Աննա և Նիկոլ, չգիտեմ՝ ինչքանով վաճառեցիք երեխուս կյանքն ու Արցախը, բայց հնարավորություն տվեք ձեր երեխաներին ապրելու, Աշոտ, հայրդ հավերժ վարչապետ չի լինելու. Ալիսա Գևորգյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայր, Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանն է։ 2022թ. հունվարից Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվում է Ալիսա Գևորգյանի «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարը։ Դրանք 44-օրյա պատերազմով անցած մարդկանց 5-6 րոպեանոց պատմություններ են, կազմված են 3 մասից՝ «Երբ պատերազմը դեռ պատմություն ու կանխատեսում էր», «Պատկերներ պատերազմից, որոնք երբեք չեն մոռացվի», «Ապրել պատերազմից հետո»։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Դավիթի վերջին զանգն ինձ հոկտեմբերի 16-ին էր․ մի նախադասություն ասաց ու անջատեց։ Ասաց՝ տեղս հարմար չի, հենց հարմար լինի, կզանգեմ։ Էլ չզանգեց։ 11 ամիս հետո մասունքները նույնականացվեցին։
- Տղաս վիրավոր է եղել, ոտքից, կոնտուզիա է տարել ուղղակի։ Հրաժարվել է նստել այլ մեքենա, որովհետև օգնել է մյուս տղաներին։ Տղաները շրջափակման մեջ են եղել, իրենց ասել են՝ սպասեք, կգանք, կհանենք էդտեղից, չեն եկել։ Երկար ժամանակ թույլ չէին տալիս տարածքն ուսումնասիրել։
- Պատերազմից ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 27-ին, միակ աշխատող կառույցի՝ ՄԻՊ Արման Թաթոյանի միջոցով իմացա, որ Դավիթից հաստատված 11 մասունք կա, հետո արդեն գլուխը հաստատվեց։ Նրան էի վստահում միայն։
- Երբ իմանում ես երեխայիդ գոյության մասին, աշխարհը սկսվում ու վերջանում է իրենով, ու դու միայն մտածում ես՝ ի՞նչ անես, որ իր համար լավ լինի։ Իրենից հետո այդ սարսափելի դատարկությունը հնարավոր չէ լցնել ոչ մի բանով։ Ամեն ինչի դեմ կարելի է պայքարել, բացի այն կարոտից, որը մնում է իրենից հետո։
- Դավիթը միշտ ինձնից առաջ է, և ես գնում եմ դեպի Դավիթը․ դա է ինձ օգնում, և իմ բոլոր քայլերն այսօր էլ են պայմանավորված միայն Դավիթով։ Եթե էս կյանքում կա մի մարդ, ում կարծիքն ինձ համար կարևոր է, Դավիթն է։ Դավիթն իմ կյանքում հիմա էլ ամենաներկա անձնավորությունն է։ Դավիթն իմ ներսում է։
- Այն իրականության մեջ, որտեղ նախկինում աշխատել էի, պատրաստ չէի աշխատել Դավիթից հետո, որովհետև այն կառույցները՝ Նախագահական նստավայր, Պաշտպանության նախարարություն, Մշակույթի նախարարություն, ղեկավարում են մարդիկ, ում հետ ես պատրաստ չեմ որպես լրագրող շփվել։
- Հասկացա, որ եթե կա մի շերտ, որ ինձ հետաքրքրում է, այն մարդիկ են, ովքեր պատերազմում են եղել։ Որպես լրագրող՝ ես հասկանում էի, որ այն տղաները, ովքեր վերադարձել են, անուշադրության են մատնված։ Միգուցե պատահականորեն են կենդանի մնացել, բայց նրանց հերոսներ չեն ասում։ Ու նրանք խոսելու, պատմելու կարիք ունեն, որն անում եմ «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարում:
- Զինծառայողներից ինձ պատմել են՝ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշ վայրերում նահանջ հրաման են տվել այն պահին, երբ բոլորովին դրան չեն սպասել․ որևէ թուրք չի եղել, բոլորը ոչնչացված են եղել, բայց նահանջի հրաման են ստացել։ Պատմել են՝ զորքն ինչպես է Շուշիում մնացել անտեր, բախտի քմահաճույքի ներքո, առանց հրամանատարների, ինչպես է քիմիական զենքից մոխրացել մի ողջ վաշտ… Էս հանցագործությունները մի օր կբացահայտվեն։
- Եռաբլուրում զոհված զինծառայող Վահագն Խաչատրյանի հետ, ում մարմինը մայրը 2.5 տարի անց՝ օրեր առաջ գտավ Մեծամորի դիահերձարանում, հարևաններ ենք։ Գլուխն էր միայն թաղված, օրեր առաջ երկրորդ հուղարկավորությունը տեղի ունեցավ։
- Նախկինում, երբ ասում էին՝ հայ տղամարդ, Մոնթեն ու Լեոնիդ Ազգալդյանն էին գալիս աչքիս առաջ, հիմա երբ ասում են՝ հայ տղամարդ, վատ է, բայց չգիտեմ ինչու, աչքիս առաջ գալիս են այն 4 հաստավիզ կարմիրբերետավորները, ովքեր քարշ էին տալիս զոհվածի մայր տիկին Գոհարին։
- Ես 11 ամիս թափառել եմ անտառներում, գիտեմ՝ դա ինչ է նշանակում, երբ դու այստեղ ես, միտքդ՝ այնտեղ… Ցրտում է, մտածում ես՝ երեխադ սառեց, մթնում է, մտածում ես՝ ո՞ր կենդանին կերավ երեխայիդ մարմինը… Ես հասկանում եմ Վահագնի մայրիկին, ով ասում էր՝ ես երջանիկ եմ, տղաս տուն եկավ…
- Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» հոդվածի մեջ Աշոտիկի «առևանգման» վերաբերյալ ուղղորդում կար․ պատահական չէր զոհվածի հայր Գարիկ Գալեյանի անունը նշվել։
- Եթե տեսանյութ չլիներ, առևանգման հետ միասին՝ կարող էին Գայանեի վրա կարել նաև սպանության փորձ։
- Եթե Գայանեն ցանկություն ունենար Աշոտին վնասելու, մյուս ծնողներին խիստ տոնով չէր ասի՝ ոչ ոք չգա։ Ես Գայանեի արածի հետ համաձայն չեմ այն առումով, որ ախր Փաշինյանի տղայի հետ ի՞նչ խոսես, ի՞նչ չգիտեր Աշոտ Փաշինյանը, որ նոր պիտի իմանար։
- Աշոտ Փաշինյանի համար մարդկանց մեջ քայլող տղայի կերպար են ստեղծել։ Բա եթե քայլում է մարդկանց մեջ, ապա պիտի հասկանա, որ իր հետ զրուցելու ցանկություն ունեցողներ կլինեն։ Հակառակ դեպքում թող շրջի այնպես, ինչպես պետական պահպանության մյուս օբյեկտները։
- Այս պատմության մեջ ինձ համար կոտրվեց այն միֆը, որ Փաշինյան ընտանիքում կարող էր լինել մեկը, ով տարբերվում է մյուսներից։
- Գայանեի հանդեպ կայացված ամենավատ որոշումն այնքան փոքր բան է այն դժոխքի համեմատությամբ, որի մեջ ինքն ու բոլորս արդեն 3 տարի ապրում ենք։ Այդ որոշման ամենամեծ տուժողը լինելու է Աշոտ Փաշինյանը, ով իր կյանքի մեջ ինչ-որ բան խմբագրելու հնարավորություն ուներ, հիմա էլ ունի։
- Աշոտ Փաշինյանը, նախ, երեխա չէ, վաղուց չափահաս է, բացի դրանից, երեխաները ծնողների արածի համար պատասխանատու չեն այն ժամանակ, երբ հրաժարվում են նրանց արածի պատասխանատվությունից։
- Եթե չկանգնեցնենք այս գահավիժումը՝ ոչ թե Նիկոլն ու իր խունտան, այլ հասարակությունն է ապրելու այս խորացող ատելության մեջ։
- Այսօր այս իշխանությունը երիտասարդներին կոտորում է նաև թմրամիջոցների միջոցով։ Ասում են՝ բուհերում սարսափելի վիճակ է։
- Համոզված եմ, որ վաղը լինելու է ծնողների խումբ, որն այս իշխանությունների մեջ պայքարելու է նրա համար, որ իրենց երեխաներին սպանել են թմրամիջոցների միջոցով, որովհետև եկած օրվանից արդեն 5 տարի թմրամիջոցների ազատականացում են քարոզում։
- Ես մեծ բաներ չեմ անում, բայց գոնե չեմ լռում։ Անում եմ այն, ինչ ձեռքիցս գալիս է։
- Դատական գործընթացներ ենք սկսել, բայց բախվել ենք իրավական պատնեշի։
Ի՞նչ ակնկալել Փաշինյանի դասընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանից, նրա հոգեզավակ՝ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանից, իրեն խորհուրդներ տվող դատախազուհուց ու նրա ընկերուհի ՄԻՊ-ից․փակ շղթա է։
- Անարդար է, որ մեր ժողովուրդը հազարամյակներով գա, հասնի 21-րդ դար ու ՄԻ ՈՉՆՉԻ ձեռքով դառնա ՈՉԻՆՉ։ Սա ես չեմ հանդուրժելու։ Ես առաջ եմ շարժվում այն համոզմունքով, որ հաղթելու է որակյալ փոքրամասնությունը։
- Սրանք ակնհայտ սատանիստական խմբակի քայլեր են անում՝ սկսած խորհրդանիշներից։ Իրենց 3-րդ մասի տանը մի հայտնի լուսանկար կա։ Իրենք ընտանիքով են, ու լուսանկարում պատին սատանիստական նշան կա պատկերված՝ խաչը՝ բեկված։ Սատանիստական աղանդի հետևորդները ցուցադրական բաներ ունեն։
- Վերջերս որոշ «մտավորականների» արձագանքների ծանոթացա ու հասկացա, որ ես էդ արձագանքներից ավելի շատ եմ վախենում։ Մի՛ արձագանքեք։ Ավելի լավ է՝ լուռ մնաք։ Ժամանակին արձագանքեիք, որ այս աղետը մեր գլխին չգար։ Մենք ապրում ենք Հակոբ Պարոնյանի կերպարների խտացված իրականության մեջ։ Կան մտավորականներ, ովքեր շատ լավ էլ հասկանում են՝ սա ով է և ինչ է անում։ Հարմար տեղավորվել են։ Բավական է՝ մի սրբություն չունեցող կերպար հայտնվի վերևում, և բոլորը ցույց են տալիս իրենց իրական դեմքը։ Ներողություն եմ խնդրում, որ ասել եմ՝ թող մտավորականներն արտահայտվեն։ Հետ եմ վերցնում ասածս։ Լռե՛ք։
- Ես հավատում եմ ինստիտուցիոնալ լուծումներին։ Առանձին մարդիկ շատ բան կարող են առաջարկել, բայց դա պետք է ձևակերպվի։ Կոնկրետ դեմքեր պետք է լինեն։ Նիկոլից հետո հետնիկոլյան քաոս ես չեմ ուզում։
- Ինձ այսօր ընդդիմության վարքագիծն է փոքր-ինչ տարակուսանքի մեջ գցում։ Ընդդիմությունը հավանաբար ժողովրդի մասին շատ ավելի լավ կարծիք ուներ, և այդ հիասթափությունը նրան հիմա էլ է խանգարում։
- Բոլորս մի եռացող կաթսայի մեջ ենք․ հնարավոր չի՝ այդ կաթսայի մեջ երկու իրականություն խաղաղ գոյատևի։
- Այս իրավիճակի միակ լուծումն այս իշխանության հեռացումն է։ Նիկոլ Փաշինյանն իր խունտայով մի նպատակ ունի՝ պահել աթոռը, ու նրանք վախենում են միայն հայ մարդուց։ Հասարակությունը պետք է սա լավ գիտակցի։ Ամեն օր սրանք սեր են քարոզում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, սակայն ատում են հայ մարդուն։
- Երբեմն ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի արտաբերած տեքստերը գրվում են թուրքական հատուկ ծառայությունների կողմից ու փոխանցվում նրանց։
- Մի քանի օր առաջ մասնակցում էի որդուս հետ զոհված նրա ընկերոջ մոր՝ 41-ամյա մի կնոջ հուղարկավորությանը։ Որդու կորստից հետո հիվանդացավ քաղցկեղով։
- Կան ծնողներ, ովքեր մինչև վերջ իրենց համոզելու են, որ Նիկոլը ճիշտ է, և նախկիններն են մեղավոր, որովհետև ընդունելով իրենց սխալը՝ հասկանալու են, որ մեղավոր են իրենց որդիների մահվան մեջ։ Վախենալու են այդ ինքնախոստովանությունից:
- Հասարակության մեջ տարբեր շերտեր կան։ Եթե զավակ ես կորցրել, չի նշանակում, որ գիտակցությունդ փոխվել է։ Մարդիկ չեն փոխվում։
- Բազմաթիվ ծնողներ կան, ում ճանաչում եմ, ովքեր լռում են, բայց միգուցե հարմար պահի ավելի ռադիկալ մեթոդներով հանդես գան։ Սա վատ բան է։ Պետք չի հասարակությանը ստիպել դառնալ ոխերիմ թշնամիների զանգված։ Այս հարցը պիտի իրենք լուծեն, պետք է հեռանան։ Բայց մարդիկ, ովքեր երկիր են ղեկավարել նախկինում, լծակներ ունեն, պետք է լուծումներ առաջարկեն։ Իրենք էլ ունեն պատասխանատվություն։
- Աննա և Նիկոլ Փաշինյան, ձեր 4 զավակներին հնարավորություն տվեք ապրելու, կյանք մտնելու։ Ձեր որդուն տվեք այդ հնարավորությունը։ Ես չգիտեմ՝ ինչքանով վաճառեցիք երեխուս կյանքն ու Արցախը, բայց այնքան չարացած չեմ, որ չասեմ՝ հնարավորություն տվեք ձեր երեխաներին ապրելու։ Թույլ մի տվեք, որ Գայանեի հետ կապված պատմությունը խարան դնի ձեր որդու վրա։ Աշոտ, եթե կլսես ինձ, այս պատմությամբ գիծ մի քաշիր կյանքիդ վրա, որովհետև հայրդ հավերժ վարչապետ չի լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։