Հայաստանում որո՞նք են ամենապահանջված ուղղությունները, որտե՞ղ են նախընտրում հանգստանալ քաղաքացիները
Մայիսի 27-28-ը Զբոսաշրջության կոմիտեն կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի նպատակն էր՝ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։
«Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։ Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ և ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է։ Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը, ինչին նպաստում է նաև երկրում ձևավորված բարենպաստ գործարար միջավայրը», – նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ներգնա տուրիզմով զբաղվող ընկերություններից 168.am-ին հայտնեցին, որ այս պահին ամենապահանջված ուղղություններն են՝ Տաթև, Նորավանք, Գառնի, Դիլիջան, Սևան, Գյումրի:
«Օգտվում են թե՛ մեկօրյա տուրերից, թե 2-4: Առավել հաճախ որևէ տեղ երկար նախընտրում են մնալ, երբ ընտանիքով են: Մայիս, հունիս ամիսներին շատ են տուրերից օգտվում դպրոցներից. դասարանով գնում են որևէ տեղ՝ հիմնականում Սևան, երբեմն՝ Արևածագի ձոր, Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Թաքնված ջրվեժ, Եղնիկների այգի, Խոր Վիրապ»,- նշեցին, երբ փորձեցինք պարզել, թե Հայաստանի տարածքում որտե՞ղ են նախընտրում հանգստանալ և որքա՞ն գումար են նախատեսել:
«Մենք գործընկերներով նախատեսում ենք այցելել Գյումրի: Յուրաքանչյուրս նախատեսել ենք մոտ 70.000 դրամ՝ երկուսից երեք օրվա համար: Կարծում եմ, շատ լավ ժամանակ կանցկացնենք»,- մեզ հետ զրույցում նշեց Նարինեն:
«Մտածում եմ՝ Ծաղկաձոր գնալ երկու օրով, ապա՝ Սյունիք: Նախատեսել եմ մոտ 150.000 դրամ»,- ասաց Հայկը:
«Երկտեղանի ստանդարտ համար ենք վերցրել Լոռու մարզի Շնող գյուղում, օրավարձը՝ 12.000 դրամով: Հույս ունեմ, որ հրաշալի բնության գրկում մի լավ կհանգստանանք»,- հավելեց Սեդան:
Փորձեցինք պարզել, թե այս պահին ո՞ր ուղղություններով և ի՞նչ գներ են առաջարկում պահանջված տուրիստական ընկերությունները:
Երկօրյա տուրը՝ դեպի Մեղրի, Onewaytour-ն առաջարկում է մեկնել 25.000 դրամով: Տաթև, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ, Արենի հնարավոր է մեկնել 8500-11.000 դրամով, իսկ Օձուն, Սանահին, Հաղպատ, Ախթալա՝ 7500-10.500 դրամով:
Արշավներ ակումբն առաջարկում է տուր դեպի Ծաղկեվանք, Հովհաննավանք, Սաղմոսավանք, Կարմրավոր՝ 4500-4900 դրամով: Սևանավանք, Գոշավանք, Հաղարծին մեկնելու համար 5200-5500 դրամ է անհրաժեշտ, իսկ Քարի լիճ և Տեղերի վանք հասնելու համար պետք է 5500 դրամ:
Համշեն տուրն առաջարկում է երկօրյա ուղևորություն՝ դեպի Ծակքարի լիճ և Բաղաբերդ, Մեղրի ու Կապան՝ 27.000 դրամով:
Այս շրջանում մարզերում օրավարձով են տրվում նաև բնակարաններ:
Օրինակ, Ստեփանավանում հյուրատունը բաղկացած է երկու առանձին համարներից, նախատեսված չորս և վեց անձի համար, օրավարձը՝ 20.000 դրամ: Դիլիջանում տրվող բնակարանների օրավարձը տատանվում է 20-50.000 դրամի սահմաններում, Դսեղում, Գյուլագարակում 15.000 դրամ է: