Բախում լինելու է. Հայկ Նահապետյանը՝ ԵՄ դիտորդների, Ֆրանսիայի դեսպանի լրտեսության, ԵՄ դիտորդների՝ ՀՀ-ում գտնվելու իրական նպատակի, Գրիգորի Խաչատուրովից Փաշինյանի վախի մասին

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն է

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Ինչո՞ւ ԱՄՆ-ում տեղի ունեցան բանակցությունները, մինչ այդ միջնորդական առաքելություն էր:
  • Անձնական շահագրգռվածություն կար Բլինքենի հետ կապված: Մամուլում հրապարակումներ կային, որ ԱՄՆ նախագահի գլխին սև ամպեր են կուտակվել։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կարողացել է ապացուցողական լուրջ հիմքեր ունենալ, ըստ որի՝ Բլինքենը կապված է Բայդեն որդու գործի հետ: Եթե դա ապացուցվի, Բլինքենը պաշտոնը կկորցնի, կարող է նույնիսկ հայտնվել մեղադրյալի աթոռին:
  • Բլինքենը փորձում է միջնորդ հանդես գալ, որպեսզի ինչ-որ բան ստորագրվի, և արդյունքում՝ իր մասով գործը ջրվի:
  • Եվրոպայում բանակցությունները չկնքվեցին, որովհետև ցցուն կլիներ. Մի կողմից՝ Ադրբեջանի հետ գազային գործարք կնքել՝ սպասարկելով Ադրբեջանի շահերը, մյուս կողմից՝ Եվրոպան առերևույթ անկողմնակալ միջնորդական առաքելությամբ է հանդես գալիս:
  • Ինչո՞ւ էր հայ-ադրբեջանական բանակցություններում ընդգրկվել անձ, որը առհասարակ դրանց հետ որևէ կապ չունի: Խոսքը հայ-թուրքական հաշտեցման հարցերով զբաղվող Ռուբեն Ռուբինյանի մասին է: Չեմ բացառում, որ այդ բանակցությունների ժամանակ նաև հայ-թուրքական հարաբերություններն են քննարկվել:
  • ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի գնահատմամբ՝ ցանկացած հարաբերությունների կարգավորում պետք է հիմնված լինի որոշակի իրավական փաստաթղթերի վրա, իսկ դրանք առնվազն 4-ն են՝ 3 եռակողմ և մեկ Սոչիում ստորագրված փաստաթղթերը: Եվ ռուսական կողմն անուղղակիորեն հասկացրեց, որ եթե որևէ բան ստորագրվի, դա կարող է խնդիր հարուցել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ադրբեջանում:
  • Վաշինգտոնյան հանդիպման իմաստը բոլոր եռակողմ հայտարարությունները ջրելն էր՝ նոր ձևաչափ, նոր միջնորդներ, նոր մոտեցումներ: Ռուսական կողմը դա երբեք թույլ չէր տա:
  • Հայկական կողմը փորձում է երկու լարի վրա խաղալ, բայց և Արևմուտքի, և ռուսական կողմի հետ խաղերը մեզ տանելու են պարտությունների:
  • Ալիևն ավելի շահագրգիռ էր, որ Վաշինգտոնում որևէ բան չստորագրվի, որովհետև նա կարող է իր չստորագրելը ռուսական կողմի հետ հարաբերություններում որպես գին առաջարկել: Ռուսաստանը կարող էր կոշտ կեցվածք որդեգրել, և դա հասկանում է Ալիևը:
  • Ալիևը, հստակ հասկանալով ուժերի հարաբերակցությունը, պայմաններ է դրել՝ Հայաստանի սահմանները 29 հազար քկմ-ով ճանաչել, փախստականների վերադարձ Հայաստան, ինչը, մեծ հաշվով, մեզ համար ընդունելի չի եղել:
  • Բլինքենի հայտարարության վտանգավոր կետը միասնական անվտանգային համակարգ ձևավորելն է: Դրա իմաստը ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելն է ժամկետը լրանալուց ավելի վաղ:

  • Ուժային կենտրոնները գիտեն՝ Փաշինյանը մեկ խնդիր է լուծում՝ պահել իշխանությունը: Իշխանությունը պահելու համար ինքը զիջումների է գնում:
  • Փաշինյանը բոլորի հետ խաղեր է տալիս. դա իր և իր ընտանիքի համար անվտանգային լրջագույն մարտահրավեր է: Հիմա ինքը մի խնդիր է լուծում՝ առավելագույնը մանևրել, ժամանակ շահել:
  • Բազմիցս ասել եմ՝ Եվրամիության 100 դիտորդները հետախույզներ են: Արարատի մարզում դիտորդները հաշվում են, թե որտե՞ղ են ապրել ադրբեջանցիները, ո՞ր տներում, իրենց տները մնացե՞լ են, թե՞ չէ. արդյո՞ք այդ տներում հայեր ապրել են:
  • ԵՄ դիտորդները կատարում են հարցումներ մեր բնակչության շրջանում, և եթե մի փոքր խորանանք, կհասկանանք՝ նպատակը որն է: Օրինակ՝ Ջերմուկում, հարցրել են՝ երբ եղավ սեպտեմբերի 13-14-ի բախումը, քանի՞ մարդ դուրս եկավ, արդյո՞ք կվերադառնան, ադրբեջանցիների հետ կարո՞ղ են ապրել: Ստուգում են նաև ժողովրդի մարտական ոգին, բարոյահոգեբանական վիճակը:
  • ԵՄ 100 դիտորդները զեկույցներն ուղղակիորեն ուղարկում են Ադրբեջանին: Նրանք Ադրբեջանի աչքերն ու ականջներն են ՀՀ տարածքում: Եվ շուտով նրանք կարող են դառնալ 500: ԵՄ դիտորդները փաստորեն թշնամու ներկայացուցիչներ են. կապ չունի, որ Հայաստանն է հաստատել:
  • Փաշինյանն Արևմուտքին հաճոյանալու համար խնդիր է դրել դիտորդներին տեղակայել ամենուր, բայց դա չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի շահերից:
  • Փաշինյանն առաջացնում է շահերի բախում և դրանով փորձում է մանևրել:
  • Ինքն իր պաշտոնն օգտագործում է առավելագույնը զիջելու համար:
  • Փաշինյան Նիկոլը բանակցություններ է վարում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված, իսկ դա մահացու է Իրանի համար:
  • Ռուսաստանի համար Հյուսիս-Հարավ ճանապարհը թիվ մեկ ստրատեգիական խնդիրն է, որն ինքը լուծում է:
  • Սրա մանևրելը մանկամտության, պարզամտության աստիճանի է, որն ազդում է մեր երկրի և արցախահայության անվտանգության վրա:
  • Տեղի մոտ բարձունքները վերցրել են, որ անցակետ դնեն: Բայրամովն ասաց, որ մենք Հայաստանի հետ պայմանավորվածություն ունենք, որ երկուստեք ենք անցակետ դնելու, բայց Հայաստանը վերջին պահին հրաժարվեց:
  • Ուժային կենտրոնների բախում է լինելու, և Հայաստանը մաս-մաս են անելու:
  • Իր կիսագրագետ մոտեցումներով 2018թ. Սահանում ցնցող հայտարարություն արեց: Փաշինյանն ասաց՝ մենք թույլ չենք տա, որ երկրորդ անգամ Պապ թագավորին սպանեն: Նեյրոլինգվիստիկ մասնագետներն իր մեջ մտցրել են, որ ինքն իրեն Պապ թագավորի տեղը դնի, Հիսուսի, Մովսես Մարգարեի տեղն է դնում:
  • Պատահական չէր, որ Փաշինյանը շարժումը սկսեց 2018 թվականի այն օրը, երբ հրեաները Զատիկի տոնն էին նշում, իսկ այդ տոնը կապվում է Մովսես մարգարեի հետ: 40 օր հետո նա իշխանություն վերցրեց:
  • Իրանի լռությունն ինչո՞վ է պայմանավորված:
  • Ադրբեջանը լուրջ գործողություններ է իրականացնում՝ Ադրբեջանում երիտասարդության շրջանում մեծ հեղինակություն ունեցող շիա մահմեդականներին, քարոզիչներին ձերբակալելու հետ կապված: Դրանք համատարած են:
  • Ադրբեջանը շիա մահմեդական երկիր է, և այնտեղ Իրանի ազդեցությունը շատ մեծ է:

Կարդացեք նաև

  • Առերևույթ լռությունը նշանակում է, որ երկու պետություններն էլ՝ Իրանը և Ադրբեջանը, փոթորկից առաջ պատրաստվում են:
  • Իրանում հոգևոր և ռազմաքաղաքական ղեկավարությունը կարծում է, որ վաղ թե ուշ Ադրբեջանը միացնելու են իրենց՝ որպես շիամահմեդական ժողովուրդ:
  • Նաև Իսրայելի ղեկավարությունն է հասկանում, որ եթե պատերազմ լինի, այն իր համար էլ կարող է կործանարար լինել: Փորձում են ժամանակ ձգել, Իսրայելում էլ գունավոր հեղափոխության մթնոլորտ կա:
  • Թուրքիան ընտրություններից հետո մտնելու է ցնցումային իրավիճակի մեջ։ Ընդդիմադիր դաշտի թեկնածուի հիմնական հաղթաթուղթն Էրդողանի հիվանդությունն է:
  • Թուրքիան խնդիր ունի տարածաշրջանային գերտերություն դառնալու։ Թուրքիային ձեռնտու է Ամերիկայից մեծ հաշվով կտրվելը, որովհետև ԱՄՆ-ը Թուրքիային միշտ որպես գործիք է օգտագործել։ Նույնը՝ նաև Մեծ Բրիտանիան:
  • Թուրքիայում ցանկացած ղեկավար հասկանում է, որ իր համար ավելի ձեռնտու է հարևան երկրների հետ հարաբերություններ ունենալ, նույն Իրանի, ՌԴ-ի, Արաբական աշխարհի հետ:
  • Թուրքիան իր ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս բերելու համար կարող է մեծ գին ուզել:
  • Թուրքիան վերջին 20-30 տարիների ընթացքում լուրջ ռազմարդյունաբերական համալիր ունի, մարտունակ բանակ, որն օգտագործում է ռազմական կոնֆլիկտներում, ունի ղեկավարություն, որը ձգտում է դառնալ առավելագույնս ինքնիշխան:
  • Ես կարծում եմ՝ Էրդողանի պարտությունը մեզ համար ոչինչ չի փոխելու, Էրդողանի չլինելուց հետո Արևմուտքի համար լայն դռներ են բացվում Թուրքիայում մարտավարություն փոխելու, տարածաշրջանային շատ խնդիրներ միասին լուծելու:
  • Մեզ ձեռնտու չէ անկայուն Թուրքիա. մեզ համար դա կարող է կործանարար լինել, մենք մարտավարական խորություն չունենք, չունենք տարածքներ, որ ամիսներով կռիվ տանք:
  • Թուրքիան, իհարկե, միջնորդավորված աշխատել է Հայաստանի տարբեր ոլորտների քաղաքացիների հետ, որոնք աշխատել են Թուրքիայում: Նրանք, ովքեր Թուրքիայի համար հետաքրքրություն են ներկայացրել, նրանց հետ աշխատել են, գուցե և՝ հավաքագրել: Պարտադիր չէ, որ Թուրքիայի համար աշխատեն միայն Թուրքիայի հավաքագրած գործակալները, կարող է նաև սառեցված գործակալներ լինեն, և 10-15 տարի հետո պարզվի մեկ էլ, որ սպասարկում են Թուրքիայի շահը:
  • Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ է զբաղվել. դեսպանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը հրապարակել էր HSBC բանկի փաստաթուղթ, որում երևում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հաշվին Ադրբեջանից 2 մլն դոլար է փոխանցվել։ Նիկոլյանն այնուհետև հայկական լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ Ֆրանսիայի դեսպանը հօգուտ Ադրբեջանի լրտեսությամբ է զբաղվել Հայաստանում, նույնիսկ խոսվում է, որ Լույոյին շուտով պաշտոնանկ կանեն և նրա փոխարեն՝ այլ դիվանագետի՝ Օլիվիե Դեկոտինիեին պիտի նշանակեն։

  • Կարծում եմ՝ ֆրանսիացի լրագրողի հիմքերը 100 տոկոսանոց են եղել: Սա միայն Ֆրանսիայի դեսպանին չի վերաբերում: Ադրբեջանի, Թուրքիայի հատուկ ծառայություններն աշխատում են: Դեսպանները զեկույցներ են ուղարկում, և դա կարող է անել այնպիսի բովանդակությամբ, որ դրանք սպասարկեն Ադրբեջանի շահը։ Դա ընդունված պրակտիկա է։ Ֆրանսիայի քաղաքացի այդ լրագրողը կարող է խնդիրներ ունենալ Ֆրանսիայում։ Ռիսկի է դիմել… Շատ տվյալներ վերցրել է բաց աղբյուրներից, իսկ ինչո՞ւ այդ աղբյուրների հետ մեր ԱԱԾ-ն չի աշխատում:
  • Ինչի՞ց են վախենում իշխանությունները՝ մեկուսացնելով գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին:
  • Որպեսզի Արևմուտքին ցույց տան, որ կատարում են ամենադժվար հանձնարարությունները, սկսկեցին Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործից՝ առավելապես ցավեցնելու ՌԴ-ին։ Գրիգորի Խաչատուրովի դեմ քրեական գործն էլ հարուցվել է Ադրբեջանին ցույց տալու համար, որ կարող են բանակային կորպուսի հրամանատարին հետապնդել: Ադրբեջանի համար շատ կարևոր է, որ Գրիգորի Խաչատուրովը լինի բանտում:
  • 2023թ. փետրվարի 20-ին ադրբեջանական մամուլում գնահատական են տվել, թե իբր Գրիգորի Խաչատուրովը ռազմական հեղաշրջում է փորձել անել։
  • Խաչատուրովը չպարտված հրամանատար է: Դա քիչ է, նա նաև կեցվածք է դրսևորել, որ Տավուշում 3-րդ բանակային կորպուսը, հնարավոր է՝ հրաման չկատարի:
  • Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսք է եղել նաև Տավուշի մասին, «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: Հետագում հայտարարության խմբագրված օրինակում այս ձևակերպումն ընդհանրապես հանվել է՝ նաև շնորհիվ Գրիգորի Խաչատուրովի:
  • Գրիգորի Խաչատուրովը մասնավորապես գրել էր. «Մենք վստահ ենք, որ հանձնելով հակառակորդի պահանջած տարածքները, ավելի ենք գրգռելու նրա ախորժակը։ Մեկը մյուսի հետևից կորցնելու ենք հայկական բնակավայրերը։ Կրակի տակ անպաշտպան ենք թողնելու սահմանամերձ համայնքների խաղաղ ազգաբնակչությանը և կորցնելու ենք հանձնված տարածքները վերադարձնելու ցանկացած հնարավորություն և հույս։ Ելնելով վերոգրյալից՝ Բանակային կորպուսը հաստատակամ է անսասան կանգնել զբաղեցրած բնագծերում, ոչ մի քայլ հետ սկզբունքով ամուր պահել մեր դիրքերը։ Անհրաժեշտության դեպքում հակառակ վերադաս հրամանատարության հրամաններին, չհանձնել ոչ մի բնակավայր, ամբողջական պահել Տավուշյան սահմանագիծը»… Սա էլ առաջին հերթին հիմք է դարձել Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելու համար։

  • Խաչատուրովին կալանավորելը ցուցիչ է, որ բանակցությունները մտնում են ավարտական փուլ, ներառյալ՝ նաև Տավուշի մարզից բնակավայրեր հանձնելու մասով: Ադրբեջանի նշած 8 գյուղերից 7-ը Տավուշի մարզինն են:
  • Խաչատուրովի կալանավորումը առարկայական ցուցիչ է, որ ՀՀ իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են տարածքները հանձնելու: Այդ թվում է նաև մեկ միջպետական ճանապարհ:
  • 104 գյուղ Հայաստանի և Ադրբեջանի միջև, վտանգի տակ են. դրանցից 40 գյուղի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից մեկ կմ հեռավորության վրա է, իսկ 64-ինը՝ 1.5 կմ-ի:
  • Դատական նիստը դռնփակ անցկացնելու հանգամանքը ևս ցուցիչ է, որ Խաչատուրովին ուզում են մեկուսացնել:
  • Խաչատուրովը պետականության սիմվոլ է, հայրենիքին նվիրված ծառայելու սիմվոլ է, նրա կերպարի դրական կողմերը Փաշինյանի և նրա թիմի մոտ բացասական երանգ են ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս