Ծնողին պետք է ապացուցենք՝ ձեր երեխան կունենա ապագա, եթե զբաղվի գիտությամբ. Արմեն Օրուջյան
Հայ ազգն իր գոյության ամեն հարյուրամյակում ունեցել է գոյաբանական սպառնալիքներ կրող ժամանակաշրջաններ. այդ խնդիրը մեր ազգի համար միշտ էլ էական է եղել, բայց եթե նույն խնդիրն ունեցող այլ ազգեր կարողացել են գտնել ճանապարհ՝ նման սպառնալիքների չբախվելու համար, ապա մենք դա անել չենք կարողացել. մենք շատ խոսել ենք, մինչդեռ խոսելուց զատ՝ գործել է պետք։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմից հետո պետության համար գիտության դերի և այդ դերը կարևորելուն միտված պետական երկարաժամկետ ռազմավարության անհրաժեշտության մասին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը։
Ինչ վերաբերում է գիտության համար պետության երկարաժամկետ ռազմավարության առկայության խնդրին հատկապես պատերազմից հետո, ապա Արմեն Օրուջյանը նշեց, որ իր համար երկարաժամկետ լուծումները տեսանելի չեն։
«Պետության մակարդակով ռազմավարություն ունե՞նք, թե՞ ոչ. եթե կա էլ, ապա տեսանելի չէ, հստակ չէ։ Տպավորություն է, որ մենք պահային լուծումների հետևից ենք գնում»,- ասաց Օրուջյանը։
Հարցին՝ ո՞րն է երկարաժամկետ ռազմավարության փոխարեն՝ պահային լուծումների ճանապարհով գնալու պատճառը՝ արդյոք մեր ունեցած ռեսուրսնե՞րը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրենը պատասխանեց.
«Ռեսուրներ ունենալու համար տարբեր քայլեր է պետք անել, հետևապես՝ ես չեմ ասի, որ խնդիրը ռեսուրսների մեջ է։ Խնդիրն անգամ ֆինանսական ռեսուրսները չեն, խնդիրը այն է, որ փողը կա, բայց գաղափար չկա, որի վրա կարող ես գումար ներդնել, այսինքն՝ դժվար է ոչ թե գումար, այլ գաղափար գտնելը»։
Հարցին՝ ինչո՞ւ չկա գաղափար, երբ, մասնավորապես, Հայաստանում ունենք 4000 գիտնական, Օրուջյանը պատասխանեց՝ կարևոր է հասկանալ, թե այդ 4000-ից քանի հոգի են ակտիվ զբաղվում ոչ միայն գիտությամբ, այլև, ամենակարևորը, մրցունակ գիտությամբ։
«Օրինակ՝ եթե մի մեծահարուտ որոշի Հայաստանում գիտության վրա 1 միլիարդ դոլարի ներդրում անի, մենք այդ գումարը չենք կարող սպառել, որովհետև մենք ունենք գիտնականների քանակի խնդիր։ Քանակի խնդիր ունենք, որովհետև երեխաները գիտությամբ հետաքրքրված չեն։ Ծնողին հետաքրքրում է, լավ, եթե իր երեխան դարձավ գիտնական, արդյո՞ք կարողանալու է իր ընտանիքը պահել, ու հենց այստեղ է, որ մեր խնդիրն է ծնողներին ապացուցել՝ ձեր երեխան կունենա ապագա, եթե զբաղվի գիտությամբ»,- ասաց Օրուջյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։