«Հայաստանին Փաշինյանի որևէ գործողություն որևէ լավ բան չի տալիս». Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնել՝ ներկայացնելու ոչ թե հայկական շահեր, այլ ներկայացնելու ստորացված, պարտված Հայաստանը:

«Հայաստանին Փաշինյանի որևէ գործողություն որևէ լավ բան չի տալիս, իհարկե, վատ արդյունքներ մենք շատ ունենք: Թուրքիայից էլ հրավիրել են, ինքը չի կարողացել հրաժարվել. երբ Ռուսաստանից են հրավերներ լինում, ինքը շատ հաճախ մերժում է, իսկ Թուրքիայի հրավերներից չի հրաժարվում, ընդհակառակը՝ ամեն հնարավորություն փնտրում է, որ Թուրքիայի հետ աշխատի, թեկուզ՝ Էրդողանի հետ, և այսպիսով իր քաղաքական գիծը տանի առաջ: Հիշեցնեմ, որ իր հոդվածներում, դեռ 90-ականներից սկսած, ինքը միշտ պրոթուրքական գիծ էր տանում: Դեռ 1999թ. գրած հոդված ունի, որտեղ նշում է, որ պետք է Զանգեզուրը տալ թուրքին, ինքը գրում էր, որ շրջանները կամ թեկուզ ամբողջ Արցախը զիջել Ադրբեջանին, ինչը որ հիմա անում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կադաստրի վկայական չունի, նա նկատեց՝ երկրները միջազգային հանրությանն անդամակցում են ոչ թե սահմանների GPS կոդերով, այլ ուղղակի՝ որպես պետություններ. «Սահմանների ճշգրտումը մնում է պետությունների վրա: Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հարցն է: Կոնկրետ Հայաստանի իշխանությունները որոշել են Ադրբեջանի պայմաններին ամբողջությամբ համաձայնել»:

Կարդացեք նաև

Քաղաքագետը շաբաթներ առաջ Վրաստանում մի գիտաժողովի է մասնակցել և պանելային քննարկում ունեցել նաև ադրբեջանցու հետ, որն ասել է, թե կյանքում երբեք չէին կարող երազել, որ Հայաստանի ղեկավարը ճանաչելու է Արցախը՝ Ադրբեջանի մաս. «Այսինքն՝ գործողությունը Հայաստանի կողմից է արվում, Ադրբեջանն ուղղակի ճնշում է: Ադրբեջանը փորձել է փոփոխություն անել 2020թ.՝ գրավել է 3750 քառակուսի կմ,  դրան գումարած՝ 4700 քառակուսի կմ Փաշինյանի ստորագրությամբ է ստացել, բայց հիմա Փաշինյանն առանց մարտի, առանց որևէ բանի՝ տալիս է իր կողմից, այդ թվում՝ կադաստրի վկայականով: Այսպիսով՝ կադաստրի վկայական տվողը հենց Փաշինյանն է: Ալիևը Հայաստանը չի ճանաչում, և նրանց հայտարարություններից կարող ենք հասկանալ, որ Ալիևի նպատակը միայն Հայաստանի ոչնչացումն է: Արցախի ոչնչացումը դրա մի մասն է»:

Նա նկատեց, որ Փաշինյանն արդեն սկսել է Հայաստանում ադրբեջանական համայնքների վերստեղծման մասին խոսել. «Նա ասում է, որ ուրախ է, որ Հայաստանում մզկիթներ կան: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հարցերի օրակարգը բավականին լայն է: Այդ համայնքներում պետք է զինված ներկայություն լինի, այսպիսով Ադրբեջանը կիսափափուկ ձևերով գրավելու է Հայաստանը՝ առանց մարտի, որովհետև Փաշինյանը դա նրան թույլ է տալու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս