Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը մտել է ավարտական փուլ. Խոսրով Հարությունյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների, թեմաների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել:
Նա նաև նշել է, որ որոշ թեմաների շուրջ ըմբռնում է նկատվում. ըստ Միրզոյանի՝ խոսքը կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման մասին է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Մոսկվայում մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, դրանից առաջ Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած հանդիպումների և դրանց արդյունքների մասին՝ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ընդգծեց՝ մոսկովյան և արևմտյան հարթակների միջև յուրատեսակ մրցակցություն է ձևավորվել, ինչը, ի դեպ, անառողջ է։
«Արևմուտքը և Ռուսաստանը իրար հետ մրցում են ոչ թե Արցախի կամ Հայաստանի համար, իրենց համար կարևոր դերակատար պետության՝ Ադրբեջանի շահերը ավելի հաջող սպասարկելու կամ իրացնելու համար։ Խոսքը վերաբերում է նրան, որ Մոսկվան և Արևմուտքը մրցում են, թե ո՞վ ավելի շատ առավելություն կարող է վերապահել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանային այն պետությունը, որը ունի բացառիկ դերակատարում՝ թե՛ հյուսիսի, թե՛ հարավի, թե՛ արևելքի, և թե ՛արևմուտքի համար»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի իշխանության ոչ հայանպաստ քաղաքականությունը՝ Արցախի կարգավորումը համարեց լուծված ու ամրապնդեց իր հաղթանակները։
«Ասաց, որովհետև հայկական կողմը չասաց հակառակը։ Հայաստանը եթե ցանկանում էր Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնել, պետք է ասեր՝ կոնֆիլիտը կարգավորված չէ։ Չասաց, որովհետև 44-օրյա պատերազմը Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին էր, ու եթե չլիներ ռուսական միջամտությունը, հիմա մենք Արցախ չէինք ունենալու։ Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացը կիսատ մնաց, և հիմա կիսատ թողածն են ավարտում։ Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը մտել է ավարտական փուլ»,- ասաց Հարությունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։