«Փաշինյանի ստորագրությամբ է Արցախը հայտնվել այս իրավիճակում. հիմա փորձում է ձեռքերը լվանա՞լ». Դավիթ Գալստյան

«Արցախում իրավիճակը նույնն է. շուրջ 6 ամիս է՝ շրջափակման մեջ ենք, և գնալով ավելի ցայտուն են դառնում խնդիրները: Ունենք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ, Սարսանգի ջրամբարն արդեն դատարկվում է, դա նույնպես բնապահպանական աղետ է, և, ցավոք, օրվա իշխանությունները չեն կարողանում այդ մասին իրականությունը ներկայացնել միջազգային հանրությանը, որ՝ եթե այս շրջափակման սկիզբը իբր բնապահպանական խնդիրներն էին, ապա այսօր իրականում մենք ունենք բնապահպանական խնդիր՝ կապված Սարսանգի ջրամբարի հետ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը:

«Ադրբեջանը փորձում է ռազմական գործողությունները վերսկսել, ինչն Արցախը հայաթափելու իրենց շարունակական քաղաքականությունն է, բայց հակազդում չկա: Իսկ հակազդումը Արցախի կողմից միայն խորհրդարանական կամ թեկուզ Արայիկ Հարությունյանի մակարդակով քիչ է, մեր ձայնը այնքան լսելի չէ, ինչքան որ Հայաստանինը՝ որպես ճանաչված և միջազգային հարթակներում ներկայացված պետության, իսկ Հայաստանի այդ լծակները պետք է օգտագործվեն թե՛ բնապահպանական խնդիրների, թե՛ շրջափակման, թե՛ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները բարձրաձայնելու համար: Եթե գլոբալ առումով դիտարկենք, ապա բոլորս գիտենք, որ 2018թ. ի վեր այս իշխանության բոլոր քայլերն ուղղված են Արցախը բռնակցելու Ադրբեջանին»,- շեշտեց նա:

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից տարբեր հնարավորությունների չօգտագործումը հիմք է տալիս մտածել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան ներքին պայմանավորվածություններ. «Երբ Ալիևն այսօր խոսում է բանակցություններից կամ Բաքու է հրավիրում Արցախի իշխանություններին, իսկ միջազգային խաղացողները չեն խոսում այն մասին, որ կա միջազգային մանդատով հաստատված կառույց՝ ԵԱՀԿ ՄԽ-ն, որն իրավասու է առ այսօր քննարկել ԼՂ հիմնախնդիրը, փորձում են անտեսել իրենց իսկ ստեղծած կառույցը, գալիս ենք այն եզրահանգման, որ իրենք միակողմանի քաղաքականություն են վարում՝ հօգուտ Ադրբեջանի, որին համաձայն է, ցավոք, նաև Հայաստանի օրվա իշխանությունը: Հայաստանի իշխանությունների կողմից ևս չի բարձրաձայնվում այդ կառույցը վերագործարկելու մասին»:

Երեկ ԵԽ նախագահ Միշելը թվիթերում գրել էր Բաքվի և արցախահայության միջև երկխոսությունից։ «Ներկայումս վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության շուրջ։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտություն, վերքերը բուժելը  ժամանակ է պահանջում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել էր Միշելը:

Կարդացեք նաև

Դավիթ Գալստյանի գնահատմամբ՝ Շառլ Միշելի այդ հայտարարությունը ևս փաստում է, որ նրանք միակողմանի՝ ադրբեջանամետ հայտարարություններով են հանդես գալիս. «Անտեսելով Մինսկի խումբը՝ նրանք փորձում են Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն հաստատել, հատկապես, երբ գիտենք, թե այդ երկխոսությունն ուր է տանում: Ադրբեջանն է առավելապաշտական քաղաքականություն վարում, որը փորձում են աղավաղել, մանիպուլացնել և բարդել հայկական կողմի վրա: Այսօր Հայաստանը չի ներկայացնում այնպիսի մարդ, որը մտածում է հայ ազգի մասին, այլ ոչ թե՝ սեփական շահի: Այս բոլոր գործիքակազմն Ադրբեջանն օգտագործելով՝ փորձում է պարտադրանքի լեզվով խոսել»:

Նա շեշտեց՝ Հայաստանը նախկինում միշտ պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ Արցախն ինքնորոշվել է այնպես, ինչպես Ադրբեջանը. «Հիմա, Նիկոլ Փաշինյանն այս ամբողջն աղավաղում է, չգիտենք՝ ինչ փաստաթղթերի վրա է հղումներ անում, բառ անգամ չի խոսում այն վերապահումների մասին, որոնք Հայաստանի ԳԽ-ն պարտադիր մտցրել է իր մատնանշած Ալմա Աթայի հռչակագրի մեջ: Փաշինյանն անտեսում է հայկական կողմի այդ վերապահումները, էլ միջազգային հանրությունից ի՞նչ սպասենք»:

Ինչ վերաբերում է Քիշնևում սպասվող եռակողմ հանդիպմանը, Դավիթ Գալստյանը նշեց, որ հերթական անգամ Հայաստանի պարտված իշխանությունները գնալու են և հերթական պարտադրանքներն են լինելու. «Եթե չկարողանանք լուծել այս խնդիրը, այն է՝ պարտված իշխանություններից օր առաջ ազատվելը, ցանկացած հանդիպման ժամանակ նոր զիջումներ ու պարտություններ են գրանցվելու դիվանագիտական ոլորտում»:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների անելիքներին՝ նա շեշտեց, որ նրանք պետք է Հայաստանի իշխանությունների առաջ խնդիր դնեն, որ նոյեմբերի 9-ին Փաշինյանի իսկ ստորագրած փաստաթղթի հետևանքով ենք մենք հայտնվել այս իրավիճակում, և պահանջատեր լինեն, որ Փաշինյանը տեր կանգնի իր ստորագրությանը. «Փաշինյանը փորձում է ձեռքերը լվանալ, Արցախը թողնել բախտի քմահաճույքին, բոլոր միջազգային հարթակներում հետքայլ կատարել Արցախի մասով, ինչն անընդունելի է: Պետք է Արցախի իշխանությունները պահանջեն և պարտադրեն, որ Փաշինյանը նման քայլերի չգնա: Պետք է թույլ չտալ, որ իշխանությունը պահելու համար հայրենիքի հաշվին գնան այդպիսի քայլերի. Իշխանությունը մնայուն չէ, հայրենիքն է մնայուն, պատմությունը գնահատական է տալու այս բոլոր իշխանավորներին: Ես համոզված եմ, որ օրենքի ամբողջ խստությամբ նրանք պատասխանատվություն են կրելու իրենց յուրաքանչյուր՝ թե՛  դիվանագիտական, թե՛ ռազմական ճանապարհով կատարված բոլոր պարտությունների և հետքայլերի համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս