Հինգ տարի առաջ այս օրերին Երևանի փողոցներում արվող խորովածն Արցախի զոհաբերության մատաղն էր․ Հարություն Մեսրոբյան
Այսօր կառավարման ճգնաժամ չկա, քանի որ վերջին տարիներին առհասարակ չկա կառավարում, երկիրը փլուզվում է՝ մեր վերնախավի, մտավորականության, բնակչության նիստուկացի և բարքերի պատճառով։ Դարերով կուտակված այս ախտերը պարբերաբար պայթում են մեր գլխին, ինչպես 1920-ին՝ Ալեքսանդրապոլի, հիմա էլ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ստորացուցիչ պայմանագրով։ Երբ հարցը հասնի Երևանին, և թշնամին տարբեր ուղղություններով մտնի մայրաքաղաք, մինչև չհասնի Կասկադի սրճարաններ՝ մարդիկ այնտեղ հանգիստ կսրճեն և սրանց կսատարեն։ 1915-ին հայերն ասում էին՝ մեզ զենք մի՛ տվեք, որ դա տեսնելով՝ թուրքը մեզ չկոտորի, իսկ երբ մի գյուղի բնակիչներին մորթում էին, հարևան գյուղը չէր արձագանքում։ Մեր բացասական կողմերը ձևավորվել են դարեր շարունակ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Տարիներ առաջ ձևավորվեց հումանիտար գիտության՝ հայոց պատմության կորը կառավարման տեսության տեսանկյունից։ Վերջին 150 տարում այդ կորի բացասական տիրույթում ենք, մեր վերացումը սկսվեց համիդյան ջարդերից։ Մեր երկրում կա՞ ընդգծված խավ, որին պետք է մեր պետությունը։ Չկա այդպիսին, ուրեմն երկիրն էլ չի լինի, քանի որ շահառու չունենք։ Ձևական, կեղծավոր, ճառասաց, սոցցանցերում հայրենասիրական կոչեր անող մարդիկ շատ են, բայց գետնի վրա՝ էլիտայի, մտավորականության, ազգային, պետական, արժեքային իմաստով ընդունելի անուններ չկան։ Այս խավը դնենք մի կողմ, բնակչության մեջ էլ Երևանի որևէ թաղամասում չկա վստահելի համայնք։ Այդպիսիք չկան նաև մարզերում։ Սյունիքն ուր որ է՝ վերանալու է, բայց այնտեղ ընտրություններով ընտրում են սրանց, երբ թվում է՝ այն պատմականորեն պինդ գոտի էր։ Սա մեր այսօրվա վիճակի հավաքական արդյունքն է»,- ասաց հասարակական գործիչը:
«2018-ի ապրիլին փողոցներում արվող խորովածն Արցախի զոհաբերության մատաղն էր։ Ապրիլի 23-ին արդեն վերադարձի և փոխանակման հնարավորություն չունեինք, այդ օրը մենք կամավոր ստորագրեցինք մեր դատավճիռը, դա մենք էինք, ոչ թե թուրքը, ռուսը, ֆրանսիացին կամ ամերիկացին։ Մարդու թույլ տեսակը մեղադրանքի սլաքն իրենից դուրս է ուղղում։ Մենք պետք է լինենք աշխարհի «ամենաերջանիկ» ժողովուրդը, քանի որ մեր կորուստները, բնակչությունն ու իշխանությունը ներդաշնակ են։ Մարդկանց դեմքերը փողոցներում որքան հանդարտ են։ Ասում էինք՝ ինչպե՞ս էին Դեր-Զորում հազարավոր հայերին ընդամենը երկու-երեք հրացանավոր ասկյար ուղեկցում։ Մեզ օրը ցերեկով կոտորում են, և բոլորը դեմքի հիմար արտահայտությամբ զարմացած նայում են»,- նշեց փորձագետը:
Հասարակական գործչի պնդմամբ՝ ընդդիմության ենթադրյալ առաջնորդները, որոնք պիտի դիմադրություն ձևավորեն, ոչ թե կեղծավոր, այլ իրապես հայրենասեր, արժանի և ունակ մարդիկ պիտի լինեն, բայց նրանք ծանր հոգեվիճակում են. «Հիշենք Նժդեհի ամփոփիչ բնութագիրը մեր ժողովրդին՝ ապերախտ ժողովուրդ, Անդրանիկի, Ղազարոս Աղայանի նամակները, Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածը։ Կարելի է հասնել 5-րդ դար՝ Մովսես Խորենացու «Ողբին», տպավորություն է, որ այն գրված է 2018 թվականի ապրիլին սկսված իրականության մասին։ Մեկուկես հազարամյակ շարունակ ոչինչ չի փոխվել, դա անգամ ավելի վաղ է սկսվել։ Դեռևս մ․թ․ա․ 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, այդ ախտորոշումը կար, նա Հայաստան չմտավ, բայց նրանից հետո հայերը հելլենիզմ ընդունեցին՝ չլինելով գրավված։ Եթե անգամ կան այդ փոքրաթիվ ունակ մարդիկ, նրանք վստահ են, որ եթե իրենք վերցնեն դիմադրության դրոշը, բնակչությունն իրենց մեջքից խփելու է։ Այդքանից հետո ո՞վ կառաջնորդի ժողովրդին»:
«Մեր ազգի մեջ, այո՛, կա մի քանի հոգի, որոնք ունակ են, կարող են, պատրաստ են և ցանկանում են հարցը լուծել։ Դառնացած ժողովուրդն իր հերոսներին է դառնացնում՝ դրանով կտրելով իր փրկության միակ ճանապարհը։ Իսկ այս պարագլուխը սեղանի շուրջ դառնում է թիվ մեկ թամադան։ Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, այլ բացատրություն չկա։ Դա շատ վառ կերպով երևում է նաև մեր էլիտայի օրինակով։ 2018-ից հետո մեզ մոտ օրհասական փուլեր են՝ այն աստիճանի, որ մենք կորցնելու ենք պետությունը և ժողովրդին։ Ո՞ւր է մեր մտավորականությունը, նրանք, որ պաթետիկ ճառեր էին ասում, երգեր էին երգում։ Երկիրը կործանվում է, իսկ նրանք լուռ են, բայց եթե պետք լինի՝ պաշտոն էլ կզբաղեցնեն, կոչում էլ կստանան։ Բնակչությանը շատ ենք թիրախավորում, բայց էլիտան նրանից որևէ բանով լավը չէ։ Մեր մտավորականությունը պետք է ցմահ դատապարտվի, երբ գա նորմալ իշխանություն»,- ամփոփեց Հարություն Մեսրոբյանը: