Որ մենք պատժամիջոցների տակ հայտնվենք, դրանից որևէ մեկին ավելի լավ կլինի՞, մեր բարեկամին լավ կլինի՞. Փաշինյանը՝ ՌԴ-ի դեմ արևմտյան սանկցիաների մասին

«Արևմտյան գործընկերների հետ հատկապես վերջին շրջանի մեր բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ: Բայց դրանից առաջ էլ այդ հարցը միշտ եղել է Հայաստանի և Ռուսաստանի քննարկումների օրակարգում: Եվ մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք նույն արձագանքը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանն արևմտյան գործընկերներից, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլերից ստացել է խնդրանք, որպեսզի Հայաստանում խստացվեն վերահսկողություններն այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին՝ շրջանցել արևմտյան պատժամիջոցները, և եթե այո, ապա արդյո՞ք տրվել են հանձնարարականներ հայկական ընկերություններին:

Նա ընդգծեց, որ հայկական կողմն ասել է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը ՌԴ-ի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ: Բայց Հայաստանն այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո:

«Որովհետև, եթե մենք հայտնվեցինք այդ պատժամիջոցների ներքո, նախ՝ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ դիմանա դրան, երկրորդ՝ մեր ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի: Երրորդը՝ մենք դրանով կփչացնենք հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ: Հիմա ամեն ինչ տեղավորվում է իմ ասածի շրջանակներում, դրա վերաբերյալ, այո, տրվել են և տրվում են հանձնարարականներ: Տրվում են հանձնարարականների կատարման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու հանձնարարականներ:

Ես հայկական ընկերություններին հանձնարարական տալու լիազորություն չունեմ, բայց մյուս կողմից՝ մասնավոր հատվածի մեր գործընկերների հետ աշխատում ենք, բացատրում, որովհետև շատ դեպքերում կարելի է անզգուշությամբ պատժամիջոց խախտել: Դեպքեր են լինում, որ մարդիկ չիմանալով խնդիրը՝ առաջ են կանգնում, երկիրն էլ են խնդրի առջև կանգնեցնում կամ նման պոտենցիալ ստեղծում: Մենք հիմա բոլոր ուղղություններով աշխատում ենք, որ սանկցիաները չխախտենք, բայց մյուս կողմից էլ՝ գործընկերային լինենք և ՌԴ-ի նկատմամբ, և սանկցիաներ կիրառած գործընկերների նկատմամբ»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պակաս կարևոր չեն, բայց 2009թ.-ից այդ սանկցիաները գործում են նաև Իրանի նկատմամբ, և Հայաստանը դրանք պահում է. «Բա ի՞նչ անենք: Որ մենք պատժամիջոցների տակ հայտնվենք, դրանից որևէ մեկին ավելի լավ կլինի՞, մեր բարեկամին լավ կլինի՞: Անընդհատ հաղորդակցության մեջ ենք մեր արևմտյան գործընկերների հետ, տեղական ընկերությունների հետ, պետական կառավարման մարմինների հետ, որ մաքսիմալ ճիշտ կարողանանք դիրքավորվել: Սև առևտրով հո չե՞նք զբաղվելու»,- ընդգծեց Փաշինյանը:

Հարցին՝ կա՞ն հայկական ընկերություններ, որ արդեն պատժամիջոցների տակ են կամ շեմին են, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք, այսպես ասած, ռադարի վրա են հայտնվել, և նրանց գործունեությունը կուսումնասիրվի և համապատասխան հետևություններ կարվեն»:

Տեսանյութեր

Լրահոս