Բևեռացումը խորացել է. մեկ ընկերություն վճարել է խոշոր հարկատուների վճարած հարկերի 14,5 և հարկային ընդհանուր եկամուտների 11,3 տոկոսը

Բյուջեի հարկային մուտքերի բևեռացումը, ինչը նկատվեց այս տարվա սկզբին, շարունակել է խորանալ նաև հետագայում։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների հերթական ցանկը՝ առաջին կիսամյակում վճարած հարկերի հիման վրա, որը ցույց է տալիս, թե ինչի վրա է նստած եղել հարկերի ավելացումը, որով այդքան սիրում է հպարտանալ կառավարությունը։

Բյուջեի մուտքերի աճը մեծապես կախված է եղել մեկ ոլորտից և հատկապես՝ մեկ ընկերությունից։ Էապես ավելացել են հանքարդյունաբերության մեջ զբաղված ընկերությունների վճարած հարկերը։

Պետական բյուջեի կախվածությունն ընդերքից միշտ էլ մեծ է եղել։ Սակայն այն անհամեմատ ավելի է մեծացել վերջին շրջանում։ Ոլորտի միայն մեկ ընկերություն այս տարվա առաջին կեսին վճարել է հազար խոշոր հարկատուների վճարած հարկերի գրեթե 14,5 տոկոսը և ընդհանուր հարկային եկամուտների 11,3 տոկոսը։

Այդ ընկերությունը եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Կարդացեք նաև

Տարեսկզբի առաջին կեսին հազար խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են փոխանցել 722 մլրդ դրամ։ Միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է շուրջ 104,8 մլրդ դրամ։ Կոմբինատի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ շեշտակի ավելացել են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն պետական բյուջեի նկատմամբ կատարել էր 26,8 մլրդ դրամի հարկային պարտավորություն։ Այս տարի ընկերության վճարներն ավելացել են 78 մլրդ դրամով կամ գրեթե 4 անգամով։ Դա էլ մեծապես նպաստել է՝ ինչպես խոշոր հարկատուների վճարների, այնպես էլ՝ ընդհանրապես բյուջեի հարկային եկամուտների այն ավելացմանը, որն արձանագրվել է այս տարի։

Կառավարությունն այդքան հպարտանում է, որ հարկային մուտքերի առաջին կիսամյակի պլանը գերակատարվել է։ Գերակատարումը կազմել է 37,9 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» նախորդ տարվանից ավելի է վճարել 78 մլրդ դրամ։

Կտրուկ աճել են նաև հանքարդյունաբերության ոլորտի մեկ այլ ընկերության՝ Ագարակի կոմբինատի վճարած հարկերը։ Անցած տարվա առաջին կեսին այն բյուջեի նկատմամբ կատարել էր ընդամենը 1 մլրդ 854 մլն դրամի պարտավորություն։ Այս տարի վճարած հարկերը կազմել են գրեթե 7,8 մլրդ դրամ։

7,2 մլրդ դրամի հարկ է վճարել «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը»։ Անցած տարի վճարել էր ընդամենը 262 մլն դրամ։

Ոլորտի ընկերություններից նախորդ տարվա հարկային կատարողականին չի հասել «Թեղուտը», բայց այդ ընկերության պատմությունն այլ է. մարտից այն դադարեցրել է գործունեությունը։ Դադարի պաշտոնական պատճառաբանությունը տեխնիկական խնդիրներն են, բայց իրականում այն կապված է ռուսական ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ։ Չնայած դրան, ընկերությունը դադարից հետո էլ բավական խոշոր գումարի հարկային պարտավորություններ է կատարել։ Առաջին եռամսյակում վճարել էր 3,8 մլրդ դրամ, կիսամյակի արդյունքներով՝ վճարած հարկերը հասել են 8,9 միլիարդի։

Հանքարդյունաբերության ոլորտի ընդամենը 4-5 ընկերություն վճարել են խոշոր հարկատուների վճարած հարկերի 18-19 տոկոսը։ Այն կազմել է գրեթե 135 մլրդ դրամ։

Լավ է, որ այդ ընկերությունների վճարած հարկերն ավելացել են, բայց դրանով էապես մեծացել է բյուջեի կախվածությունն այդ ընկերությունից։ Տեղի է ունեցել բյուջեի եկամուտների կտրուկ բևեռացում։

Եթե անցած տարվա առաջին կեսին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը հազար խոշորների կատարած վճարների 5 տոկոսից պակաս էին, ապա այս տարի հասել են 14,5 տոկոսի։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե այս ընկերության գործունեության հետ կապված խնդիրներ առաջանան։

Ընդերքի ոլորտում գոյացած հարկային եկամուտների ավելացումը, անշուշտ, կապված է մետաղների գների բարձրացման հետ, ու եթե միջազգային շուկաներում գները նվազեն՝ դա կբերի նաև բյուջեի եկամուտների կրճատման։

Վերջին շրջանում մետաղների միջազգային գները հասցրել են բավականաչափ ընկնել, ու ենթադրվում է, որ առաջիկայում դա իր ազդեցությունը կունենա նաև ոլորտում գոյացող հարկային մուտքերի վրա։

Նախորդ տարվա համեմատ, նկատելի է հարկային վճարների ավելացում ծխախոտի արտադրության ու ներմուծման ոլորտում գործող ընկերությունների մոտ։

«Գրանդ Տոբակոն» տարվա առաջին կեսին վճարել է 20 միլիարդից ավելի հարկ, ինչն ավելի քան 7 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Դրանով հանդերձ, ընկերությունը դեռևս չի հասել այն մակարդակին, որը կար մինչև ճգնաժամը։

2020թ. առաջին կեսին այս ընկերությունը վճարել էր ավելի քան 26 միլիարդ, իսկ 2019թ. առաջին կեսին՝ 28 մլրդ դրամի հարկ։

Սա նշանակում է, որ ընկերությունը չի հասցրել վերականգնել արտադրության այն ծավալները, որոնք ուներ մինչև ճգնաժամը։

Ավելացել են նաև ծխախոտի ներքին արտադրության մեկ այլ ընկերության՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» վճարած հարկերը, բայց համեմատաբար քիչ։ Նախորդ տարի այն բյուջե էր փոխանցել 10,2 միլիարդ, այս տարի՝ 10,8 մլրդ դրամ։

Ավելի քան 1,5 միլիարդով շատ հարկ է վճարել ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը։ Ընկերության վճարները կազմել են 7,5 մլրդ դրամ։

Ինչպես ծխախոտի ներքին արտադրության, այնպես էլ ներմուծման պարագայում վճարած հարկերի ավելացումը մեծապես կապված է հարկային բեռի ծանրացման հետ։ Դա գին է, որը վճարել են սպառողները՝ ծխախոտի թանկացման տեսքով։

Հարկային վճարներն ավելացել են նաև վառելանյութի շուկայում գործող ընկերությունների պարագայում՝ կրկին պայմանավորված հարկային բեռի ծանրացմամբ ու գների կտրուկ բարձրացմամբ։ Այս դեպքում էլ մուտքերի ավելացման գինը վճարել են սպառողները՝ իրենց գրպանի հաշվին։

«Ֆլեշ» ընկերությունը վճարել է 7,6 մլրդ դրամ։

Թվում է, թե նվազում կա վառելանյութի շուկայի մեկ այլ խոշոր ընկերության՝ «Սի Փի Էս Օիլի» պարագայում, բայց այն սկսել է հանդես գալ նաև մեկ այլ ընկերության անվան տակ։ Խոսքը «Սի Փի Էս Էներջի Գրուպի» մասին է։ Վառելիքի ներկրման և իրացման ոլորտում գործող այդ 2 ընկերությունները բյուջեի նկատմամբ կատարել են 9,1 մլրդ դրամի պարտավորություն։

«Մաքս Օիլը» բյուջե է փոխանցել շուրջ 5,2 մլրդ դրամ, նախորդ տարվա 3,5 միլիարդի փոխարեն։

Իշխանության հայտնի գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ փոխկապակցված՝ վառելանյութի շուկայում գործող «Մեգա թրեյդ» ընկերությունը տարվա առաջին կեսին վճարել է 2 մլրդ 674 մլն դրամի հարկ։

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Սիթիները բյուջե են փոխանցել 5,4 մլրդ դրամ, ինչը 1 մլրդ 653 մլն դրամով ավելի է նախորդ տարվանից։ Այստեղ ևս մեծ է եղել գների բարձրացման ազդեցությունը։ Այնպես, ինչպես տարբեր ապրանքների ներմուծմամբ զբաղվով «Ալեքս էնդ հոլդինգի» պարագայում, որի վճարած հարկերն ավելացել են գրեթե 2,6 մլրդ դրամով՝ կազմելով շուրջ 6,7 միլիարդ։

Նշված հարկատուների վճարած հարկերի այս աճերը վկայում են, որ հարկային մուտքերի ավելացման վրա ազդեցություն են ունեցել 2 կարևոր գործոն՝ հարկային բեռի ծանրացումն ու գների բարձրացումը։ Երկուսն էլ եղել են ի վնաս սպառողների, որոնց հաշվին էլ ավելացել են բյուջեի հարկային եկամուտները։ Զուտ տնտեսական գործոնների հետ կապված ազդեցությունները մուտքերի վրա շատ ավելի թույլ են։

Ի դեպ, կառավարությունը վերանայել է խոշոր հարկատուների ցանկը և դուրս թողել պետական կառավարման մարմիններին։ Նրանք այլևս ցանկում չկան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս