Ադրբեջանցիների հետ գնալու և առաջ գալու հետ դուք գործ չունեք, ոչ մի գյուղ էլ չեն մտել. ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին դարձյալ հորդորել է հետևել պաշտոնական լրահոսին, հիշեցրել, որ դատավոր չեն, և վրդովվել նրանց հարցերից:

Ավելին, հարցին՝ ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքից, հետ գնացե՞լ է, որքա՞ն է հեռացել, նա պատասխանել է.

«Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք»:

Հակադարձմանը, որ ադրբեջանցի զինծառայողները մտել են հայկական գյուղեր, ԳՇ պետն արձագանքել է. «Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:

Կարդացեք նաև

Լրագրողները հիշեցրել են՝ նրանք հասել են մինչև Սիսիանի գյուղեր, Էդվարդ Ասրյանն ի պատասխան նշել է, թե Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ պատասխանել է այդ հարցերին, իսկ Պաշտպանության նախարարությունն էլ դրանց պատասխանը պաշտոնական լրահոսի միջոցով է տալիս:

Իսկ այն, որ համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել, ԳՇ պետը նախ դժգոհել է, որ լրագրողներն  իրեն թույլ չեն տալիս ՀՀ տարածքում ազատ քայլել, այնուհետ դիմելով նրանց՝ ասել է.

«Դուք ռազմական գործից ոչ մի բան չեք հասկանում, ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է նաև հայտնվել նաև մեր տարածքում, մեր ստորաբաժանումը՝ հայտնվել իրենց տարածքում: Այս պարագայում կա համապատասխան գործողությունների սխեմա, մտահղացում, որի համաձայն գործում ենք»:

Դիտարկմանը, որ Սիսիան մտած ադրբեջանցիներին ոչ թե ԶՈՒ ստորաբաժանումներն են հայտնաբերել ու բռնել, այլ քաղաքացիները, Ասրյանն ասել է, թե ճիշտ ուղղվածության հարց չի տրվում իրեն, այնուհետ շարունակել է.

«Ինչպե՞ս կարող է մտնել, դուք ինչպե՞ս եք հիմա իմ հետևից մտնում իմ ճանապարհը փակում: Ես ադրբեջանցիների հետ չեմ համեմատում, մարդու հետ եմ համեմատում, որ մարդ ամեն տեղով կարողանում է քայլել: Իսկ խոչընդոտներ ամեն տեսակի կան, եթե բացատրեմ, դուք չեք հասկանա»:

Հարցին, թե քանի՞ կիլոմետր են ադրբեջանցիներն առաջ եկել Տեղ գյուղի հատվածում, ԳՇ պետը պատասխանել է.

«Կիլոմետր, հեկտար, այդպիսի հարցեր զինվորականին մի տվեք, զինվորականն ունի հենակետ, շրջան, դիրք: Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, թե ինչքան ենք տարել, ինչքան ենք բերել, պաշտոնական լրահոսին հետևեք: Իսկ ադրբեջանցիները տեղակայված են մեր ստորաբաժանումների, բնագծերի դիրքերի դիմաց»:

Հարցը՝ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքում չե՞ն, Էդվարդ Ասրյանն անպատասխան թողեց և հեռացավ:

Ի դեպ, լրագրողները ԳՇ պետից հետաքրքրվել են նաև, թե ինչու Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին չի հանդիպում, Ասրյանն արձագանքել է. «Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ»:

Դիտարկմանը, որ նրանք ևս զինվորականներ էին, և իրենց ամենաթողություն է պատճառը եղել, ԳՇ պետը նշել է. «Նրանք իմ զինվորականներ են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն, ու դուք չեք իմանում՝ իմ գործունեությունն ինչից է սկսվում և ինչով է ավարտվում, օրվա որ ժամին է սկսվում, որ ժամին է ավարտվում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս