Վախեցեք սիմվոլիկ ամսաթվերից, դրանք մեզ համար կորուստ են նշանակում. ի՞նչ նվեր կմատուցի Փաշինյանն Էրդողանին՝ մայիսի 14-ից և Ալիևին՝ մայիսի 10-ից առաջ. Ռուբեն Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել… Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն…»:

Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»

Այսօր՝ ապրիլի 25-ին, Երևանի Օղակաձև այգում բացվեց 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են:

Կարդացեք նաև

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է բացման արարողությանը, սակայն նրա ելույթը տեղի է ունեցել «դավաճան» վանկարկումների ու սուլոցների ներքո:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև․

  • Ինքս մասնակցում էի այդ միջոցառմանը, բայց երբ Ավինյանը եկավ, ես մի խումբ մարդկանց հետ լքեցի «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման տարածքը։ Ավինյանը պիտի գիտակցի, որ իրենք խորհրդանշում են մեր ինքնության բոլոր տաբուները կոտրելը։ Իրենք բացել են Օվերտոնի դարպասները, ու մեր ազգի համար շատ կարևոր, սակրալ ընկալումներ հիմա ձևափոխվում են։ Ավինյանն ուզո՞ւմ է տարանջատվել իր թիմից, թե՞ ոչ, չգիտեմ, բայց արդեն շատ ուշ է։ Ամեն անգամ նրանց տեսնելիս ժողովուրդը հիշելու է կորուսյալ Շուշին, Արցախի կորուստը, պատերազմի պարտությունը, Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու միտումները, օդիոզ պատգամավորների արտահայտությունները մեզ համար կարևոր սրբությունների մասին։
  • ՀՀ Կառավարության թվիթերյան էջում Նիկոլ Փաշինյանի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բնորոշվել էր՝ որպես հարգանքի տուրք «Մեծ եղեռնի» (Medz Yeghern) զոհերի հիշատակին։

Կան տերմիններ, որոնք ընկալելի են ներազգային պատկերացումներում։ «Մեծ եղեռն» տերմինը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ներդրվել է «ցեղասպանություն» տերմինից խուսափելու համար։

  • Մենք գտնվում ենք թուրքական նախապայմանների հաղթարշավի ծիրում։
  • Տարիներ շարունակ հետևել եմ յուրաքանչյուր ապրիլի 24-ին նախորդող թուրքական քաղաքական զարգացումներին․ դա մեծ սթրես էր Թուրքիայի համար։ Փորձում էին ինչ-որ բան անել օրվա խորհուրդը մեղմելու համար։ Ապրիլի 24-ը հաղթահարելը թուրքական իշխանության համար ամեն տարի բարդ պրոցես էր։ Հիմա թուրքական քաղաքական մեքենայի համար Հայոց ցեղասպանության հարցը սթրես չի հարուցում։
  • Մենք 2015թ․ համահայկական հռչակագրով դիրքավորվեցինք ոչ միայն՝ որպես Հայոց ցեղասպանության պահանջատեր, այլև՝ ողջ աշխարհում ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ։ Հիմա մենք դրանից էլ ենք հետ կանգնել, և ինչպես Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում էր գրված, ապրիլի 24-ը մենք պետք է ընկալենք՝ որպես մտորելու օր։
  • Իմ մասնագիտական արժանապատվությունից ցածր է մեկնաբանել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը (այն է՝ «Ոչ մի պայման, այդ թվում՝ Մեծ եղեռնի ճանաչումը, Թուրքիայի առջև չենք դնելու: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցը չկա: ՀՀ իշխող ուժի խնդիրն է, որ Թուրքիայի ժողովուրդն իր իշխանությունից պահանջի ընդունել Հայոց ցեղասպանությունը»), բայց այն առհասարակ իրականանալի չէ։ Թուրքական հասարակությունը ինչո՞ւ պիտի պահանջի իր պետությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ մարդը ծանո՞թ է արդյոք վերջին սոցհարցումներին, համաձայն որոնց՝ Թուրքիայի հասարակության 60 %-ը հայերին որպես թշնամի է ընկալում, և երկրի բնակչության մեծամասնությունը Թուրքիան տեսնում է՝ որպես ազգայնական պետություն։
  • Էրզրումի նահանգի դպրոցական ծրագրերում կա մի պարտադիր դաս, երբ աշակերտները պատմության դասին պետք է բեմադրեն՝ ինչպես սպանեցին հայերին, տրորեցին հայկական դրոշը, գլխատեցին Անդրանիկ հայդուկապետին։ Սա քարոզվում է 6-րդ դասարանում, և բնական է, որ թուրքական հասարակությունը պետք է համախմբվի հենց այս գաղափարի շուրջ։
  • Թուրքիան շարունակում է ատել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև այդպիսին են այդ պետության կերպն ու ռազմավարությունը։ Թուրքիայում եղած տրամադրությունները եղել ու շարունակում են մնալ հակահայկական։
  • Պետք չէ գնալ հարևանի հետ հարաբերությունների կարգավորման, երբ այդ հարևանն ընդառաջ է գալիս բայրաքթարներով։
  • ՀՀ իշխանական քարոզչամեքենայում ընդգրկված բոլոր մարդիկ քանդում են մեր դիմադրողականության հիմքերը, և դա արվում է ինչ-որ խաղաղության լոզունգներով։
  • Այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը մեղսակից է, շարունակողն է ցեղասպանության հանցագործության։ Թուրքիան 44-օրյա պատերազմի մասնակիցն էր, որը բնույթով ցեղասպանական էր, ուղեկցվում էր էթնիկ ատելության հիմքով։ Այդպիսին էին նաև նախորդ տարվա սեպտեմբերյան սրացումները։ Այս ամենի համապատկերում Թուրքիային չնշել՝ որպես Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն աջակցող, քաղաքական կուրություն է։
  • Եթե իր ապրիլքսանչորսյան ուղերձի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ապա զգացվում է, որ հազիվ է իրեն զսպել խաղաղության օրակարգի մասին հերթական անգամ չհիշեցնելու համար։ Երևի ուղղակի հինգշաբթի չէր, ու կառավարության նիստ չկար, որ ևս մեկ անգամ կրկնի։

  • Հայոց ցեղասպանության փաստն ուրանալն ազգային իմիջի խնդիր է։ Դա ոչ միայն մեր իմիջի հետընթացն է, այև նվազեցնում է մեր նկատմամբ հարգանքը՝ որպես ազգ ու պետություն։
  • Աթենք-Ստամբուլ չվերթի ժամանակ հույներն օդանավակայանում գրում են Աթենք-Կոնստանդնուպոլիս, և սա այն դեպքում, երբ հույներն այն կորցրել են 1453թ.։ Եվ, այո՛, հույները թուրքերի հետ ոչ միայն առևտուր են անում, այլև ՆԱՏՕ-ական դաշնակից են և ունեն բաց սահմաններ։ Բայց դա ոչ մի կապ չունի ազգային արժանապատվության հետ։
  • ՀՀ բոլոր 3 նախագահներին Թուրքիայում շատ ավելի հարգանքով են վերաբերվում, թեպետ թշնամի են ընկալում, քան թուրքերին ռևերանսներ անող Փաշինյանին։
  • Նախկինում Հայոց ցեղասպանության խնդիրը որոշակի ճնշման ատրիբուտներ ուներ, այդ թվում՝ ԱՄՆ իշխանության նկատմամբ։ Հիմա նրանք այդ պատասխանատվությունից ազատ են։ Բայդենի ուղերձում էմոցիան ու քաղաքական նյարդն այս անգամ բացակայում էր։
  • Համատարած բարոյական անկման շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդիրն ինչպե՞ս կարող է մնալ անձեռնմխելի մի ուժի կողմից, որը չունի կարմիր գծեր։
  • Հասցեական խոսող Միքայել Սրբազանը թիրախ է այս իշխանությունների համար, և իրենք էլ նրան պատասխանում են իրենց դաստիարակության ու մակարդակի շրջանակում։
  • «Դինք» հիմնադրամն ինձ համար ցավոտ կետ է, որովհետև առաջին անգամ ես եմ բախվել դրա հետ, ու հիմիկվա ակտիվիստները դեռ այն ժամանակ էին հարձակվում ինձ վրա։ Երբ ասում էի, որ «Դինք» հիմնադրամը վտանգ է, այն ժամանակ մենակ էի։ Այնտեղ չկան ազգային պետություն և ազգային գաղափարներ։ Կարո Փայլանը դրա դասական օրինակն է։ Այդ հիմնադրամը ջնջում է ազգայինի սահմանները՝ կոսմոպոլիտ արժեքներ կրող հասարակություն ձևավորելու համար։ Ու ցավալի է, որ դա անում են Դինքի անունով։
  • Անցնող 20 տարիների ընթացքում Ռեջեբ Թայիբ Էրդողանը կերտել է էրդողանական Թուրքիա։ Էրդողանի համար շատ կարևոր է հաղթել մայիսի 14-ին, առաջին փուլով, երբ իր քաղաքական նախահայրը հաղթել է իր քաղաքական հակառակորդին, ու Էրդողանը դրա համար ամեն ինչի պատրաստ է։ Նա վա-բանկ գնացող գործիչ է։ Նա չի կարող դառնալ քաղաքական թոշակառու, չի կարող 20 տարվա ընթացքում ստեղծածը տալ իր քաղաքական հակառակորդին, այն էլ՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տարում։
  • Պետք է վախենալ սիմվոլիկ ամսաթվերից, որովհետև թուրքերի ու ադրբեջանցիների համար սիմվոլիկ ամսաթվերը մեզ համար կորուստ են նշանակում։ Հուսանք՝ Հեյդար Ալիևի առաջիկա ծննդյան օրն այս անգամ կնշվի մեզ համար առանց «նվերի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս