Զանգվածային ողբերգական դեպքեր, արհավիրքներ են սպասվում. վերջին պատնեշն ուժային կառույցների էլիտաների պոռթկումը պետք է լինի․ ժամանակ չունենք. Հարություն Մեսրոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հայաստանի բնակչությունն անտարբեր չէ․ խանդավառությամբ գնում է դեպի 2-րդ Ցեղասպանություն։ Դա ինձ հիշեցնում է «Տիտանիկի» կործանումը, երբ նավը կործանվում էր, բայց նվագախումբը մինչև վերջին վայրկյանը նվագում էր… Մեր այս ճանապարհն ինքնահրկիզման ճանապարհ է։
- Իմ կանխատեսմամբ՝ 2024–2026թթ., 80 տոկոս ճշգրտությամբ եմ ասում, զանգվածային ողբերգական դեպքեր են սպասվում տարածաշրջանում։ Նման կերպ կանխատեսել եմ 2008թ․ դեպքերը, 2016թ. Ապրիլյան դեպքերը, 44-օրյա պատերազմը (կարող եք ինտերնետում կարդալ նշածս ժամանակահատվածոմ իմ արած հրապարակային հայտարարությունները, կանխատեսումները)։ Շատ հավանական է, որ մենք պետականություն կորցնենք։ 20 տոկոսի փրկության հույսն Իրանի գործոնն է։
- Ինձ համար նման կանխատեսման համար հիմք են ծառայել նախ մակրոազդակները. ռուսական ու անգլոսաքսոնական ճակատների առճակատում է ընթանում, որի պիկը լինելու է 2024 թվականը։ Երկրորդ՝ 2025թ․ լրանում է ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման ժամկետը։ Եվ երրորդ՝ սրվել է Իրանի հետ Արևմուտքի առճակատումը, որի պիկը լինելու է 2025 թվականին։
- Փրկվելու համար շատ ժամանակ չունենք․ միգուցե ուժային կառույցների ղեկավարների միջոցով հնարավոր է ինչ-որ բան անել։ Վարդավառի օրը Հանրապետության հրապարակում այս տաշի-տուշի անող ժողովրդի վրա չի կարելի հույս դնել։ Կես տարուց մտնում ենք արհավիրքների փուլ։ Վերջին պատնեշն ուժային կառույցների էլիտաների պոռթկումը պետք է լինի․ ժամանակ չունենք:
- Ցանկացած օրգանիզմի փրկության տրամաբանությունը նույնն է։ Նույնը մարդու օրգանիզմին է վերաբերում․ մենք արդեն վիրահատարանի փուլում ենք։ Վիրաբուժական գործողություն է պետք։
- Մենք պետք է պատրաստ լինենք, որ 2024 թվականից, հնարավոր է՝ ռումբ է պայթելու։ Եթե ուժային կառույցների տեսքով դիմադրությունը չհաջողվեց, պետք է սավանը քաշենք գլխներիս ու սողանք դեպի մոտակա գերեզման։
- Գիտակցաբար կամ անգիտակցաբար կոտորվել ցանկացող մարդուն՝ չկա աշխարհում ուժ, որ կարողանա դեմն առնել։
- Իշխանամերձ, արևմտյան ֆինանսավորումներից՝ գրանտներից օգտվող փորձագիտական շրջանակները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց ծլվլալու ժամկետը կարող է ավարտվել 2024 թվականին։
- Ֆեյսբուքում մի գրառման մեջ ասել եմ՝ ինչ քայլեր պետք է անեն տաշի-տուշիներ անող բնակիչները.
1. ԴՈՒԽՈՎ՝ ճանաչիր Մեծ Թուրանի ամբողջականությունը (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը):
2. ՔԱՅԼ ԱՐԱ՝ մինչև Դեր-Զոր:
3. ԱՅՆՏԵՂ՝ մետրո փորիր, իջիր և երգիր՝ «Ո՞ւր էիր Աստված»:
Հիմա կրկնում եմ՝ Դեր-Զորում կարելի է փորել մետրո, մտնել մեջը ու այնտեղից երգել՝ «Ո՞ւր էիր Աստված»․ մետրոյի կայարանի անունը կարող է լինել Աջափնյակ…
- Խոսքը արժեք չունի․ դա անիմաստ է նման անբարո հասարակարգում։ Դրա վառ օրինակն են Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարությունները՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա արդեն՝ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»:
- Ռուսաստանը սարսափելի ներքին խնդիրներ ունի, ես դա չեմ էլ վիճարկում, բայց պետք է նկատել, որ վերջերս, հատուկ գործողության մեկնարկից հետո, սկիզբ առավ ՌԴ-Իրան ռազմատնտեսական նոր մերձեցման փուլը․ այն ուղղված է անգլոսաքսոնական ուժերի դեմ։
- Աշխարհում անգլոսաքսոնական կառավարումն ամենահզորն է, բայց մի մեծ խնդիր ունեն։ Երբ վիճակը թեժ չէ, հաղթում է անգլոսաքսերի անալիտիկ մտածողությունը, իսկ երբ վիճակը թեժանում է, երկու կայսրությունների միջև գնում է քաղաքակրթական պատերազմ, ուժեղանում է սինթետիկ մտածելակերպը, և հաղթում է Ռուսաստանը։
- Եթե ուզում եք Ռուսաստանը ոչնչացնել, փշի–փշի արեք, բայց քաղաքակրթական գործընթացների ժամանակ Ռուսաստանն անպարտ է։ Ռուսաստանի շուրջ ստեղծվում է մի շատ վտանգավոր հակաանգլոսաքսոնական բևեռ։ Ինչքան իրավիճակը թեժանա, այնքան Ռուսաստանի՝ հաղթելու հավանականությունը մեծանալու է։ Դրա մասին է վկայում 5 դարերի փորձը։ Անգլոսաքսերի կողքին ոչ մի կայսրություն չկա, բոլոր հին կայսրությունները ՌԴ-ի կողքին են կանգնած՝ Չինաստանը, Իրանը…
- Մեր Ցեղասպանությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մենք պլստացինք, ԽՍՀՄ-ը հաղթեց։ Հիմա մեր տարածաշրջանն ամենապայթյունավտանգն է, իսկ մենք Շառլ Միշելի պոչն ենք բռնել։ Հիշեք մեր Ցեղասպանության ժամանակ անգլոսաքսերի ցինիկ պատասխանը՝ «Մեր նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները»։ Ֆրանսապաշտներին առաջարկում եմ հիշել ֆրանս-թուրքական Անկարայի պայմանագիրը։
- Թուրքական Մեծ Թուրանի կառուցման ճանապարհին մենք քնած ենք անգրագետ էշի ականջին։ Այսպես բնաջնջվեցինք Արևմտյան Հայաստանում, հիմա կբնաջնջվենք Արևելյան Հայաստանում ու կդառնանք հրեաների պես թափառաշրջիկ ազգ, ովքեր իրենց ախմախության պատճառով 2000 տարի զրկված էին պետությունից։ Եթե այսօր Հայաստանի ուժային կառույցները դեմը չառնեն, մենք կբռնենք հրեաների ճանապարհը, ու միգուցե 500 կամ 1000 տարի հետո խելք հավաքենք ու ունենանք պետություն։
- Հիշենք՝ ոնց էր մեզ դիմում Նժդեհը՝ «ապերախտ ժողովուրդ», նույն կերպ դիմում էր Հովհաննես Թումանյանը՝ «Դառնացած ժողովուրդ»։
- Նժդեհը մի լավ խոսք ունի՝ «թույլը մեղավոր է, որ ինքը թույլ է»։ Մեզ ցեղասպանելու մեջ թուրքը երկրորդ մեղավորն է, առաջինը մենք ենք մեղավոր։ Ո՞վ էր պաշտպանում երիտթուրքերի՝ իշխանության գալը… հայ մտավորականները։ Նույնը հիմա անում են այս իշխանությունները՝ ՔՊ-ականները։
- Ես կյանքում չեմ տեսել ոչխար, որ ինքը հասկացել է, որ ոչխար է, որովհետև այն պահից, երբ ինքը հասկանում է, որ ոչխար է, այլևս ոչխար չէ, ու դառնում է վտանգավոր։
- Ճիշտ են ասում այս իշխանությունները, որ բոլորը լինելու են հավասար․ այո՛, բոլորն անթաղ լինելու են այս հողի վրա։
- Օսմանյան կայրսրությունում հայ մեծահարուստները մականուն ունեին՝ կուկո։ Երբ սկսվեց 1915թ., թուրքերը գիտեին՝ ովքեր են կուկոները, գալիս նրանց ասում էին՝ այսքան գումար վճարեք, ձեզ փրկենք։ Քանի որ փողատերերը միշտ վախկոտ են լինում, տալիս էին փողը, մեկուկես ամիս ապրում էին, հետո վիճակը թեժանում էր, ու կրկնվում էր նույնը։ Կուկոները վճարում էին, ու աստիճանաբար դուրս գալիս՝ նախ իրենց բնակավայրերից, ապա հասնում նավահանգիստ, բայց արդեն սնանկացած… Նավ մտնելու փող չէր լինում, ու գլխատվում էին։ Այսօրվա բոլոր կուկոների ժամանակը մինչև 2026թ․ վերջ է։ Այդ ժամանակ, հնարավոր է, իրավաբանորեն Հայաստանի Հանրապետություն չլինի։
- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո ինձ համար գոյություն չունի, որովհետև ինքն այդ պատերազմի արդյունքի թիվ մեկ պատասխանատուն էր։ Եթե նա 44-օրյա պատերազմից հետո ինքնասպան չեղավ, ինքն ինձ համար գոյություն չունի, ու հիմա իր թեման ընդհանրապես չի հետաքրքրում, առավել ևս, որ ես նրան անձամբ գիտեմ։
- Մեր պրոբլեմը կայանում է նրանում, որ մեր վերնախավն անբարո է։
- Լիբերալիզմի ջատագովներն անբարոներ են։ Նրանց հանգուցային մոտեցումներից է սպառողական հասարակության ձևավորումը։ Սպառողական հասարակություն ձևավորելու համար նրանց պետք է անջատել ազգայինը, կրոնականը, ընտանիքը։ Եվրոպայի փրկությունն անգլոսասոնական ու ռուսական ուժերի հակամարտության մեջ անգլոսաքսոնական ափից կտրվելն է։
- Պետք է ստիպողաբար մտցնել մերիտոկրատական կառավարում («արժանիների իշխանություն») ու կոշտ ձևերով բարեփոխումներ անել։
- Դեմոկրատիան շատ արագ դառնում է օխլոկրատիա։ Պետք է հրաժարվել այդ կառավարումից։ Առավել ևս, երբ Հայաստանում դեմոկրատիայի դեմքով ավտորիտարիզմ է:
- 2018թ․ փողոցներում հեղափոխություն կոչվածի օրերին խորոված անողներին ասում էի՝ դուք անում եք Արցախի մատաղը, ու ես ճիշտ դուրս եկա։
- Արմեն Աշոտյանի առաջարկած POSTNIKOL փուլը կոշտ մոբիլիզացիայի ու պատիժների խստացման փուլը պետք է լինի։ Կոշտ կառավարման փուլը պետք է տևի 40 տարուց ավելի։ Առնվազն երեք սերունդ պիտի մաքրվի։
- Կա՛մ կվերանաք, կա՛մ կփրկվենք։ Մենք՝ Հայաստանը, վաղուց կառավարման ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ։
Մանրամասները՝ տեսանյութում։