի: Ինչպես մարմինն է մահանում առանց կերակուրի, նույնպես և հոգին չի կարող ապրել առանց Գրքի խրատների: Այս է վկայում մեր Տերը Իր փորձության ժամանակ. «Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո ամեն խոսքով» (Ղուկաս 4:4): Նրանք, ովքեր մտածում են միայն իրենց մարմինների մասին, իսկ անմահ հոգու նկատմամբ անտարբեր են, Սբ. Տիխոն Զադոնացին նմանեցնում է նրանց ջրում խեղդվողների, ովքեր, սակայն, չմտածելով իրենց անձի մասին, ուզում են իրենց իրերը փրկել:

Աստծու շնչով գրված Գիրքը մեզ սովորեցնում է, թե ինչ պետք է անել և ինչ չանել: Այն բոլոր ժամանակների համար է, նրա ընթերցանությունը հարատև է, իսկ արժեքը՝ հավիտենական. «Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան, այսինքն՝ այն խոսքը, որ ավետարանվեց ձեզ» (Ա Պետրոս 1:24-25) և «Նույնիսկ եթե երկինքն ու երկիրը անհետանան, Իմ խոսքերը չեն անհետանա» (Մատթեոս 24:35): Սբ. Գրքի հանապազ ընթերցանությունը հավատացյալի հոգևոր կյանքի օրհնաբեր աղբյուրն է: Այն չի համալրվում կամ էլ փոխարինվում նորով: Սրբազան այդ գիրքը մատենադարան է, այն իր մեջ պարունակում է ամեն տեսակի գրականություն՝ պատմություն, բանաստեղծություն, երգ, օրենք, նամակագրություն, քարոզ և այլն՝ գրված կրոնական որոշ նպատակով: Այն ոչ մի եզր չունի աշխարհի մյուս բոլոր գրքերի հետ և «Տարբեր է այլ գրքերից, որովհետև կրթում է սիրտն ու հոգին» (Խրիմյան Հայրիկ):

Կարդացեք նաև

Աստվածաշունչը ընթերցանության առանձնահատուկ եղանակներ ու կերպեր ունի: Եկեղեցու հայրերը մշակել են հոգևոր ընթերցանության տեսական ու գործնական համակարգեր: Սբ. Բարսեղ Կեսարացին խորհուրդ է տալիս Սբ. Գրքի ընթերցանությունը ուղեկցել աղոթքով:

«Աստվածային ու փրկագործական Գրքերը ոչ ոք չի կարող ինքնուրույն հասկանալ կամ ընկալել առանց Սբ. Հոգու օգնության»,- ասել է Սիմեոն Նոր Աստվածաբանը: Հետևաբար նրանք, ովքեր ուզում են ընկալել Սբ. Գիրքը, պետք է դիմեն եկեղեցու սրբազան ավանդությանը՝ հայրերի ու վարդապետների մեկնողական գրականությանը: Սրբազան այդ Գիրքը պետք է կարդանք ջանասիրաբար ու փութեռանդորեն՝ համակ և երկյուղալից ուշադրությամբ կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա: Որպեսզի ընթերցանությունը պտղաբեր և բեղմնավոր լինի, պետք է ջանանք կատարել նրա պատվիրանները, քանի որ անօգուտ է Աստծու խոսքն առանց գործերի կարդալը կամ լսելը: Քրիստոս երանի է տալիս նրանց, ովքեր Աստծու խոսքը լսում են ու պահում. «Երանի՜ նրանց, որ լսում են Աստծո խոսքը և պահում» (Ղուկաս 11:28):

Սբ. Գրքի ընթերցանությունը Աստվածճանաչողության կատարյալ ուղիներից մեկն է: Աստծու խոսքը մեր առջև բացահայտում է մարդ-Աստված փոխհարաբերությունը՝ սկսած մարդու արարումից: Սբ. Գիրքն ընթերցողը հաղորդվում է Տիրոջ հետ, հնարավորություն ունի թափանցելու Նրա մեջ՝ թույլ տալով նաև, որ Տերը թափանցի և գործի ոչ միայն իր մտքում, այլ նաև՝ իր սրտում: Որքան շատ ժամանակ ենք հատկացնում Աստծու խոսքին ծանոթանալուն, այնքան ավելի խորությամբ ենք խորհում Նրա հավիտենական ճշմարտության մասին:

Սբ. Գրքի ընթերցանությունն Աստծու հետ միավորման հնարավոր ուղիներից է և ով չի ցանկանում օգտվել դրանից, Տիրոջ արդար դատաստանի ժամանակ արդարացում չի ունենա, քանի որ Քրիստոս ասաց. «Ով անարգում է Ինձ և Իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ նրան դատում է. այն խոսքը, որ Ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը» (Հովհաննես 12:48): Եվ այս հավիտենական ճշմարիտ սնունդից կամա թե ակամա հրաժարվելու պատճառն է ժողովրդի խոտորումը, բարքերի անկումը, հասարակական կյանքի ճգնաժամը: Ինչպես նշում է Բարսեղ Վարդապետ Ճոնը «Սբ. Գրքի չիմացության պատճառով բյուրավոր չարիքներ են պատահում: Ինչպես որ ոչ ոք չի կարող առանց լույսի ուղիղ գնալ, այդպես էլ նրանք, ովքեր չեն հայում աստվածային Գրքերի ճառագայթներին, հանապազ մեղանչում են»:

Այն մարդիկ, ովքեր պատճառաբանում են, թե չեն հիշում իրենց ընթերցածը, Ամբրոսիոս Օպտինացին խորհուրդ է տալիս. «Թեկուզ միայն ընթերցի՛ր Գիրքը: Եթե ոչինչ չհիշես էլ, միևնույն է, ընթերցանության ընթացքում օգուտ կստանաս»:

4-րդ դարի նշանավոր եկեղեցական հայրերից Սբ. Օգոստինոսի կյանքում շրջադարձային և բարերար ազդեցություն ունեցան աստվածաշնչյան հետևյալ տողերը. «…Փոխանակ ապրելու անառակությամբ և հարբեցողությամբ….Ձեզ վրա վերցրեք Տեր Հիսուս Քրիստոսի նկարագիրը..» (Հռոմեացիներ 13:13-14): Այս խոսքն իր կյանքի լույսը եղավ: Թեև իր մայրը քրիստոնյա էր, սակայն Օգոստինոսը մեծացել էր որպես հեթանոս: Բարձրագույն ուսում ստացավ, բայց իր հոգու քաղցը հագեցնելու համար Սբ. Գրքի ընթերցմանը նվիրվեց: Այն իր համար ոչ խորը թվաց, ուստի դադարեցրեց ընթերցել: Սկսեց արհամարհանքով նայել քրիստոնյաներին: Ինը տարի այլ կրոններ և վարդապետություններ ուսումնասիրեց և երբ ոչինչ չգտավ նրանց մեջ, անհավատության մեջ մոլորվեց և բարոյապես էլ սոսկալի անկումներ կրեց:

Եվ մի օր էլ տեսնելով, որ իր կողմից ծաղրված քրիստոնյաները բարոյապես իրենից շատ ավելի բարձր կյանքով են ապրում, դատապարտեց իրեն: Եվ երբ հոգեպես ընկճված բացականչեց. «Ի՜նչ անեմ, ի՜նչ անեմ», հանկարծ մի ձայն լսեց, որ ասում էր «Վերցրո՛ւ և կարդա՛»: Կրկին վերցրեց իր արհամարհած Սբ. Գիրքը, և հանդիպելով վերոնշյալ տողերին՝ իր կյանքը փոխեց: Անմիջապես մկրտվեց և իր ծառայությունը մատուցեց որպես քրիստոնյա: Դպրոցներ ու վանքեր հիմնեց, իր իմաստասիրություններով ճոխացրեց քրիստոնեական աստվածաբանությունը:

Ուրեմն, մենք էլ վերցնեք Սբ. Գիրքը և կարդանք, և զգույշ լինենք, որ թշնամին չխանգարի մեզ՝ ասելով. «Նախ այս կամ այն գործն արա, որովհետև չնչին բան է, իսկ հետո հանգիստ խղճով կկարդաս…»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս