Սեքս-սկանդալի կիզակետում հայտնված անձին նշանակել են ՇՊՀ քոլեջի ու վարժարանի ընդհանուր կոորդինատոր-ղեկավար

Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ), 168.am-ի տեղեկություններով, կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում ՇՊՀ քոլեջը և ավագ դպրոցը, որն այժմ վերածվել է վարժարանի, ուր սովորելու են 5-12-րդ դասարանների աշակերտները, ունենալու են մեկ ղեկավար:

Այդ որոշման արդյունքում՝ աշխատանքից ազատել են ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանին, ով հայ-ռուսական Սլավոնական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի հորեղբոր տղան է, և ՇՊՀ-ում ստեղծված նոր ստորաբաժանման՝ վարժարանի և քոլեջի ընդհանուր կոորդինատոր-տնօրեն են նշանակել ՇՊՀ քոլեջի տնօրեն Աշոտ Դավինյանին, որը ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանի քրոջ որդին է:

Ի դեպ, սա այն ֆակուլտետն է, որն ամենափոքր քանակությամբ ուսանողներն ունի, բայց որը, ըստ Երվանդ Սերոբյանի, պետք է ունենա 4 ամբիոն՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, ՏՏ ոլորտի և աշխարհագրության ու սերվիսի:

168.am-ը գրել էր, որ մի քանի տարի է՝ ֆիզիկամաթեմատիկական բաժնում ուսանող չկա, չնայած այն հանգամանքին, որ, ըստ մեր տեղեկությունների՝ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոռեկտոր Գագիկ Նիկողոսյանը և ամբիոնների  վարիչներից մեկը մասնագիտությամբ ֆիզիկոսներ են, բայց զբաղվելով նաև  կրկնուսույցի աշխատանքով, չեն կարողացել մի ուսանող անգամ բերել բուհ, որ այդ բաժինը չփակվեր: Նույն իրավիճակն է նաև մաթեմատիկա մասնագիտության գծով: Փաստացի տարիներ շարունակ, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների գծով չունենալով ուսանող, բացում են այդ առարկաների բաժնի ամբիոն:

Կարդացեք նաև

Այս մասին 168.am-ը հանդես էր եկել հրապարակմամբ:

Շնորհիվ կառավարության որոշման, ըստ որի՝ «Մաթեմատիկա» բաժնում սովորող ուսանողներն ամսական 70.000 դրամի չափով, որպես խրախուսանք, կրթաթոշակ են ստանալու, այս ֆակուլտետում այս տարի դիմորդների քանակն ավելացել է: «Ֆիզիկա» բաժինը փակ է:

Լևոն Մարտիրոսյանն աչքի է ընկնում դասախոսին ոչ վայել վարքագծով ու բառապաշարով, այդ թվում՝ չի խորշում ոչ նորմատիվային բառապաշարով շփվել իր ուսանողների հետ:

Վերջինս, մասնավորապես, հանդես էր գալիս հակաեկեղեցական հրապարակային գրառումներով: Ընդ որում, այդ գրառումները եղել են նաև 2018թ.-ի հեղափոխական իրադարձություններից շատ առաջ: Այս հանգամանքը բավականին շատ իրողությունների վրա է լույս սփռում՝ հաշվի առնելով, թե հակաեկեղեցականները սովորաբար որ կենտրոնից են ղեկավարվում: Պատահական չէ, որ Լևոն Մարտիրոսյանը «Մեկ Հայաստան, մեկ Հայրապետ» տխրահռչակ հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի շրջապատից է, ով իր այդ «ջանքերի» համար ստացավ Հայաստանի տնտեսագիտական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնը:

Մենք դեռևս մեկ տարի առաջ՝ 2022թ. հունիսի 13-ին, գրել էինք, որ Լևոն Մարտիրոսյանը կարողացել է դպրոցում ուսուցիչ աշխատած իր քրոջ որդուն՝ Աշոտ Դավինյանին, նշանակել տալ ՇՊՀ քոլեջի տնօրեն:

Ի դեպ, Աշոտ Դավինյանի մորաքրոջ որդին «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանն է: Վերջինս զբոսաշրջային ընկերություն ունի, նաև Գյումրիի «Արաքս» հյուրանոցի վարձակալն է. հյուրանոցի սեփականատերը բնակվում է Մոսկվայում, և Վարդան Սրտաշյանը, ըստ էության, աշխատեցնում է բիզնեսը: Գյումրեցիների խոսքով՝ ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանի հետ պարբերաբար հանդիպող, արտախորհրդարանական ուժի ղեկավար հանդես եկող Լևոն Շիրինյանը հաճախ են լինում «Արաքս» հոթելում:

Գյումրիում գաղտնիք չէ, որ ազգային արժեքների գաղափարախոսության ներքո հանդես եկող այս ակումբի ցանկալի հյուրը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդներից, Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից Լևոն Շիրինյանը, պարբերաբար ակումբի անդամների համար, որպես հրավիրյալ դասախոս, դասախոսություններով է հանդես գալիս: Այս կապի մասին ակումբում ևս չեն խոսում, փորձում են թաքցնել իրենց առնչությունը Լևոն Շիրինյանի հետ:

Բայց փաստերը խոսուն են: Այս ակտիվ հղման ներքո տեղ գտած տեսանյութում Վարդան Սրտաշյանի խոսքը շատ «տպավորիչ է»:

Այս հյուրանոցում նաև Նիկոլ Փաշինյանն էր հանգստանում, ու Վարդան Սրտաշյանը հպարտորեն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար և տեսանյութ էր հրապարակում նրա հետ:

168.amանդրադարձել է այս շարժմանը և գրել, որ իրականում այս ուժի հետևում, ըստ Գյումրիում տարածված լուրերի, կանգնած են ՔՊ-ականները՝ ի դեմս Շիրակի նախկին մարզպետ, պատգամավոր Կարեն Սարուխանյանի: Այդ շարժումը, ի դեպ, ձևավորվել էր Գյումրու «Ազգային Արժեք Ակումբի» և Երևանում գործող «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրի արդյունքում:

Այս քաղաքական ուժի կազմում էր նաև Կարեն Սարուխանյանի հորեղբոր տղան՝ Արմեն Սարուխանյանը՝ նախկին ԲՀԿ-ական, Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շտաբի ակտիվ ներկայացուցիչներից մեկը: Հենց վերջինս էր, Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ, կոորդինացնում «Գյումրին կռնա» շարժման ու Կարեն Սարուխանյանի կապերը: Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս ուժը, ի դեպ, փորձում էր դիրքավորվել՝ որպես ընդդիմադիր ուժ:

Այս անձը նախկինում զբաղեցնում էր Գյումրիի միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոնը:

Թերևս ուշադրության չէր արժանանա Աշոտ Դավինյանի նշանակումը ՇՊՀ նոր ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, եթե չլիներ մի ուշագրավ ու բավականին տհաճ հանգամանք:

2022թ. սեպտեմբերի 3-ին «Հայելի» ակումբի կայքէջում մի հրապարակում տեղ գտավ, որի «հերոսը» ՇՊՀ քոլեջի տնօրեն Աշոտ Դավինյանն էր: Վերջինս հայտնվել էր սեքս-սկանդալի կիզակետում:

Հրապարակումը չհերքվեց ո՛չ ՇՊՀ-ի կողմից, որն անմիջական կապ ուներ այդ պատմության հետ, ո՛չ էլ Աշոտ Դավինյանի կողմից:

Փաստորեն, անպարկեշտ սկանդալի կենտրոնում հայտնված անձնավորությանն է վստահվել մի հաստատության ղեկավարում, ուր սովորում են անչափահաս աղջիկներ: Զարմանալի չէ, որ այս մարդը, ով հիմա հանդես է գալիս իբր թե ընդդիմադիր-ազգային ուժին հարողի դիրքերից, վայելում է այս իշխանությունների հովանավորությունը:

Դժվար է, իհարկե, հավատալ, որ ընդդիմադիր դիրքավորում ունեցող մեկի համար ՇՊՀ-ն, որն ամբողջովին գտնվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստվերային կառավարման ներքո, կգնար կառուցվածքային փոփոխության, բայց դա, ինչպես ասում են, այլ պատմություն է:

Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի պետական  համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից, որպես կաշառք, ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց  դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք:

Մեր տեղեկություններով՝ խոսքն Արթուր Մկրտչյանի մասին է, ով Վարդան Սրտաշյանի ու Աշոտ Դավինյանի քեռու՝ վերը նշված Լևոն Մարտիրոսյանի ղեկավարած ֆակուլտետի աշխատակից է:

ՇՊՀ-ում ասում են՝ այդ ֆակուլտետը ՇՊՀ-ում ամենակոռումպացվածներից է:

Տեսանյութեր

Լրահոս