«Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացումը Նժդեհի արձանի մոտ խաղալու համար «Գոյ» թատրոնը Քաղաքապետարանից դեռ թույլտվություն չի ստացել

Ապրիլի 11-ին «Գոյ» թատրոնի մի քանի ներկայացուցիչ հանդիպել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը. քննարկվել է «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու հարցը:

«Հանդիպել ենք, քննարկել, բաց խոսակցություն ենք ունեցել: Իրենք ներկայացրել են այն մտահոգությունները, որ ունեն, ես էլ առաջարկել եմ այդ մտահոգությունների չեզոքացման ճանապարհ և կարծում եմ՝ այն մտահոգությունները, որ հանդիպմանը ներկա աշխատակիցները ներկայացրեցին, ամբողջությամբ կարգավորվելու են, և այդ մասին իրենց էլ եմ ասել: Իրենք խնդիր են դնում, որպեսզի «Գոյ» թատրոնի անունը՝ որպես առանձին թատերական միավոր, պահպանվի, և դա նախագծով արդեն իսկ այդպես է: Նախարարը նշեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել՝ պարզելու, թե լրացուցիչ ի՞նչ ամրագրումների կարիք կա: Իրենք ունեին որոշակի հարցադրումներ՝ կապված ստեղծագործական գործունեության առանձին ֆինանսավորման, իրենց դիմագիծը պահպանելու հետ, և իրենց ամբողջությամբ ներկայացվել է, որ կան դրա լուծման հնարավորությունները՝ նախաձեռնած գործընթացի շրջանակներում, և մենք առաջարկել ենք, որ նայեն նախագիծը, որովհետև, մեր տպավորությամբ, կարծես թե նախագիծը չէին կարդացել: Ապա նախագծի շուրջ միասին քննարկում կունենանք, թե ո՞ր դրույթներն է, որ կուզեն հավելյալ լրամշակել, որպեսզի իրենց ունեցած բոլոր մտավախությունները կարգավորվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գոյ» թատրոնի ներկայացուցիչներին ուղղված մեր հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ են կրկին հանդիպել նախարարի հետ, պատասխանեցին, թե իրենց կարծիքով՝ հանդիպում էլ տեղի չի ունենա: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարին հրավիրել էին «Գարեգին Նժդեհ. իրական առասպել» ներկայացմանը, բայց դեռ պարզ չէ՝ կգա՞, թե՞ ոչ:

Ի դեպ, «Գոյ» թատրոնն ապրիլի 15-ին դիմել էր Քաղաքապետարան՝ ապրիլի 28-֊ին, ժամը 19։00 «Գարեգին Նժդեհ.իրական առասպել» ներկայացումը Նժդեհի արձանի մոտ խաղալու համար:

Կարդացեք նաև

Թատրոնի գեղղեկավար Արթուր Սահակյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել էր, որ ստացել են Քաղաքապետարանից պատասխան-նամակ, որտեղ նշված է, որ ներկայացումը թույլատրելը և անհրաժեշտ էլեկտրամատակարարումն ապահովելու խնդրանքի վերաբերյալ հարցը քննարկվում է Քաղաքապետարանում, որի արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեր հարցին՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ ներկայացումը խաղալու համար Քաղաքապետարանից թույլտվություն ստացե՞լ են, թատրոնից տեղեկացրեցին, որ դեռ չեն ստացել:

«Երկրորդ իրազեկումը չենք ուղարկել, քանի որ կան հրավիրված երկու դերասաններ, ովքեր խաղում են այլ թատրոնում, և պետք է նրանց գրաֆիկին հարմարեցնենք: Անպայման դիմելու ենք քաղաքապետարանին»,- ընդգծեցին թատրոնից:

Տեսանյութեր

Լրահոս