Բաժիններ՝

«Հազար եմ ասել՝ մի էպիզոդային բանն առանց վերլուծությունների ներկայացնելը շատ վատ է, դրա համար էլ էս օրին ենք». Աշոտ Հարությունյան

Մայիսի 29-ին խորհրդարանում բյուջեի կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, ասել էր, թե Հայաստանում ավանդական գյուղատնտեսությունն այլևս ապագա չունի։

«Ամենամեծ խնդիրն ունենք գյուղատնտեսության մեջ, որովհետև այս ոլորտում 2022-ին արձանագրել ենք 0.7 տոկոս անկում։ Անկումը կանգնեցնելու և զարգացման հարթակ դուրս գալու մեկ տարբերակ կա՝ ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում:

Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, որովհետև առուներով, փոքր գետերով այգիներ ոռոգելու հեռանկարը սահմանափակ է, քանի որ գլոբալ ջերմացման պատճառով ջուր՝ նախկինի պես, չի լինելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Արդյո՞ք Հայաստանում ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ որպես ավանդական գյուղատնտեսության այլընտրանք։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ Աշոտ Հարությունյանն այս հարցերին պատասխանելուց առաջ նախ ասաց, որ այսօր Հայաստանում գյուղատնտեսություն գոյություն չունի, որովհետև ո՛չ  այդ քաղաքականությունը մշակող կա, ո՛չ իրականացնող կա, և ո՛չ էլ գիտեն, թե այսօր ինչ են անելու վաղվա պլանով։

«Այսօրվա դրությամբ էկոնոմիկայի նախարարությունը որոշ ծրագրեր անում է, կոպիտ ասած՝ «լոմբարդի» դեր է խաղում։ Այսօր այն ֆերմերների վարկավորման տոկոսադրույքը, որ սուբսիդավորում էին, դա էլ հանեցին։ Թողել են ամենամեծ ծրագրերը, որոնցով միջինից ցածր ֆերմերները չեն կարողանում բացարձակ օգտվել։

Իսկ ինչ վերաբերում է մեծ ծրագրերին, դա էլ հեռանկար չունի, քանի որ իրացման շուկան «դամոկլյան սրի» տակ է։ Բոլորը լավ գիտեն, որ այսօր միակ ճանապարհը փակվելու է, ու ինչ է լինելու ծիրանի, լոլիկի խնդիրը։ Փոխարենը՝ մենք ունենք լեռնային ու նախալեռնային գոտիներում, որտեղ որ կաթիլային ոռոգման մասին խոսք չկա, որովհետև հանրապետությունում 445 հազար հեկտար վարելահողերից, ըստ իրենց ունեցած տվյալների, շուրջ 124 հազար հեկտարն է  ջրովի։ Նշանակում է՝ մնացած 300 հազարից ավելի ոչ ոռոգելի հողերը, որոնք պայմանական նաև ժամանակին ոռոգելի են եղել, այնտեղ բացարձակ ո՛չ կաթիլայինի մասին է խոսք գնում, ո՛չ ոռոգման»,- նշեց Աշոտ Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ավանդական գյուղատնտեսությունը շատ լավ բան է, սակայն ավանդական գյուղատնտեսության վրա պետք է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ՝ Հայաստանին համապատասխան, այլ ոչ թե Նոր Զելանդիայինը կամ Կանադայինը բերեն ու փորձեն տեղայնացնել, առանց հասկանալու Հայաստանի բնությունը, կլիման։

«Ինչ վերաբերում է այգիներին՝ կաթիլային ոռոգման համակարգին, ապա դա ջրելու, ոռոգելու եղանակ է, ի՞նչ կապ ունի ավանդականը ոչ ավանդականի հետ։ Հողի մշակումն է ավանդական, ոչ ավանդական, ժամանակակից, ինտենսիվ, էքստենսիվ՝ ելնելով բնակլիմայական պայմաններից, հանրապետության պլանային տնտեսությունից։

Կաթիլային, ջրախնա համակարգը շատ լավ բան է, բայց երբ ոռոգման ցանցերը շատ վատն են, և Սևանի ջուրը հասնում է Արմավիր 80 տոկոս կորստով, փոխանակ մայր առուները կարգավորեն, արդեն որերորդ անգամ եմ ասում, մնացած տնտեսվարողները կգտնեն ոռոգման խնայող ռեժիմը։ Հազար եմ ասել, մի էպիզոդային բանն առանց վերլուծությունների ու լուրջ հիմքերի ներկայացնելը շատ վատ է, դրա համար էլ մենք էս օրին ենք»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր կա Արցախի լուրջ խնդիր, Հայաստանում կա անվտանգային լուրջ խնդիր։ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում բավականին հող չի մշակվում՝ հայտնի պատճառներով։

«Գիտենք մեր 120 հազար արցախահայ քույր և եղբայրների խնդիրը, մնացածը եկեք չմեկնաբանեմ, որովհետև շատ կոպիտ պիտի լինեմ»,- եզրափակեց Աշոտ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս