Բաժիններ՝

2021 թվականին 15-25 տարեկան չսովորող և չաշխատող տղամարդկանց տեսակարար կշիռը եղել է ամենաբարձրը՝ 53.6 % կամ 28.000 մարդ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության համար ևս սահմանել հավասար հնարավորություններ, ինչը նախատեսված է Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց համար։

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը։ Հիմնավորման մեջ նշված է նաև.

«Ինչպես ցույց են տալիս Զբաղվածության ռազմավարության նախագծի մշակման շրջանակներում իրականացված աշխատաշուկայի վերլուծության արդյունքները, 2021 թվականին 15-25 տարեկան չսովորող և չաշխատող տղամարդկանց տեսակարար կշիռը նույն խմբի տղամարդկանց թվաքանակում եղել է ամենաբարձրը՝ 53.6 % կամ 28.0 հազ. մարդ։ Նշված տարիքային միջակայքը համընկնում է բանակից վերադարձի և բարձրագույն կրթություն ստանալուց հետո՝ աշխատաշուկա մուտք գործելու ժամանակահատվածի հետ։ Նախագծով նախատեսվում է ստեղծել լրացուցիչ հնարավորություններ նշված անձանց մուտքն աշխատաշուկա դյուրացնելու համար, մասնավորապես՝ ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով»:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող՝ Ադրբեջանի կողմից 2022 թվականին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված՝ գործազուրկ անձանցով՝ ապահովելով նրանց համար կայուն զբաղվածություն։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս