«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող, 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ու զբաղվածության ապահովման նպատակով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են կազմակերպել և իրականացնել 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքներ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների ու կարիերայի ուղղորդման ճամբարների կազմակերպման միջոցով մոտիվացնել շահառուներին և ակտիվացնել նրանց կապը գործատուների հետ: Նախարարությունը նաև հանձն է առել փոխանցել պոտենցիալ շահառուների վերաբերյալ տվյալներ, մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված մասնագետներին, շահառուներին մատուցել մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ՝ ներգրավելով վերջիններիս զբաղվածության աջակցության ծրագրերում»,- ասաց նախարարը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն էլ նշեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև ավելի վաղ կնքված համագործակցության մեկ այլ հուշագրի շրջանակում արդեն իսկ կազմակերպվել և իրականացվել են աշխատանքներ՝ ուղղված Շիրակի մարզում բնակվող 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու զբաղվածության ապահովմանը։
«Նշեմ, որ մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներից զատ հիմնադրամի կողմից տրամադրվել է ֆինանսավորում՝ մասնակիցների բիզնես ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի շահառուներն այս փուլում կլինեն Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորները: Ծրագիրը շարունակում ենք՝ հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, որը չափազանց դրական էր և գոհացնող»,- ասաց Հայրապետյանը:
Նա նշեց, որ երկու մարզերում մեկնարկելիք ծրագիրը բարեհաջող կերպով ավարտելուց հետո հետագայում կդիտարկեն այլ մարզերում ևս միջոցառման շարունակության հնարավորությունը։