Եթե ունենանք ֆինանսական ներհոսքի կտրուկ նվազում, ապա կլինի ավելի մեծ ճգնաժամ, քան 2009 թվականին էր. Տնտեսագետ
Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2%-ով. Վիճակագրական կոմիտեն է հրապարակել սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին եռամսյակում համեմատաբար բարձր աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 22,9%, շինարարությունում` 15,6%, առևտրի շրջանառությունում` 21%: Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 3,6%, գյուղատնտեսությունում՝ 1,4%:
Հունվար-մարտին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան երկու անգամ՝ 102,2%-ով։ Ընդ որում, արտահանումն աճել է 126,5%-ով, իսկ ներմուծումը՝ 89,1%-ով:
«Ըստ էության, շարունակվում է անցյալ տարվա երկնիշ աճի միտումը, որը պայմանավորված է արտաքին գործոններով: Այսինքն՝ ՀՀ հոսող եկամտի, տրանսֆերտների շարունակական աճը նպաստում է, որ տնտեսության մեջ այս ցուցանիշները շարունակ աճեն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով պաշտոնական վիճակագրությանը՝ նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նկատեց՝ ծառայությունների, շինարարության, առևտրի շրջանառության ոլորտների աճը ևս վկայում են արտաքին գործոնների ակնհայտ ազդեցությունը:
«Այս երեք ոլորտներն են, որ ապահովել են տնտեսական աճը:
Իսկ, օրինակ, արդյունաբերության աճը բավական համեստ է, գյուղատնտեսությունը երկար ժամանակ անկումից հետո գրանցել է ընդամենը 1.4 տոկոս աճ. այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներսում ստեղծվող արտադրանքը՝ մշակող արդյունաբերություն, տեքստիլ, գյուղատնտեսություն և այլն, համեստ աճեր են գրանցել (ի դեպ, այդ աճերն էլ հիմնականում ապահովել են ծխախոտն ու ոսկերչությունը):
Տնտեսական կառուցվածքը հուշում է՝ եթե ունենանք ֆինանսական ներհոսքի կտրուկ նվազում (փետրվարին այդ հոսքը հասել էր մինչև 700 միլիոն դոլարի նույնիսկ), ապա մենք ունենալու ենք բավականին խորը ճգնաժամ-անկում. ավելի մեծ ճգնաժամ, քան 2009 թվականի 14 տոկոս անկումն է»,- մանրամասնեց նա:
Սուրեն Պարսյանն արձանագրեց նաև, որ այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական բլոկի, կառավարության վստահեցումները, թե իրենք խթանում են արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտը, թե այնպես են անում, որ այդ աճը երկարաժամկետ լինի, անհիմն են:
«Գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտի արձանագրված 1.4 և 3.6 տոկոս աճերը կարող էին նաև իներցիոն լինել:
Այսինքն՝ կառավարությունը չի օգտվում այս ժամանակահատվածից՝ տնտեսության մեջ որակական, արտադրողական փոփոխություններ կատարել:
Մենք չենք նախապատրաստում մեր տնտեսությունը տրանսֆերտների ապագա կտրուկ կրճատմանը, ճգնաժամին և ունենալու ենք բավականին լուրջ պայթյուն: Եվ եթե այսօր տնտեսական աճից օգտվում են սահմանափակ թվով կազմակերպություններ, այսինքն՝ խոշոր ներկրողները, զբոսաշրջային ընկերությունները, բանկային համակարգը, ապա այդ ճգնաժամից տուժելու են բոլորը»,- պարզաբանեց տնտեսագետը:
Ուշադրություն հրավիրելով արտահանման աճի ցուցանիշին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ դա պայմանավորված է վերարտահանմամբ:
«Չի կարող արդյունաբերության 3.6 տոկոս շատ համեստ աճի պայմաններում արտահանումը 2.2 անգամ աճել, այսինքն՝ ի՞նչ ես արտադրել, որ կարողանում ես արտահանել այդքան շատ,- շեշտեց նա, ապա պատասխանելով հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ այս վերարտահանումների հետևանքով հայտնվենք ԱՄՆ երկրորդային պատժամիջոցների տակ, ասաց,- Մենք արդեն իսկ առաջնային սանկցիաների տակ ենք ընկել. ԱՄՆ առևտրային դեպարտամենտը ՀՀ-ում գործող կազմակերպություններից մեկին արդեն գցել է սանկցիաների տակ՝ պայմանավորված նրանով, որ այդ կազմակերպությունը ՀՀ է ներկրում սարքավորումներ, չիպեր և վերարտահանում է ՌԴ:
Այսինքն՝ մենք արդեն իսկ սանկցիաների տակ ենք. խնդիրն այն է, որ առանձին ձեռնարկությունների տեսքով: Բայց այսպիսի տեմպերով շարունակելու դեպքում հնարավոր է, որ Արևմուտքը կտրուկ քայլերի գնա, ինչին չի գնում՝ քաղաքական իրավիճակով պայմանավորված (Արևմուտքը չի ցանկանում, որ դրա հետևանքով ՀՀ-ն կտրուկ իր գիծը փոխի, պրոռուսական քաղաքականություն իրականացնի, և փորձում է Հայաստանին սիրաշահել)»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ առևտրային դեպարտամենտի պատվիրակության Երևան այցից հետո հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցրել 10 երկրների 28 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց մեջ կա նաև հայաստանյան ընկերություն։
Ու մինչ մասնագիտական տարբեր շրջանակներ ահազանգում էին, թե Վաշինգտոնը ստիպում է Երևանին միանալ հակառուսական պատժամիջոցներին, The New York Times պարբերականն ուղղակի Հայաստանին մեղադրեց՝ պատժամիջոցները շրջանցելու համար ՌԴ-ին աջակցելու մեջ:
Թերթը վկայակոչել էր ԱՄՆ հարկային ծառայությունների և առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ մարտի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված նյութերը, որոնց համաձայն՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, Միացյալ Նահանգներից Հայաստան չիպերի և պրոցեսորների ներկրումն աճել է 515 տոկոսով։ Նույն ապրանքատեսակների ներկրումը ԵՄ պետություններից Հայաստան 2022 թվականին աճել է 212 տոկոսով։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս անդրադառնալով այս իրողություններին, չբացառեց, որ հայաստանյան ընկերությունների՝ երկրորդային սանկցիաների տակ հայտնվելու հավանականություն կա:
Լրագրողների հետ զրույցում նախարարը, այդուհանդերձ, վստահեցրեց, թե Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին սանկցիաների շրջանցման հարցում, ապա հիշեցրեց` Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է։