Բաժիններ՝

Հատկապես այս խառը ժամանակներում մեզ պետք է շատ լավ իմանալ հայոց պատմությունն ու նույնչափ՝ եկեղեցու պատմությունը. քաղաքացիներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասացանկից հանելու հարցին, ապրիլի 22-ին ասել էր, որ 2021թ. հաստատված չափորոշիչը կներդրվի սեպտեմբերից։

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ սեպտեմբերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։

«2021 թվականին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները։ Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից, սա է իրավիճակն և այս իրավիճակը չի փոխվում»,- ասել էր նա:

Դպրոցների ուսուցիչներից փորձեցինք պարզել, թե ովքե՞ր են դասավանդում առարկան, կա՞ հետաքրքրություն, և իրենց կարծիքով՝ «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները միավորելն արդյունավետ կլինի՞, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Նրանք նշեցին, որ «Հայ եկեղեցու պատմությունը» 5-12-րդ դասարաններում առանձին դասավանդվում է բավականին երկար, բացի այդ, մոտ 15 տարի և ոչ միայն «Հայոց պատմության», այլև «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչներն են վերապատրաստվել Կրթության ազգային ինստիտուտում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում:

«Շատ խորը ուսումնասիրել ենք «Եկեղեցու պատմությունը», և կարողանում ենք դասավանդել, ինչ վերաբերում է աշակերտների հետաքրքրված լինելուն, ապա, եթե անգամ միացնեն այս երկու առարկաները, չսովորող աշակերտը ոչ «Հայոց պատմություն» առարկայի շրջանակում է դա սովորելու, ոչ էլ առանձին դասագրքով: «Հայ եկեղեցու պատմության» դասագրքերում նյութը հետաքրքիր է մատուցված, կան բառային աշխատանքներ, լրացուցիչ նյութեր»,- մեզ հետ զրույցում ասացին ուսուցիչները:

Խոսեցինք նաև քաղաքացիների հետ:

«Հիշում եմ, մոտ 20 տարի առաջ հայ եկեղեցու մասին դպրոցում պատմում էին քահանաներն ու անգամ դասընթացի վերջում սերտիֆիկատ էին տալիս աշակերտներին: Ընդհանուր ծանոթություն էր, շատ բաներ կրկնվում էին նաև «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում, բայց այդ դասընթացի ժամանակ է, որ գրեթե բոլորս անգիր սովորեցինք «Հայր Մերը»: Տարրական ինֆորմացիա կա, որ ամեն հայ քրիստոնյա, կարծում եմ, պետք է իմանա»,- մեզ հետ զրուցում ասաց Աննան՝ Արագածոտնի մարզից:

Վահրամը նույնպես նախարարության կայացրած որոշումը սխալ է համարում. «Ինչպե՞ս է ուսուցիչը աշակերտին դասավանդելու՝ երկու առարկան միասին: Հատկապես այս խառը ժամանակներում մեզ պետք է շատ լավ իմանալ հայոց պատմությունն ու նույնչափ՝ եկեղեցու պատմությունը»,- ընդգծեց նա:

Մարիամը, որի երեխան սովորում է 5-րդ դասարանում, մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան հաճույքով է առարկան սովորում. «Կան մարդիկ, ովքեր ասում են, թե դեմ են դպրոցում ցանկացած բնույթի կրոնական քարոզին, իսկ դասագրքերում ոչ մի նման բան չկա: Դասագրքում ոչ մի կրոնական քարոզ չկա։ Հրաշալի դասագիրք է, երեխաները սիրով են սովորում: Երեխան տեղեկանում է, թե որո՞նք են, օրինակ, տաղավար տոները, ո՞րն է կնունքի խորհուրդը, և այլն»:

Լիան մասնագիտությամբ պատմաբան է, նա էլ համարում է, որ երկու առարկաների միացումը կարևոր է. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պետք է հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունն առանձին լինեն: Մի շարք ոչ պետական դպրոցներում, ի դեպ, անցնում են կրոնի պատմություն, դա գուցե հետաքրքիր լիներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս