«Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմ է ադրբեջանցիների հետ ապրելուն, թող գնան ապրեն, մեզ հանգիստ թողնեն». Բերդաշենի բնակիչ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում Ադրբեջանի կրակոցների հետևանքով բնակիչները չեն կարողանում մշակել իրենց հողը։
168.am-ի հետ զրույցում Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանն ասաց, որ թշնամին հանգիստ է այնքան ժամանակ, քանի դեռ այգիներում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող խաղաղ բնակիչ չի տեսել, տեսնելուց վայրկյաններ անց կրակում է այդ ուղղությամբ։
«Կոնկրետ իմ այգում աշխատանք չեմ կատարել, չորացման եզրին է, մինչև հիմա ո՛չ վարել, ո՛չ ջրել ենք։ Այգին թշնամուց այն հեռավորության վրա է, որ ոչ մարդիկ են գալիս աշխատելու, ոչ տրակտորիստ է մտնում հողի մեջ՝ կրակում է թշնամին։ Մեկ-մեկ ես եմ գնում այգի մտնում, այն էլ չգիտեմ՝ կվերադառնա՞մ, թե՞ ոչ, այսպես է իրավիճակը»,- նշեց Բերդաշենի բնակիչը։
Նրա խոսքով՝ մի կողմից՝ ադրբեջանական շրջափակում է, մյուս կողմից էլ՝ նրանց սադրանքները, ու այս ամենին զուգահեռ՝ ՀՀ ղեկավարն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
«Նիկոլն ի՞նչ է մտածում, որ մենք կասենք՝ հա մեր Նիկոլը որ ասում է, պիտի անե՞նք, քանի որ Ադրբեջանն իր մեծ եղբա՞յրն է։ Չէ, իսկապես չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում Արցախն Ադրբեջանի կազմում, ասեմ՝ նշանակում է Արցախն առանց հայի։ Այդ դեպքում կա՛մ պիտի ցեղասպանություն տեղի ունենա, կա՛մ պիտի հեռանանք»,- շեշտեց նա։
Նրա խոսքով՝ Արցախում բոլորը դեմ են Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությանը, եթե Արցախը կարողանար մնալ Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ սկսվեց 1988 թվականի շարժումը, ո՞րն էր դրա նպատակը՝ ցեղասպանությունից և ոչնչացումից փրկվելն էր։
«Առայժմ մարդիկ աշխատում են, ապրում են, հասկանան՝ ինչ է լինելու։
Հայաստանի ղեկավարությունը, եթե այդքան կողմ է ադրբեջանցիների հետ ապրելուն, թող գնան ապրեն, մեզ հանգիստ թողնեն, մեր հողում ապրենք։ Մենք ոչ ցանկանում ենք այստեղից դուրս գանք, ոչ էլ գնալու տեղ ունենք»,- եզրափակեց Կամո Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն իր տարաբնույթ սադրիչ գործողություններին զուգահեռ՝ արդեն 176-րդ օրն է՝ փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
Նշենք նաև, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, անցակետ է։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։