Ոտքի՛, հայ ժողովուրդ. ես ամեն օր պարտվում եմ, երբ դատում են հերոսածին մորը, ամեն օր պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում եկեղեցու վրա. Աշոտ Մինասյան
Կոռնիձորում բազմամարդ հանրահավաք է, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական, հասարակական գործիչներ:
Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանն իր ելույթում նախ հիշեցրել է, թե ինչպես են 1992-ի մայիսի 18-ին արցախյան զորագնդերի հետ միասին ստեղծել Արցախ-Հայաստան «կյանքի ճանապարհը», որը դարձել էր միասնության ճանապարհ:
1992-ի մայիսի 18-ին ճեղքվել էր Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվեց Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր), որը հետո առանց կրակոցի Նիկոլ Փաշինյանը թշնամուն հանձնեց 44-օրյա պատերազմի ավարտին՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:
«Ցավոք սրտի, սրանից 5 տարի առաջ եկան իշխանության նրանք, ովքեր ստիպեցին անձնատուր լինել: Եկան մարդիկ, ովքեր փորձեցին մեր արժանապատվությունը նսեմացնել, փորձեցին ստորացնել մեզ, դարձնել մի ազգ, որի պիտակը կոչվում է՝ վախկոտ: Սակայն մեր ազգը դա չէ: 26 տարի շարունակ ես Արցախ եմ մտել հպարտորեն, արժանապատվորեն՝ որպես հաղթանակած հրամանատար, սակայն վերջին 5 տարում պարտություն եմ կրել 5 անգամ և ավելի: Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018 թվականին սրանք եկան իշխանության: Երկրորդ անգամ պարտվել եմ, երբ 2020 թվականին մեզ արհեստական պարտության տարան այս իշխանությունները: 2021 թվականին ես պարտվել եմ, երբ սրանք նորից ընտրվեցին: 2022 թվականին պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել և նվիրել թուրքերին: Հիմա պարտվում եմ ամեն օր:
Ամեն օր պարտվում եմ, երբ սպանում են իմ հաղթած գեներալին: Ամեն օր պարտվում եմ, երբ բանտարկված են իմ գեներալները: Ամեն օր պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում մեր եկեղեցու, մեր Վեհափառի վրա: Ամեն օր պարտվում եմ, երբ հերոսածին մորն են դատում: Ոտքի ելեք, հայ ժողովուրդ, Արցախը մենակ չէ: Մենք բոլորս արցախցի ենք: Մենք բոլորս հայ ենք: Մենք բոլորս մի ժողովուրդ ենք: Ես կոչս ուղղում եմ համայն հայությանը: Ես կոչս ուղղում եմ Սփյուռքին: Եվ ուզում եմ Արցախն իմանա՝ Արցախը մենակ չէ: Մենք Արցախի հետ ենք, Արցախը՝ մեզ հետ: Ես՝ որպես հայ ազգի զավակ, որպես տարիքն առած մարդ, պատրաստ եմ մշտապես լինել Արցախի հետ, Արցախի կողքին՝ մեր ժողովրդի հետ միասին: Ոչ ոք իրավունք չունի մեզ զատելու, ոչ ոք իրավունք չունի մեզ կոտրելու: Մեր տեսակը կոտրվողը չէ:
Հայ ազգը երբեք չի կոտրվել, ինչ սրանք ասում են՝ սուտ է, շինծու է: Նայեք, մեր թիկունքում Բերձորն է, Քաշաթաղն է, որն անջատում է մեզ Արցախից, մենք իրավունք չունենք Արցախին թողնել մենակ: Մենք պարտավոր ենք լինել Արցախի հետ ամեն օր և ամեն ժամ: Մենք բոլորս արցախցի ենք, մենք տեր ենք Արցախին: Ոչ ոք իրավունք չունի Արցախը նվեր տալու: Արցախը մերն է, մենք՝ Արցախինը: Ոչ ոք իրավունք չունի մեզ բաժանելու: Իրավունք չունենք Արցախը տալու ինչ-որ ոջիլների պատճառով: Թուրքերը նստած են Երևանի կենտրոնում, թուրքերը մեր մեջ են, և դրա համար է այսօր բաժանում տեղի ունեցել: Մենք պարտավոր ենք դուրս մղել այդ թուրքերին: Պարտավոր ենք տեր լինել Արցախին և արցախցուն»,- ասել է Աշոտ Մինասյանը: