Ե՛վ արգանդի, և՛ ձվարանի դեպքում կարևոր է սոնոգրաֆիկ հետազոտությունը, օնկոմարկերների քննությունը. Ռադիոգինեկոլոգ
Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է:
Հաարվում է, որ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է (ՄՊՎ)։ ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր հայտնի է ՄՊՎ ավելի քան 70 տեսակ:
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը կարելի է կանխել, եթե ժամանակին հայտնաբերվի դիսպլազիան՝ արգանդի վզիկի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք նպաստում են ուռուցքի առաջացմանը կամ վկայում են ուռուցքային հիվանդության սկզբնական փուլի մասին։ Այս նպատակով իրականացվում է բջջաբանական սքրինինգ՝ կանանց արգանդի վզիկի քսուկի բջջաբանական կանխարգելիչ հետազոտություն` ՊԱՊ թեստի օգնությամբ։ Սքրինինգային հետազոտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը և վերջինից մահացությունը, քանի որ դրանց օգնությամբ չարորակացման գործընթացը հայտնաբերվում է ամենավաղ շրջանում։
Սկանդինավյան երկրներում, որտեղ բջջաբանական սքրինինգն արդյունավետ է կազմակերպված, արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը նվազել է 50-70 %-ով՝ նախաուռուցքային վիճակների և վաղ շրջանում գտնվող ուռուցքների ժամանակին հայտնաբերման և բուժման շնորհիվ։
ԱՄՆ-ում բոլոր աղջիկներին սեռական կյանք սկսելուց կամ 20 տարեկանից հետո իրականացվում է կրկնակի ՊԱՊ թեստ՝ մեկ տարի ընդմիջումով։ Եթե թեստի արդյունքը բացասական է, հետազոտությունը կրկնում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ։ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան կոլեգիան խորհուրդ է տալիս ՊԱՊ թեստն իրականացնել յուրաքանչյուր տարի՝ գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։ Արգանդի վզիկի քաղցկեղը և դիսպլազիան կարող են առաջանալ տեսանելիորեն անփոփոխ արգանդի վզիկում, այդ պատճառով բջջաբանական հետազոտության համար քերուկ վերցնում են բոլոր կանանցից՝ անկախ տեսանելի ախտաբանության առկայությունից։ Եթե թեստի արդյունքները դրական կամ կասկածելի են, իրականացվում է կոլպոսկոպիա և արգանդի վզիկի ուղղորդված բիոպսիա։ Անկախ ՊԱՊ թեստի արդյունքից, կոլպոսկոպիա իրականացվում է, եթե կնոջ մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի լորձաթաղանթի ցանկացած տեսանելի փոփոխություն կամ հայտնաբերվել է մարդու պապիլոմա վիրուս։
Ռադիոգինեկոլոգ Էվելինա Բախշինյանի խոսքով՝ շատ երկրներ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար վաղուց ունեն սքրինինգային ծրագրեր:
«Օրինակ, Ֆինլանդիան՝ երկիր է, որն ամբողջովին հաղթել է արգանդի վզիկի քաղցկեղին: Դեռևս 1960-ական թվականներից այնտեղ սքրինինգային ծրագիր է իրականացվել ու դրա շնորհիվ արգանդի վզիկի քաղցկեղի ոչ մի դեպք չի հայտնաբերվում: Այդպես է նաև Շվեդիայում, Դուբայում: Սա՝ շնորհիվ սքրինինգի և պատվաստման:
Ե՛վ արգանդի, և՛ ձվարանի դեպքում կարևոր է սոնոգրաֆիկ հետազոտությունը, օնկոմարկերների քննությունը, որից հետո որոշվում է, թե հիվանդն ի՞նչ հիվանդություն ունի, բարորա՞կ է, թե՞ չարորակ: Եթե չարորակ է, ապա ուղարկվում է ավելի լուրջ հետազոտության, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում»,-մեզ հետ զրույցում ասաց ռադիոգինեկոլոգը՝ ընդգծելով, որ ձվարանների քաղցկեղը 70-80 տոկոսի դեպքում ՀՀ-ում հայտնաբերվում է արդեն երրորդ փուլում, սկզբնական շրջանում ոչ մի ախտանշան չկա: Դրա համար կարևոր է սոնոգրաֆիկ հետազոտությունը: