Բաժիններ՝

«Առաջարկել եմ մտահոգությունների չեզոքացման ճանապարհ». Ժաննա Անդրեասյանը «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Ապրիլի 11-ին «Գոյ» թատրոնի մի քանի ներկայացուցիչ հանդիպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը. քննարկվել է «Գոյ» թատրոնը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու հարցը:

«Հանդիպել ենք, քննարկել, բաց խոսակցություն ենք ունեցել: Իրենք ներկայացրել են այն մտահոգությունները, որ ունեն, ես էլ առաջարկել եմ այդ մտահոգությունների չեզոքացման ճանապարհ և կարծում եմ, այն մտահոգությունները, որ հանդիպմանը ներկա աշխատակիցները ներկայացրեցին, ամբողջությամբ կարգավորվելու են, և այդ մասին իրենց էլ եմ ասել: Իրենք խնդիր են դնում, որպեսզի «Գոյ« թատրոնի անունը՝ որպես առանձին թատերական միավոր, պահպանվի, և դա նախագծով արդեն իսկ այդպես է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել՝ պարզելու, թե  լրացուցիչ ի՞նչ ամրագրումների կարիք կա:

«Իրենք ունեին որոշակի հարցադրումներ՝ կապված ստեղծագործական գործունեության առանձին ֆինանսավորման, իրենց դիմագիծը պահպանելու հետ, և իրենց ամբողջությամբ ներկայացվել է, որ կան դրա լուծման հնարավորությունները՝ նախաձեռնած գործընթացի շրջանակներում, և մենք առաջարկել ենք, որ նայեն նախագիծը, որովհետև, մեր տպավորությամբ, կարծես թե նախագիծը չէին կարդացել:  Ապա նախագծի շուրջ միասին քննարկում կունենանք, թե ո՞ր դրույթներն է, որ կուզեն հավելյալ լրամշակել, որպեսզի իրենց ունեցած բոլոր մտավախությունները կարգավորվեն: Իրենց առաջարկը եղել է, որ որոշ ժամանակ տանք, և իրենք ցույց տան, որ թատրոնը բոլորովին այլ որակով հիմա գործում է: Այդ ժամանակը մի քանի տարի գնում է, և այս խնդիրները նոր չեն: Ես ուրախ եմ, որ հիմա թատրոնում կան որակական փոփոխություններ: Պատրաստակամություն ենք հայտնել, որ բոլոր նոր ծրագրերը, որ իրենք ունեն, արդեն որակական փոփոխություններից հետո կարող են իրականացնել նաև նոր ձևաչափով»,- մանրամասնեց Ժաննա Անդրեասյանը:

Կարդացեք նաև

«Գոյ» թատրոնի բեմադրիչ Սարգիս Արզումանյանը ևս ներկա է եղել հանդիպմանը, և մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ կառուցողական քննարկում է եղել:

«Կարծես հասկանալի էր, որ ցանկանում են աջակցել մեր մտահոգություններին և մեր դիրքորոշումներին, և սրանից ելնելով՝ կարծում ենք, որ հնարավոր է՝ նախագիծը հետ կանչվի: Անձամբ ես նաև տիկին Ժաննա Անդրեասյանին հրավիրել եմ թատրոն՝ գալ և ծանոթանալ խնդիրներին, ինչպես նաև ներկայացում դիտել, և նա պատասխանեց, որ կգա, ու ասաց. «Անգամ գիտեմ, թե որ ներկայացմանը կհրավիրեք: Անպայման կգամ և կդիտեմ»:

Խոսքը «Գարեգին Նժդեհ. Իրական առասպել»-ի մասին էր: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարարը, և տիկին նախարարն ավելի շատ լսում էր մեր և փոխնախարարի խոսակցությունը: Ավելի շատ կողքից դիտարկում էր, ուզում էր հասկանալ երևույթը, հետևություններ անել: Հանդիպման ընթացքում ամեն դեպքում Արա Խզմալյանը պնդում էր նախագիծը, և մեր հետևությունն այն է, որ սա Խզմալյանի նախաձեռնությունն է: Նա փորձում էր նախարարին համոզել, որ սա շատ լավ բան է»,- մեզ հետ զրույցում մանրամասնել էր Սարգիս Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս