120 հազար արցախցիների տեղն ինձ ցույց մի տվեք, ես գիտեմ այն ժամանակ էլ, հիմա էլ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արցախում այսօրվա վիճակը նույնն է, ինչ 90-ականներին, սակայն այն ժամանակ այդ վիճակը ստացավ իր զարգացումը։
«Այնուամենայնիվ մեր ազգաբնակչության անվտանգային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվեցին, և ունեցանք 1994 թվականի հրադադարը։
Մենք առայժմ փորձում ենք եղած հնարավորություններն արդյունավետ կառավարենք։ Երբ կլինի պատերազմ, պատերազմն ունի իր օրենքները, հիմա մենք չպետք է խոսենք պատերազմի մասին, մենք պետք է խոսենք՝ այս հնարավորություններն օգտագործելով՝ խուսափենք պատերազմից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Դիտարկմանը, թե այս պահին արցախահայությունը տոտալ շրջափակման մեջ է, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց.
«Ուրեմն այդ պայմաններում պետք է կարողանանք և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին։
Հանգիստ եղեք՝ բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, և բաց ճանապարհները, երբ չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են, մենք պետք է ապրենք։
120 հազար արցախցիների տեղն ինձ ցույց մի տվեք, ես գիտեմ այն ժամանակ էլ, գիտեմ հիմա էլ։ Այնտեղ էլ ունեմ շատ ընկերներ, որոնց հետ շատ հարցեր քննարկում եմ, որը հրապարակման ենթակա չէ»։
Հարցին՝ այս խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ համբերատար, միասին, բոլորը միասին։
«Այո, չորս ամիս է, բլոկադաներն ավելի երկար էլ են տևում, երբ դիմանում ես՝ հաղթում ես։ Այդ անցակետերի տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում, հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան։ Թե անելիքների հետագա ընթացքն ինչպիսին կլինի…
Ռուսաստանը, որ նոյեմբերի 9-ին ստանձնել է պարտավորություններ, պիտի անի, Հայաստանն էլ իր մասով պետք է անի, Հայաստանի ամբողջ գործողությունների ծավալը ճեպազրույցների ընթացքում չեք կարող ստանալ։
Օրհասական վիճակում կլինենք բոլորս, եթե դասեր չքաղենք, թե ինչպես է պետք շարժվել»
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում