Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը՝ քաղաքական մակընթացություններում․ ինչո՞ւ են ազատել 31 տարվա ստաժով մանկավարժին
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Հայաստան Հակոբյանը, որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, այսօր տեղեկացրել է՝ քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով իրեն ազատել են պաշտոնից։
«Մի աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս, դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը»,- գրել է Հակոբյանը՝ նկատառմամբ, որ լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու իր համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքի շահը գերակա է։
168․am-ը կապ հաստատեց Հայաստան Հակոբյանի հետ՝ տեղեկանալու մանրամասներից։
«Հունիսի 24-ին տնօրենս ինձ կանչեց, ասեց` տհաճ է լինելու իմ խոսակցությունը, ապա ինձ տվեց ծանուցում, որտեղ 4 կետ էր ներկայացնում ու որոնցից որևէ մեկը չէր համապատասխանում իրականությանը։ Երեք օրում ինձնից բացատրագիր էր ուզում, ես հիմքերով բացատրագիրն ուղարկել եմ։
Ինձ ասում է, թե արձակուրդի ժամանակ մուտք եմ գործել քոլեջ, քարոզ եմ արել ուսանողներին, որը բացահայտ սուտ է, պնդում էր, թե ամսի 23-ին աշխատանքի չեմ ներկայացել, բայց ես ներկայացել եմ աշխատանքի և իր թույլտվությամբ էքսկուրսիա եմ տարել ուսանողներին, որ արձակուրդ եմ գնացել՝ մատնանշելով այդ պահին ծագած ընտանեկան պատճառները ․․․
Ես բացատրագիրն եմ ներկայացրել իրեն, հիմքեր բերել՝ պնդելով, որ չի համապատասխանում իրականությանը ընդհանրապես իր մեղադրանքները, բայց երկուշաբթի տեսուչի միջոցով ուղարկում է թուղթը, որտեղ գրված է, թե անվստահության հիմքով ինձ ազատում է աշխատանքից»,- պատմեց Հայաստան Հակոբյանը։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ մեկնարկելու է իրավական գործընթաց։
«Ամեն ինչ արվում է անհիմն․ պարզ երևում է, որ քաղաքական է, դե, բնականաբար, երկրում ինչ է կատարվում, պիտի նույնը կատարվեր այստեղ»,- հավելեց նա։
Նա նշեց նաև, որ լավ հարաբերություններ է ունեցել տնօրենի հետ, ենթադրում է, որ նա գուցե մարզպետարանի ճնշման ներքո է գործել։
168․am-ը փորձեց կապ հաստատել նաև Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանի հետ․ մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք՝ նախընտրական շրջանում Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջը քաղաքական սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը (կամ տնօրենը) հրահանգում ուսանողներին ժամը 17:00-ին լինել հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար։ Ըստ ձայնագրության՝ երբ Արսեն անունով ուսանողն ընդդիմանում է, դասախոսը պահանջում է կատարել հանձնարարվածը։
Ի դեպ, Հայաստան Հակոբյանը տեղեկացրեց, որ ձայնագրությունների գործով անցնող դասախոսը, Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է նաև, քոլեջում արժանացել է ընդամենը նկատողության, մինչդեռ իրեն ազատում են առանց հստակ հիմքերի։

