«Ձկնորսների ներկայացրած պահանջն իրավաչափ չէ՝ բնապահպանական միջոցառում կա». Ձկնորսները բացել են Երևան-Սևան ճանապարհը
Այսօր առավոտյան փաստաբան Նորիկ Նորիկյանը Երևան-Սևան ճանապարհից ուղիղ եթերում ասել էր, որ ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին։ Նրանք պահանջում էին՝ իրենց չարգելել զբաղվել ձկան որսով։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանն ասաց, որ ձկնորսներն անօրինական պահանջ են ներկայացրել, քանի որ ձկան որսն արգելված է որոշմամբ՝ ըստ որի՝ ձվադրող ձկների որս չպետք է լինի։
«Մարզպետը տեղում է եղել, պայմանավորվել են հանդիպել նրանց հետ»,- կարճ պատասխան տվեց Սևակ Խլղաթյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ մարզպետը ճանապարհը փակած ձկնորսների հետ պայմանավորվել է կիրակի հանդիպել և հարցը քննարկել։
«Ձկնորսների ներկայացրած պահանջն իրավաչափ չէ, բնապահպանական միջոցառում կա, ավելին՝ սիգի ձվադրման ժամանակահատվածում նպատակահարմար է, որ ձվադրման գնացող մայրական կազմը չորսացվի։ Ձկնորսների հետ բացատրական աշխատանքներ ենք տարել, բացատրել ենք նշանակությունը, բնապահպանական խիստ կարևորությունը բոլորիս համար է»,- ասաց Մարտին Պետրոսյանը։
Հարցին՝ երբ արգելք է դրվում, չկա՞ մտավախություն, որ ձկնորսներն այդուամենայնիվ այլ ճանապարհով կիրականացնեն որսը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Չեմ կարող ասել, որ դա անհնարին է, ես դեռևս բացարձակ անհնարին բան չեմ տեսել։ Բայց այսօր պահանջները բավականին այլ են, ունենք ջրային ոստիկանություն, ազգային պարկում ունենք հատուկ ստորաբաժանում, բոլորն էլ ուժեղացված ծառայություն են իրականացնում նախ՝ լճում, ապա՝ ճանապարհներին։ Մշակված է համապատասխան միջոցառումների պլան, այդ պլանով մենք իրականացնելու ենք բնապահպանական միջոցառումը»,- եզրափակեց Մարտին Պետրոսյանը։