63-ամյա կլինօրդինատորը. ո՞ւմ համար է միջնորդել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
Ավելորդ է ևս մեկ անգամ հիշեցնել, թե իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ ու ինչ պաթոսով է հայտարարել, որ վերջ է տրվել խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով աշխատանքի ընդունման պրակտիկային:
«Կառավարման համակարգը ո՞նց ա աշխատել մինչև հիմա: Էլի հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, ընտրությունների պոտենցիալ պրոբլեմ… Բոլորին բերել են, լցրել են, տեղավորել են պետական կառավարման համակարգ: Հիմա էսպիսի խնդիր չկա դրված»,- դեռևս 2018թ. օգոստոսի 9-ին կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
2019թ. հունիսի 19-ին էլ հայտարարել էր, որ կա Քաղաքացիական ծառայության օրենք, և իրենք պայքարում են, որ «ամեն իշխանություն չգա և իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ»:
«Մեր այս խոստումը կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել… Իհարկե 100%-ով կատարվել է»,- ասել էր նա:
Նույնը Նիկոլ Փաշինյանը կրկնել էր Ազգային ժողովում, և առհասարակ իրենց իշխանության գալու՝ հատկապես առաջին տարիներին Փաշինյանի թիմակիցները առիթը բաց չէին թողնում երկրորդել իրենց առաջնորդին:
Նպատակ չունենք Փաշինյանի ու նրա թիմի՝ ԽԾԲ-ական թեմայով ելույթների ու մեկնաբանությունների ողջ շղթան ներկայացնել: Պարզապես փաստենք հերթական ԽԾԲ-ական հովանավորությունների մասին:
168.am–ի ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որը 2023թ. մարտի 1-ին ստորագրել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալիկ Բազարչյանը:
Ըստ այդ փաստաթղթի՝ տնօրենի կողմից տրված հրամանով՝ Լյովա Գարուշի Գասպարյանը և Մարիա Լյովայի Գասպարյանն ընդունվել են անվճար կլինիկական օրդինատուրա:
Առաջին հայացքից այս «անմեղ» հրամանն իրականում ԽԾԲ-ական հերթական դրսևորման մասին է:
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ալիկ Բազարչյանը երևի չգիտի, որ Գասպարյան Լյովան և Գասպարյան Մարիան հայր և աղջիկ են, իսկ Գասպարյան Լյովան 63 տարեկանում է որոշել անցնել կլինիկական օրդինատուրա, որովհետև իրեն պետք է, և դրա հնարավորությունը կա: Ալիկ Բազարչյանը թերևս չգիտեր նաև, որ Գասպարյան Լյովան ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդամ, Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հովանավորյալ Լուսինե Վարդանյանի ամուսինն է, ով մարզում աշխատում է մի քանի հաստիքներով («Մարտունի ԲԿ», Մարտունու ծննդատուն, Ձորագյուղի ամբուլատորիա):
Ալիկ Բազարչյանը երևի տեղյակ չէր նաև, որ Մարիա Գասպարյանը Լուսինե Վարդանյանի դուստրն է, որը ևս աշխատում է «Մարտունի» ԲԿ-ում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, բնականաբար, այս ամենը իմանալով՝ գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ, իսկ առողջապահության նախարարը հանձնարարել է արագ կազմել հրամանը:
Իսկ մարզում կան շատ երիտասարդ բժիշկներ, ովքեր քանի որ հարազատական կապ չունեն Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ, ՔՊ-ական կուսակցական պատկանելություն ու հավատամք ունեցող Լուսինե Վարդանյանի հետ, երբեք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը իրենց համար չի միջնորդի առողջապահության նախարարին, որ այդ երիտասարդ բժիշկներն անցնեն անվճար կլինիկական օրդինատուրա և աշխատեն մարզում: