
Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Ճապոնիա, Սինգապուր, Հնդկաստան և Ֆրանսիա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կմեկնի Ճապոնիա, Սինգապուր, Հնդկաստան և Ֆրանսիա: Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:
«Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան իր յոթերորդ պաշտոնական այցի շրջանակներում պաշտպանության նախարար Օսթինը կուղևորվի Տոկիո՝ հանդիպելու Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կայցելի Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկյան զորքերին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պենտագոնի ղեկավարի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Ճապոնիան կարևոր քայլեր են ձեռնարկում դաշինքի հնարավորությունների արդիականացման, ԱՄՆ-ի զինված ուժերի կառուցվածքի օպտիմալացման և համախոհ գործընկերների հետ կապեր հաստատելու ուղղությամբ։
Ճապոնիայից Օսթինը կմեկնի Սինգապուր, որտեղ ճառով հանդես կգա «Շանգրի-Լա երկխոսության» 20-րդ լիագումար նիստում:
«Միջոցառման շրջանակներում նախարարը կհանդիպի կարևոր առաջնորդների հետ՝ առաջ մղելու ԱՄՆ-ի պաշտպանական գործընկերությունը ողջ տարածաշրջանում», – հաղորդել է Պենտագոնը:
Օսթինի հաջորդ կանգառը կլինի Նյու Դելին, որտեղ նա կհանդիպի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհի և մյուս ղեկավարների հետ:
ԱՄՆ-ի նախարարն իր այցը կավարտի Ֆրանսիայում, որտեղ ներկա կգտնվի Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 79-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այստեղ Պենտագոնի ղեկավարը կհանդիպի Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սեբաստիան Լեկորնյուի և Բեն Ուոլեսի հետ։