Էպիլեպսիա. լեզուն կուլ չի գնում, չի՛ կարելի այն բռնել կամ բերանում որևէ առարկա դնել. Սարգիս Աբրահամյան
Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբան Սարգիս Աբրահամյանի հետ 168TV-ի երրորդ զրույցի թեման էպիլեպսիան է: Հիշեցնենք, որ բժշկի հետ ունենք բացառիկ պայմանավորվածություն՝ նկարահանելու 4 հաղորդում ամենատարածված հիվանդություններից մի քանիսի մասին. ցրված սկլերոզ, գլխուղեղի իշեմիկ կաթված, էպիլեպսիա, հիշողության խանգարումներ, դեմենցիա: Առաջին հաղորդման ժամանակ խոսել ենք ցրված սկլերոզի մասին, երկրորդ հաղորդման թեման գլխուղեղի իշեմիկ կաթվածն էր:
Բժշկի խոսքով՝ էպիլեպսիան կենտրոնական նյարդային համակարգի բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է, կարող է հանդիպել տարբեր տարիքային խմբերում, ուղեկցվում է գիտակցության կորստով և էպիլեպտիկ նոպաների առաջացմամբ:
«Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչպես է առաջանում այդ ցնցումային նոպան, փոքր-ինչ ներկայացնենք կենտրոնական նյարդային համակարգի կառուցվածքը: Գլխուղեղի կեղևում առկա են միլիարդավոր նյարդային բջիջներ՝ 80-100 մլրդ նեյրոններ, որոնք միմյանց հետ փոխկապակցված են, նրանց միջև տեղի է ունենում ինֆորմացիայի փոխանակում, որն ապահովվում է նեյրոմեդիատորների և նյարդային իմպուլսների միջոցով: Գլխուղեղի կեղևը էլեկտրական օրգան է, որտեղ առկա են միկրոէլեկտրական իմպուլսներ: Էպիլեպսիայի ժամանակ ուղեղի կեղևի որևէ հատվածում նեյրոնների որոշակի խումբ հայտնվում է գերդրդված վիճակում, առաջանում է հիպերսինքրոն աշխատանք, որն առաջ է բերում այդ իմպուլսների հաղորդման խանգարում, որի կլինիկական դրսևորումն էլ այդ ցնցումային նոպայի առաջացումն է: Էպիլեպսիաների առաջացման պատճառագիտությունը բավականին տարբեր է:
Պատճառագիտության հայտնաբերումը կարևոր է, քանի որ հենց դրանից է կախված, թե ինչպես ապահովել գրագետ բուժում և արդյո՞ք հնարավոր է, որ էպիլեպսիան բուժվի, թե՞ ոչ: Հիմնականում տարբերում ենք առաջնային էպիլեպսիաներ, որոնց հիմքում ընկած են ժառանգական գործոնները, այսինքն՝ գենային մուտացիաները. կան 200-ից ավելի գենային մուտացիաներ, սրանք հիմնականում առաջանում են նորածնային հասակում կամ վաղ մանկական հասակում: Տարբերում ենք նաև երկրորդային էպիլեպսիաներ, երբ այդ ցնցումներն այլ հիվանդության հետևանք են: Ցանկացած պրոցես, որը գլխուղեղի հյուսվածքում առաջացնում է կառուցվածքային փոփոխություն, կարող է նպաստել ցնցումների առաջացման, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքը կամ հետինսուլտային վիճակները»,- նշեց բժիշկը՝ շեշտելով, որ հաջորդ պատճառը կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն հիվանդություններն են, որոնք առաջանում են բակտերիաներով և վիրուսներով:
Նրա խոսքով՝ էպիլեպսիաների առաջացման պատճառ են նաև մետաբոլիկ մի շարք փոփոխություններ, ինչպես էլեկտրոլիտների փոփոխություններն են կամ որոշակի դեղորայքի կամ տոքսիկ նյութերի ազդեցությունը կենտրոնական նյարդային համակարգի վրա, կարող են առաջացնել ցնցումային նոպա. «Կա նաև ալկոհոլի հանման համախտանիշ, այսինքն՝ մարդ, որը շարունակաբար օգտագործում է ալկոհոլ, կախվածություն ունի ալկոհոլից, և որոշում է մի օր կտրուկ դադարեցնել, դա կարող է արտահայտվել վեգետատիվ սիմպտոմիկայով, այսինքն՝ ունենա սրտխփոց, քրտնարտադրություն, և կարող է տվյալ անձի մոտ զարգանալ այդ էպիլեպտիկ նոպան, որն անցողիկ է: Բավականին հետաքրքիր խումբ են ներկայացնում իմուն միջնորդավորված էպիլեպսիաները. 2007թ. հայտնաբերվեց հակամարմինների մեծ խումբ, որոնք ուղղված են նեյրոնների նյարդային բջիջների որոշակի ստրուկտուրաների նկատմամբ և կարող են առաջացնել մի քանի ախտանիշներ, որոնցից մեկը ցնցումային համախտանիշն է, վարքագծային փոփոխությունը և կոգնիտիվ խանգարումները: Այսինքն՝ էպիլեպսիայի պատճառագիտությունը բավականին կարևոր է, որպեսզի կազմակերպվի գրագետ բուժում, և պացիենտին տրվի պրոգնոզի իմաստով խորհրդատվություն, թե ինչ սպասել և ինչպես կարող է զարգանալ տվյալ ցնցումային համախտանիշը»:
Բժիշկն ընդգծեց, որ տարբերվում է ցնցումների երկու հիմնական խումբ, սակայն կարող են լինել նաև ոչ սպեցիֆիկ դրսևորումներ՝ օջախային կամ ֆոկալ էպիլեպսիաներ և գեներալիզացված կամ ընդհանուր էպիլեպսիաները. «Գեներալիզացված էպիլեպսիան շատերին հայտնի կլասիկ ընթացքով ընթացող ցնցումային նոպան է, երբ պացիենտը կորցնում է գիտակցությունը, ընկնում է հատակին, նկատվում է ձգվածություն, այնուհետև՝ ամբողջ մարմնում ցնցում, արյունախառն փրփուր՝ բերանում, մաշկը ստանում է կապույտ երանգավորում, որը պայմանավորված է օրգանիզմում կարճ ժամանակով առաջացող թթվածնի քաղցով:
Ֆոկալ կամ օջախային էպիլեպսիաների դեպքում գիտակցությունը կարող է պահպանված լինել, սակայն, կախված նրանից, թե ուղեղի որ տեղամասում է առաջանում այդ էպիլեպտիկ ակտիվությունը, հիվանդները կարող են նշել զգացողության խանգարում՝ մի քանի վայրկյան կամ մի քանի րոպե տևողությամբ, կամ շարժողական ֆենոմեններ, նշում են, որ իրենց կամքից անկախ՝ շարժվում է որևէ վերջույթ և չեն կարողանում դադարեցնել: Կարող են լինել նաև ոչ սպեցիֆիկ դրսևորումներ՝ աբսանսները, որոնք հիմնականում հանդիպում են երեխաների շրջանում, դրանց բնորոշ է գիտակցության կարճ կորուստը, այսինքն՝ խոսելու ընթացքում կամ երեխան խաղալու ընթացքում վայրկյանների ընթացքում դադարեցնում է այդ գործողությունները, հետո կրկին շարունակում:
Դա հիմնականում երեխաների շրջանում է առաջանում, սակայն կարող է դրսևորվել նաև ավելի մեծ տարիքային խմբերում: Քանի որ գլխուղեղի կեղևը պատասխանատու է մեր կենսագործունեության համար, կախված նրանից, թե որ հատվածում է առաջանում այդ էպիլեպտոգեն ակտիվությունը, կարող են դրսևորվել հոտառական, զգացողական, անգամ՝ տեսողական հալյուցինացիաների տեսքով»:
Ինչ վերաբերում է առաջին օգնությանը, բժիշկը նշեց, որ ցնցումային փուլում անհրաժեշտ է կանխել հիվանդի ընկնելու պրոցեսը, տեղավորել հարմար դիրքով՝ դա կլինի գետնին կամ անկողնում, հեռացնել շրջապատող առարկաները, որոնք կարող են պացիենտի համար հավելյալ տրավմաների պատճառ հանդիսանալ. «Անհրաժեշտ չէ՛, որպեսզի բռնեն վերջույթները, որ դադարեցնեն ցնցումները, քանի որ դրանք չեն կարող ենթարկվել արտաքին միջավայրի ներգործության: Անհրաժեշտ չէ՛, որ լեզուն բռնեն կամ բերանում որևէ առարկա դնեն, որովհետև հասարակության մեջ շատ հաճախ կա տարածված այն մոտեցումը, որ ցնցման ժամանակ լեզուն կուլ է գնում և անհրաժեշտ է լեզուն բռնել. Լեզուն ոչ այլ ինչ է, քան մկանային օրգան, իսկ էպիլեպտիկ ցնցումների ժամանակ կծկվում են և ցնցման են ենթարկվում տարբեր մկանային խմբեր, այդ թվում նաև՝ լեզուն:
Մաշկի գունային փոփոխությունը, որ առաջանում է կապտավուն երանգ, դա թթվածնի կոնցենտրացիայի նվազումն է արյան մեջ, որը հենց այդ ցնցման ժամանակ է առաջանում, սակայն, լեզուն բռնելով կամ որևէ առարկա դնելով բերանի մեջ՝ չես կարող կանխել այդ պրոցեսը: Այսինքն՝ չկա անհրաժեշտություն որևէ հավելյալ միջոցառումների՝ տնային պայմաններում: Սովորաբար, ցնցումը տևում է 2-3 րոպե, հետո գալիս է հետցնցումային փուլը, որի ժամանակ հիմնականում պացիենտների գիտակցությունը դանդաղ վերականգնվում է, լինում են ոչ ադեկվատ, կողմնորոշման հետ կարող են խնդիրներ ունենալ, ագրեսիվություն դրսևորել, գանգատվել գլխացավերից, որը տևում է 15 րոպե, սակայն, կարող է ավելի երկար էլ տևել»:
Նա նշեց, որ բժշկի պետք է դիմել ցանկացած դեպքում, երբ կա գիտակցության կորուստ, որն ուղեկցվում է կա՛մ շարժողական ֆենոմենների առկայությամբ, կա՛մ դրանց բացակայությամբ:
Բժիշկն էպիլեպսիայից առաջացող բարդությունները բաժանում է երկու խմբի. «Էպիլեպսիայի հետևանքով առաջացող բարդություններ, այսինքն՝ տվյալ պացիենտները երբ կորցնում են գիտակցությունը, ընկնում են գետնին, կարող են առաջանալ տրավմաներ, կամ այդ ցնցումները կարող են այնպիսի ուժգնության լինել, որ առաջացնեն անգամ ոսկրերի կոտրվածքներ: Տարբերում ենք սոցիալական բարդություններ և հոգեսոցիալական խնդիրներ, որոնք շատ հաճախ ունենում են այս հիվանդները, քանի որ ախտորոշումը հաստատվելուց հետո շատերը կորցնում են աշխատանքը, առաջանում են ֆինանսական խնդիրներ, բացի այդ, ուղեկցվում են մի շարք հոգեբանական պրոբլեմներով, դեպրեսիաներով: Էպիլեպսիան որևէ առնչություն չունի հոգեբուժական խնդիրների հետ, նյարդաբանական հիվանդություն է, սակայն, որպես ուղեկցող վիճակներ, երբ մարդն ունի այս դիագնոզը, կարող է մեկուսանալ հասարակությունից, տրամադրության անկում ունենալ, ինչպես նաև՝ հակացնցումային դեղորայքը կարող է առաջացնել կողմնակի անցանկալի երևույթներ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում