Իսրայելական հարձակումներից Լիբանանի հարավում շուրջ 20 մարդ է զոհվել
Լիբանանի առողջապահության նախարարությունը մայիսի 20-ին հայտարարել է, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 9 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Բացի այդ, Սուրի շրջանի Դեյր Կանուն ան-Նահր գյուղաքաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա և երեք կին։
Սուրի շրջանի այլ բնակավայրերի ուղղությամբ իսրայելական հարվածներից 17 մարդ է վիրավորվել։
Արմատական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ բախումներ են տեղի ունեցել իսրայելական ուժերի հետ, որոնք երկու անգամ փորձել են առաջ շարժվել դեպի Հադդասա բնակավայր։
Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3042-ի, իսկ վիրավորներինը՝ 9301-ի։



