Մետանիկոլ կամ մետաՀայաստան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն իրականացնել ազգայինի դեմ պայքարը։ Հերթական արարը բարեգործ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի, նրա ընտանիքի դեմ իրականացվող արշավն է։

Օբյեկտիվորեն տեղի ունեցողին տրվող առաջին գնահատականները կապված են ներքին կամ արտաքին քաղաքական կոնյունկտուրայի հետ։ Դրանք այս կամ այն չափով հիմնավոր են, բայց այդքանով հանդերձ՝ արտահայտում են կատարվողի սոսկ արտաքին շերտը։

Մինչդեռ, Փաշինյանի արածը՝ լուծելով բոլոր իրավիճակային խնդիրները, միևնույն ժամանակ, իսկ գուցե դրանցից առավել հետապնդում է այլ՝ շատ ավելի հիմնարար նպատակներ։ Հայաստանի փաստացի ղեկավարը մեթոդաբար, ոսկերչական ճշտությամբ պայքարում է բոլոր այն կառույցների, ինստիտուտների, հասկացությունների ու անհատների դեմ, որոնք որևէ չափով կապված են ազգայինի, հայկականության հետ։ Եվ այդ գործընթացը թեև սկսվել է 2018-ի հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո, բայց ակտիվացել է հատկապես 2021թ․ ընտրություններից հետո։

Փաշինյանը հայկական ինքնության դեմ պայքարը սկսեց Հայոց պատմությամբ՝ այն վերանվանելով «Հայաստանի պատմություն», հետո ընդհանրապես անվանարկեց պատմական ամենայնը՝ իր համար մտասևեռում դարձած «իրական Հայաստանը» հակադրելով պատմական Հայաստանին։ Ինքնության, պետականության, ազգայինի դեմ պայքարն ամբողջացավ «Այստեղ հաց, այստեղ կաց» ցնորամտությամբ, որով ազգայինը՝ որպես պետականության հիմնասյուն, փոխարինվեց նյութականով, այնուհետև ազգային Սփյուռքը հռչակվեց ապապետական և հայտարարվեց «պետականամետ Սփյուռք» ստեղծելու մասին, իսկ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը դարձավ այս շարքի հերթական, սակայն ամենաաղմկոտ արարը։

Կարդացեք նաև

Ազգայինի, հայկական ինքնության դեմ պայքարում փաշինյանական քաղաքականությունը նման է օրգանիզմում առաջացող քաղցկեղի, որը գոյանում է որպես օջախային ուռուցք և մետաստազների տեսքով տարածվում է ողջ օրգան-համակարգով։ Նույն կերպ հակահայկականությունը դարձել է պետականության օրգանիզմում առաջացած ուռուցք, որը բոլոր ուղղություններով տարածվում է մետաստազների տեսքով՝ փորձելով ախտահարել ազգայինի հետ կապված ամեն ինչ։ Հայ Առաքելական եկեղեցուն հսկայական նյութական աջակցություն ցուցաբերած, Հայաստանում ու Արցախում մեծածավալ ներդրումներ կատարած Կարապետյանների ընտանիքի դեմ ծավալվող արշավը փաշինյանական քաղցկեղի հերթական մետաստազն է, որը մյուս ախտահարումների հետ միասին՝ կարող է ունենալ երկու հնարավոր ելք՝ մետանիկոլ կամ մետաՀայաստան։

Անկախ կապիտալի ծագման վայրից, Կարապետյանների կապիտալի ֆունկցիոնալ նշանակությունն ազգային է, ինչը հակոտնյա է Փաշինյանի գլխում կատարվող կենսաքիմիական գործընթացների արդյունքում ծնված անառողջ մտասևեռմանը կամ այլ ուղեղային կենտրոններում մշակված պլանին։ Այսպիսով, մինչ հասարակության՝ նյութամտավոր իմաստով ընչաքաղց հատվածն իր բնազդային խրախճանքն է ապրում «հատիկ առ հատիկ» թատրոնով, Փաշինյանը հատիկ առ հատիկ փորձում է վերացնել հայկական ինքնության, ազգային նկարագրի բոլոր բաղադրիչները։ 

Ընդ որում, այս գործընթացի նողկալի ոճը, հայհոյախառն բառամթերքն ըստ ամենայնի այդ նույն ծրագրի մասն են, որովհետև ապազգային պետությունը չի կարող կամ չպետք է ունենա պատշաճ լեքսիկոնով խոսող ղեկավար, դա հակոտնյա է խուժանապետության կոնցեպտին։

Փաշինյանական այս ծրագիրը՝ ողջ սատանայականությամբ, դեռևս կենսունակ է։ Բազմաթիվ այլ գործոնների կողքին՝ նաև այն պատճառով, որ նրա դեմ պայքարող համակարգերը, ոչ թե քաղաքական հաշվարկով, այլ իրականում ազգայինը պաշտպանող ֆորմալ ու ոչ ֆորմալ կառույցները դա անում են սոսկ պատասխանելով նրա հարձակումներին՝ դառնալով նրա թելադրած օրակարգի արձագանքողները։ Չկա ինքնության պաշտպանության ծրագիր ինքնին՝ անկախ դրա դեմ հարձակումներից, ազգայինի պաշտպանական մեխանիզմը գործում է պարզ ռեֆլեքսիայի սկզբունքով, ինչն առնվազն օպերատիվ ռեժիմում դառնում է իշխանության սատանայական ծրագիրը սնուցող աղբյուր։

Հարություն Ավետիսյան

 

Տեսանյութեր

Լրահոս