Կտրուկ վերադասավորումներ ու տարօրինակ փոփոխություններ խոշորների ցանկում
Պետեկամուտների կոմիտեն վերջերս հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում տեղի են ունեցել կտրուկ վերադասավորումներ ու տարօրինակ փոփոխություններ։
Մի շարք ընկերություններ մեծ տեմպերով զիջել են դիրքերը, որոշներն ակտիվ առաջադիմել են, երբեմն՝ շատ կտրուկ։
Կտրուկ առաջադիմած ընկերություններից է «Փրիթի Ուեյը»։ Այս անունը, անշուշտ, քչերին է հայտնի։ Փոխարենը՝ շատերին լավ ծանոթ է «Վեստա» ապրանքանիշը՝ էլեկտրատեխնիկայի իր լայն տեսականիով։ Անցած տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարած հարկերով դուրս էր նույնիսկ 100 խոշորների ցանկից։ Այս տարի միանգամից հայտնվել է առաջին քառյակում։
Անցած տարվա առաջին եռամսյակում «Փրիթի Ուեյը» վճարել էր ընդամենը 501,7 մլն դրամ։ Այս տարվա առաջին երեք ամսում հասցրել է վճարել 8,7 մլրդ դրամ։ Ավելի շատ, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։
Անցած ամբողջ տարվա ընթացքում ընկերությունը կատարել էր 8,5 մլրդ դրամի պարտավորություն՝ 216 միլիոնով քիչ, քան այս տարվա միայն առաջին եռամսյակում։
Մեկ տարվա կտրվածքով ընկերության վճարած հարկերը 17 անգամով ավելացել են, ինչը, անշուշտ, շատերին տարօրինակ կթվա։ Հազիվ, թե որևէ մեկը կարող է կարծել, որ մեկ տարվա ընթացքում էլեկտրատեխնիկայի պահանջարկը հայաստանյան շուկայում այնքան է ավելացել, որ այս ընկերության շրջանառություններն ու վճարած հարկերն այսպիսի կտրուկ թռիչք են արձանագրել։
Պետք է ենթադրել, որ սրա հիմքերը տանում են ռուսական շուկա։ Հավանաբար ընկերությունը նստած է եղել հայտնի ներմուծում-արտահանումների վրա։
Մեծ ծավալի ներմուծումներ են արվել։ Դա երևում է նաև վճարված հարկերի կառուցվածքից. վճարների մեծ մասը մաքսայինի գծով են. 8,7 միլիարդից՝ շուրջ 6,4 միլիարդը։
Ըստ էության, ապրանքները ներմուծվել են և արտահանվել Ռուսաստան։ Հատկապես որ, պատժամիջոցներից հետո, մատակարարումների շղթաների խաթարման պատճառով, ռուսական շուկայում էլեկտրատեխնիկայի մեծ պահանջարկ է առաջացել։
Ընկերության կատարած պարտավորությունների այդպիսի աճի մյուս պատճառը, անշուշտ, կարող էր լինել ստվերային շրջանառությունների բացահայտումը։ Բայց այդ դեպքում նման կտրուկ փոփոխությունները սովորաբար քիչ հավանական են։
Միայն այս ընկերության մոտ չէ, որ նման թռիչքային փոփոխություն է եղել. վճարած հարկերով կտրուկ առաջադիմել է առևտրով զբաղվող ևս մեկ ընկերություն։
Խոսքը բջջային հեռախոսներ ներմուծող և իրացնող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության մասին է։
Նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել էր շուրջ 1,3 մլրդ դրամի հարկ։ Այս տարի արդեն կատարված հարկային պարտավորությունները գերազանցել են 5,3 միլիարդը։ Մեկ տարվա կտրվածքով դրանք 4 անգամով ավելացել են։
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կարճ ժամանակում Հայաստանում այդքան կտրուկ ավելացել է բջջային հեռախոսների պահանջարկը։ Հազիվ թե, ըստ ամենայնի, այստեղ ևս այլ, գուցե նաև՝ վերարտահանումների գործոնն է աշխատել, ինչն էլ հանգեցրել է ընկերության վճարած հարկերի ավելացմանն ու խոշորների ցանկում կտրուկ առաջադիմելուն։
Կտրուկ թռիչք է տեղի ունեցել նաև ապրանքների օնլայն առևտրի ոլորտում գործող և վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանում լայն տարածում գտած «Վայլդբերրիզ» ընկերության պարագայում։
Անցած տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել էր ընդամենը 137 մլն դրամ և խոշորների ցանկում 380-րդն էր։ Այս տարի արդեն հասցրել է վճարել ավելի քան 2,1 մլրդ դրամ՝ 15 անգամ ավելի, քան նախորդ տարի։
Մինչ առևտրի տարբեր հատվածներում գործող այս ընկերություններն առաջադիմել են, նախորդ տարվա առաջին եռամսյակում լավագույն տասնյակում գտնվող 5 ընկերություն, նաև արտադրական գործունեություն իրականացնող, դուրս է մնացել տասնյակից։
Դրանցից երկուսը հանքարդյունաբերության ոլորտի հայտնի ընկերություններ են՝ «Թեղուտը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», որոնք նախորդ տարի վճարած մի քանի միլիարդ դրամ հարկերով խոշորների ցանկում 6-րդ և 7-րդ հորիզոնականում էին։
Առաջին տասնյակից դուրս մնացած մյուս երեք ընկերությունները «Սոֆթ կոնստրակտը», «ՄՏՍ Հայաստանը» և «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են։
Նախորդ տարի վճարելով 3,1 միլիարդ՝ «Սոֆթ կոնստրակտը», հայտնվել էր խոշորների 9-րդ հորիզոնականում։ Այս տարի վճարել է 2,3 միլիարդ և զբաղեցրել 19-րդ հորիզոնականը։
Խաղային բիզնեսի ոլորտում գործող այս ընկերության վճարած հարկերի նվազումն ինչ-որ առումով տարօրինակ է։ Հատկապես այն պարագայում, երբ անցած տարի կատարված հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ խաղային բիզնեսում գործող ընկերությունների վրա հարկային նոր պարտավորություններ առաջադրվեցին։ Ակնկալվում էր, որ դրա արդյունքում կավելանան նրանց կողմից վճարվող հարկերը։
Տարեսկիզբին այդ ակնկալիքները, առնվազն «Վիվարո» ապրանքանիշով հանդես եկող «Սոֆթ կոնստրակտի» պարագայում, չեն արդարացել։
Վճարած հարկերի մեծությամբ նախորդ տարվա դիրքերը զիջել են ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում հայտնի «Թեղուտն» ու Ագարակի կոմբինատը, այլև անցած տարի ռեկորդային բարձր հարկային պարտավորություններ կատարած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։
Կոմբինատը շուրջ 15,5 միլիարդով երկրորդն է խոշորների ցանկում։ Անցած տարվա առաջին եռամսյակում վճարել էր ավելի քան 35,4 մլրդ դրամ։
Ընկերության կատարած հարկային պարտավորություններն առաջին եռամսյակում ավելի քան կրկնակի կամ գրեթե 20 միլիարդով պակասել են։ Եվ դա տեղի է ունեցել կոմբինատի անցած տարվա հարկային վճարների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի օրերս հնչեցրած հայտնի հայտարարության ֆոնին։
«Բոլորը խոսում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին։ Այստեղ ներկայացվեց կոմբինատի կողմից 2022թ. վճարած հարկերը։ Իսկ դրանից առաջ որտե՞ղ են եղել, ո՞ւր են գնացել այդ հարկերը։
Մեզ ասում են`խոստումները չեք կատարել, բայց Կապանում մենք խոստացանք` ասելով, թե՝ հերիք եղավ, բոլ եղավ, կոմբինատում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարությանը, իր մասնաբաժինն է ունենալու։ Երբ այդ մասնաբաժինը ստացվեց և հերթով էդ կոռուպցիայի կռայնիկները փակվեցին, մի հատ կուսակցություն կար՝ ցաքուցրիվ եղավ»,- Ազգային ժողովում կառավարության անցած տարվա գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունից օրեր անց հրապարակվեց խոշորների ցանկը, ու տեսնում ենք, որ կոմբինատի վճարներն առաջին եռամսյակում ոչ պակաս կտրուկ կրճատվել են։
Հիմա, նույն տրամաբանության մեջ՝ կարելի՞ է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ կոռուպցիայի «կռայնիկները» կրկին բացվել են, դրա համար էլ նվազել են կոմբինատի վճարած հարկերը։ Թե՞ դրա համար կան այլ պատճառներ։ Այնպես, ինչպես անցած տարվա բարձր աճերի պարագայում։
Ինչևէ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերի կրճատման հետևանքով պակասել են նաև առաջին տասնյակում հայտնված ընկերությունների վճարները։ Այս տարի դրանք վճարել են 90 մլրդ 78 մլն դրամ, անցած տարի վճարել էին 90 մլրդ 117 միլիոն։ Առաջին տասնյակի վճարները նույնիսկ նվազել են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ