ԳՇ պետի և պաշտպանության փոխնախարարի՝ լրագրողներին տրված պատասխանների տողատակերը

Ծիծեռնակաբերդում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին, և թեպետ առաջին հայացքից թվում է՝ ոչ մի նոր բան չի ասվել, ամեն դեպքում, տողատակերում մտահոգիչ պատկեր է թաքնված: Օրինակ, լրագրողները պաշտպանության փոխնախարարին հարցրել են երեկ Սոթքում արձանագրված կրակոցների մասին, որի հետևանքով հայկական կողմը 1 զոհ է ունեցել, Արման Սարգսյանն արձագանքել է.

«Միայն Սոթքը չեն թիրախավորել, եթե զոհ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միայն այդ ուղղությունն են թիրախավորել: Մեր սահմանագծում, ընդհանուր առմամբ, իրադրությունը հարաբերականորեն կայուն է: Մենք պետք է հաշվի առնենք իրադրությունը և դրանից բխող գործողություններ իրականացնենք: Նորից կրկնում եմ՝ իրադրությունը հարաբերականորեն կայուն է, որևէ փոփոխության դեպքում անմիջապես մեր լրատվական ծառայությունը տեղեկատվություն կտրամադրի»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ապրիլի 23-ին թշնամին փորձել է նաև ՀՀ սահմանային այլ ուղղություններում լարվածություն մտցնել, հնարավոր է:

Կարելի՞ է ենթադրել, որ այսօր ունենք փխրուն հարաբերական կայունություն, այո:

Կարդացեք նաև

Եթե ժամանակին ասում էինք, որ գործ ունենք փխրուն և հարաբերական խաղաղության հետ, որովհետև 1994 թվականին կնքված հրադադարով դադարեցված պատերազմը ավարտված չէինք համարում, ամեն դեպքում, որոշակի կայուն իրավիճակ կար սահմանային անվտանգության առումով, գոնե որոշակի ժամանակահատվածի համար, այսօր նաև դա չունենք: Եվ այս հարաբերական կայուն իրավիճակը մեկ ժամ հետո կարող է վերածվել էսկալացիայի՝ փոքր, միջին և մեծ մակարդակի էսկալացիայի:

Մեկ այլ հարցի էլ, թե՝ ի՞նչ իրավիճակ է Սյունիքի մարզի Տեղ գյուղում, արդյոք ադրբեջանական զորքերը հե՞տ են քաշվել, Պաշտպանության փոխնախարարը պատասխանել է, որ «փոփոխության առումով այդ հատվածում որևէ բան տեղի չի ունեցել»:

Հակադարձմանը՝ նորմա՞լ եք համարում, որ Տեղ գյուղում սահմանապահներն են ճշգրտումներ իրականացնում, նշված հատվածում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները, Արման Սարգսյանը նշել է.

«Ճշգրտում» բառը մի փոքր կարող է այլ կերպ ընկալվել: Մեծ հաշվով՝ սահմանազատման վերջնական աշխատանքներն իրականացվելու են միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը սահմանազատման և սահմանագծման հարցերով է զբաղվելու: Այդ հատվածում և սահմանապահներ կան, և դեռևս Զինված ուժերի ներկայացուցիչներ, և որևէ փոփոխության դեպքում մենք չենք զլանա և տեղեկատվություն կտրամադրենք»:

Ըստ էության, պաշտպանության փոխնախարարը չի հերքել, որ սահմանապահներն ինչ-ինչ ճշգրտումներ անում են, մյուս կողմից, Արման Սարգսյանի խոսքից կարելի՞ է ենթադրել, որ ինչ-որ պահի այս հատվածում ԶՈւ-ն ներկայացուցիչներ չի ունենա, որովհետև, ինչպես բազմիցս ակնարկել է Նիկոլ Փաշինյանը, բանակի ներկայությունը սահմանին, բնավ, չի խոսում խաղաղության մասին:

Ինչ վերաբերում է ԳՇ պետ- լրագրողներ բանավեճ-հարցուպատասխանին և այն դիտարկմանը, որ Տեղ գյուղում ադրբեջանական զինուժն առաջ եկավ, որովհետև համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել, Էդվարդ Ասրյանը հակադարձել է.

«Դուք ռազմական գործից ոչ մի բան չեք հասկանում, ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել նաև մեր տարածքում, մեր ստորաբաժանումը՝ հայտնվել իրենց տարածքում: Այս պարագայում կա համապատասխան գործողությունների սխեմա, մտահղացում, որի համաձայն գործում ենք»:

Հարցին, թե քանի՞ կիլոմետր են ադրբեջանցիներն առաջ եկել Տեղ գյուղի հատվածում, ԳՇ պետը արձագանքել է, որ ինքը զինվորական է, ուստի «հեկտար-մակերեսով» չի զբաղվում:

«Կիլոմետր, հեկտար, այդպիսի հարցեր զինվորականին մի տվեք, զինվորականն ունի հենակետ, շրջան, դիրք: Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, թե ինչքան ենք տարել, ինչքան ենք բերել, պաշտոնական լրահոսին հետևեք: Իսկ ադրբեջանցիները տեղակայված են մեր ստորաբաժանումների, բնագծերի դիրքերի դիմաց»:

Այսինքն, Ասրյանը, թերևս, ուզում է ասել, որ Տեղի հատվածում ադրբեջանական կողմը հենակետ, դիրք չի վերցրել, և, որ ինքը տվյալ դեպքում կարող է պատասխանել ԳՇ պատասխանատվության գոտու համար: Ի դեպ, Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական առաջխաղացման փորձերին բանակը մի քանի օր դիմադրել է:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Ադրբեջանի զինուժը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, որից հետո ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե եղել են քարտեզների տարընթերցումներ, և 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր՝ իմանալով, որ ապրիլի 1-ից միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող երթուղին Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում հենց սահմանագծին:

«Սա նշանակում է, որ հայկական զորքերն այդ հատվածում դիրքավորում իրականացնելու են արդեն ՀՀ տարածքի խորքում, որովհետև սահմանագծին ադրբեջանական կողմն է: Դա նշանակում է, որ ՀՀ տարածքների հաշվին ձևավորվելու է չեզոք գոտի, և առաջինն այդ հատվածում՝ եկած ադրբեջանական զորքերը հնարավորություն են ստացել դիրքավորվել բոլոր բարենպաստ բարձունքներում: Սա նշանակում է, որ առաջնագծի այդ ուղղությամբ բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու ցանկացած պարագայում»,- շեշտել էր պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը շարունակել էր, որ այդ հատվածում՝ մոտ 5 կմ, փաստացի առաջնագիծ չի եղել, այն եղել է, այսպես կոչված, բուֆերային գոտի: Այսինքն՝ Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-անոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-անոց միջանցքի հատված էր, և ՀՀ-ն և Ադրբեջանն այդտեղ զորքեր չեն տեղակայել:

Իսկ ապրիլի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, և այսօրվա դրությամբ այդ խնդրահարույց հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով, այսինքն՝ ևս այդքան սահման ճշգրտվել է:

«Դա նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա: Այդ խնդրահարույց հատվածը, մեր գնահատմամբ, գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքում, որը մոտ 5 կմ-ից ավելի էր, հիմա դա դարձել է 3.6 կմ: Հույս ունենք, որ այդ 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի և թեման կամփոփվի»,- հավելել է Փաշինյանը:

Իսկ ԳՇ պետի այսօր լրագրողների հարցերին տված պատասխանը, որ՝ «մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ», ռազմական տեսանկյունից դա նշանակում է՝ ռազմական օբյեկտներին հարվածելու մերձավոր կետ, որը գյուղից դուրս է ենթադրում:

Թերևս, այս փաստը նկատի ուներ Էդվարդ Ասրյանը՝ ասելով, որ ադրբեջանցիները գյուղ չեն մտել, թեպետ հարցը Սիսիանի գյուղեր մտնելու մասին էր, բայց քանի որ միաժամանակ տարբեր հարցեր էին տրվում, ԳՇ պետը, ըստ էության, պատասխանել է դրանց՝ «օդից բռնելով», իսկ լրագրողները որևէ ճշգրտող հարց վերևում առանձնացված հարցուպատասխանի համատեքստում այդպես էլ չտվեցին, իսկ փակածերն ու տողատակերը բացելու տեղեր կային:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր: Վիրավորների թվում էր նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը:

Թերևս, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը նույն «խստությամբ» պետք է մոտենա ՀՀ ղեկավարության և իշխանության ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող գաղտնիության տարրեր պարունակող կամ հակասական հայտարարություններին, դա չի քննարկվում, հատկապես, երբ հայտարարություն անողները բանակում չեն ծառայել և ռազմական գործից բան չեն հասկանում, ըստ այդմ նաև՝ իրենց հայտարարությունների հետևանքները չեն պատկերացնում:

Իսկ եթե պատկերացնում են, ուրեմն շատ ավելի վատ, քանի որ իրավիճակը շատ բարդ է և ծանր, որոնք ամբողջությամբ չեն արտացոլվում պաշտոնական հաղորդագրություններում:

Բարձրաստիճան սպաները ևս պետք է ճկուն լինեն, որպեսզի հետո երկար ժամանակ չպահանջվի հարց տվողների համար հստակ պատկերացնել ներկայացված իրավիճակը, իսկ պատասխանողի համար էլ՝ ինչպես դուրս գալ այս կամ այն ձևակերպման տակից, ինչի ականատեսը եղել ենք նաև գեներալ Ասրյանի դեպքում: 2022 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Ջերմուկի մատույցներում շրջափակման մեջ մնացած ադրբեջանական խումբ կա: Ավելի ուշ, մոտ մեկ ամիս հետո ԳՇ պետը կրկին լրագրողներին ասել էր՝ «Հակառակորդի ստորաբաժանումները տալով համապատասխան կորուստներ՝ հետ են քաշվել»:

Հուսանք, որ ԳՇ պետի այսօրվա ձևակերպումը, թե «ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել նաև մեր տարածքում, մեր ստորաբաժանումը՝ հայտնվել իրենց տարածքում, այս պարագայում կա համապատասխան գործողությունների սխեմա, մտահղացում, որի համաձայն գործում ենք», չի ենթադրի հայելայինի անվան տակ հայկական զորքի միակողմանի հետքաշում:

Տեսանյութեր

Լրահոս