Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Սասուն Միքայելյանը՝ խորհրդակցության է
Ընդամենը երկու շաբաթ առաջ, Շուշիի ազատագրման օրը Եռաբլուր պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վստահեցրել էր՝ Արցախի օկուպացված տարածքները ազատագրելու են, բայց «ոչ լեզվով՝ գործով»:
Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցը, սակայն, այսօր նույնիսկ լեզվով չի կարողանում ընդդիմանալ Արցախը հանձնելու մասին իշխանությունների հայտարարություններին:
Երկար փորձերից հետո 168.am-ը այսօր, ի վերջո, կարողացավ կապ հաստատել Սասուն Միքայելյանի հետ, որը, սակայն, Արցախի մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեր հարցադրումները խնդրեց իրեն ուղղել 2 ժամ հետո։
«Խորհրդակցության եմ»,- պարզաբանեց նա:
Իսկ երկու ժամ հետո մեր հեռախոսազանգերը, ինչպես և սպասելի էր, մնացին անպատասխան. Նրա հեռախոսն անհասանելի էր:
Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար, պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Հուսանք՝ Սասուն Միքայելյանը կունենա արիություն՝ ասելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ զղջում է, երբ հայտարարել էր, թե, այսպես կոչված, «հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, որ պետք է վերջ տալ հանձնվողականությունը, որը գործող իշխանությունները համարում են դիվանագիտություն:
Հիշեցնենք նաև՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հարցին՝ հայտարարել էր. «86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»: